RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Հարցազրույց

Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1037, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԱՐՈ ՆԱԳԱՇՅԱՆ. «ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՙ ԵՐԵՎԱՆԻ ՆՄԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՂԵՑԿԱՆԱ ՈՒ ՇԵՆԱՆԱ»

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, ՌԱԿ ատենադպիր

Աշնանային արեւաշատ ու պայծառ օրերից է` Երեւանի ծննդյան օրը: Այն մեծ խորհուրդ ունի, պատմական տարողունակ հիշողություն: Այն հարատեւելու մշտարթուն գաղափարի առհավատչյան է, իր մեջ համայն հայության անափ կարոտն ու սերն ունի, դարերի խտացրած երազները: Ընկեր Սարոյին հանդիպեցի «Գոլդեն թուլիպ» հյուրանոցի հյուրընկալ սրճարանում: Հայտնեցի ուրախությունս նրան հանդիպելու եւ հայրենիքում հերթական անգամ գտնվելու առիթով: Միմյանց ողջությունն իմանալուց հետո դիմեցի նրան.

- Պատմեք, խնդրեմ, Ձեր արմատների մասին:

Նայեց ժպտադեմ, արագ-արագ թարթեց հային հատուկ իմաստահարուստ աչքերը, ապա գլխավորը երկրորդականից զատելու մտահոգությամբ ասաց.

- Սարո Նագաշյան, ծնվել եմ Գազա քաղաքում, ապրում եմ Երուսաղեմում: Հորս կողմից մեծ հայրս` Ջիվանը, Սեբաստիայի Գեմերեք գյուղաքաղաքից էր, մորս կողմից մեծ հայրս` Արշակը, Վանից էր: 1917-18 թթ. Եղեռնից հետո մեծ մայրս եւ մեծ հայրս որբախնամ ընկերությունների հոգածությամբ բերվել են Երուսաղեմի «Արարատյան» որբանոց: Մեր ընտանիքը 1915թ. եղեռնից հրաշքով փրկվում է եւ հանգրվանում պատմական Կիլիկիայում: 1921 թ. մեծ մայրս իր վեց զավակներով հեռանում է Թուրքիայից եւ, ապավինելով քեռու բարեսրտությանը, հանգրվանում Բեյրութում: Այդ տարիներին Մելգոնյան վարժարան էին ընդունում յուրաքանչյուր ընտանիքից մեկ երեխա, սակայն բացառության կարգով` հայրենիքին մատուցած ծառայությունների համար, իրենց ընտանիքից ընդունում են միանգամից չորսին, այդ թվում հորս: Քիչ-քիչ փորձում էին շտկել իրենց վիճակը եւ նորից, 1948 թ. այս անգամ էլ Պաղեստինից են գաղթում:

Սարոն ծանր հոգոց է հանում, նա լավ է պատկերացնում, թե ինչ ասել է լինել գաղթական: Մի պահ դանդաղում է, ապա շարունակում.

- Հայրս հաստատվում է Գազայում եւ սկսում աշխատել որպես ՄԱԿ-ի լուսանկարիչ: Հետո` Երուսաղեմում հայոց պատմություն եւ հայոց լեզու է դասավանդում Հայոց պատրիարքության Ժառանգավորաց հոգեւոր վարժարանում` կիսելով իր սաների հետ այն խոր ու հիմնավոր գիտելիքների պաշարը, որ կուտակել էր Վ. Թեքեյանին ու Հ. Օշականին աշակերտելիս: Միաժամանակ հայրս Տատուրյան սաների մասնավոր դպրոցում է դասավանդել, ուր Արեւմտյան Հայաստանի գավառներից բերված հայ երեխաներին ուսուցանում էին հայեցի կրթություն: Մայրս նույնպես վաստակաշատ մանկավարժ է: Մատաղ սերնդին մաշտոցյան գոհարներ է սովորեցրել 60 տարի շարունակ: Ի դեպ` տիկինս` Նորան, որպես անգլերեն լիզվի եւ գրականության ուսուցչուհի, քառորդ դար դասավանդել է Հայկական վարժարանում: Ունեմ երկու դուստր` Արփին ուսանում է ԱՄՆ-ում, Նանարը, ով ուսանում է հայկական վարժարանում, Հայ երիտասարդաց միության կարգադրությամբ այս տարի մասնակցեց սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» միջոցառմանը:

Հայի ճակատագիր է: 1968 թ. արաբ-հրեական պատերազմի պատճառով մենք ստիպված թողեցինք Գազան եւ ապաստանեցինք Երուսաղեմում: Նույն հաջողությամբ կարող էինք գաղթել Վիեննա, սակայն մայրս մտավախություն է ունեցել, որ Եվրոպայում իր երեխաները կդադարեն լիակատար հայ լինելուց:

- Հետաքրքրական է, քո ու քրոջդ անունները պատահակա՞ն են ընտրված:

- Իհարկե, ոչ: Մայրս անչափ շատ է սիրել «Անուշ» օպերան, դրա համար էլ ինձ Սարո, քրոջս` Անուշ են կոչել:

- Կրթվել եք որտե՞ղ,- հարցնում եմ մտավախությամբ, որ այդքան հաճախ գաղթելով ինչպես է հնարավոր լավ կրթություն ստանալ:

- Հաճախել եմ Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանը, որն ավարտել եմ 1978 թ.: Վարժարանում ուսանելու տարիներին եղել եմ Հայ երիտասարդաց միության (ՀԵՄ) ակտիվ անդամներից, իսկ 1990 թվականից ՌԱԿ անդամ եմ: Իսկ այժմՙ նաեւ ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ: 1978-84 թթ. վարչագիտություն եւ շուկայագիտություն եմ ուսումնասիրել ԱՄՆ-ի Սենթ Փիթերս եւ Ֆերիլիդիքընսըն համալսարաններում: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ պաղեստինյան Բիրզեյթ համալսարանում, որտեղ մինչ օրս դասավանդում եմ «Կառավարում» եւ «Շուկայագիտություն» առարկաները: 12 տարի եղել եմ ամբիոնի վարիչ: Դասախոսական աշխատանքին զուգընթաց, որպես փորձագետ կամ խորհրդատու, համագործակցել եմ տարբեր միջազգային հեղինակավոր կառույցների հետ: Այժմ ամերիկյան «Ուսուցում աշխատանքի համար» կազմակերպության գործադիր տնօրենն եմ: Սա մի կազմակերպություն է, որն իր մասնաճյուղերն ունի Թունիսում, Մարոկկոյում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ արաբական այլ երկրներում: Մեր հիմնական խնդիրն է նեղ մասնագիտական դասընթացներով օգնել երիտասարդությանը ճիշտ կողմնորոշվելու եւ հարմար աշխատատեղ գտնելու հարցերում:

- Պատմեք Ձեր համայնքի մասին:

- 1967 թ. առաջ Երուսաղեմը Հորդանանի իշխանության կազմում էր, եւ ճանապարհները բաց էին, ինչը հնարավորություն էր տալիս տեղի հայությանն ազատ հարաբերվելու Լիբանանի, Ամմանի եւ այլ հայաշատ երկրների իրենց եղբայրակիցների հետ: Այդ հնարավորության արդյունքում հայ երեխաները շփվում էին, ընկերանում, ընտանիք կազմում: 1967 թ. սահմանները փակվեցին: Այժմ Մերձավոր Արեւելքի երկրներից նույնիսկ ոչ մի ուխտավոր չի կարող ժամանել Երուսաղեմ: Այդ երկրներից նույնիսկ չեն կարողանում ուսանելու գալ մեր վարժարան, ինչի հետեւանքով ուսանողների թիվը կտրուկ նվազել է: Լավ է, որ գոնե հայրենիքից եկածներն են այդ բացը լրացնում: Ներկա պահին Ժառանգավորաց վարժարանը 40-ից ավելի ուսանող ունի, եւ բոլորն էլ Հայաստանից են: 1948 թ. այստեղ կար ավելի քան 18 հազար հայություն: Միայն վանքում 4-5000 հայեր էին բնակվում: Սակայն մեծ մասը գաղթեցին: Այժմ գաղութս մոտավորապես 2000 անդամ ունի:

Վանքին կից գործում է 12-ամյա վարժարան: Գործում են ՌԱԿ-ը, ՀՅԴ-ն, Հայ երիտասարդաց միությունը, Հոմենեթմենը, ՀՕՄ-ը եւ Հայ բարեսիրաց ընդհանուր միությունը: Վանքում գործում է 1929 թ. Գ. Գյուլբենկյանի կողմից հիմնադրված հարուստ գրադարան: Ավանդազրույցի համաձայն, Կիլիկիայի Լեւոն թագավորի կողմից իր եղբոր` Թորոսի հիշատակին հիմնադրված է Ս. Թորոս եկեղեցին Ս. Հակոբա վանքի տարածքում, որի բակում, ի դեպ, պահպանվում է Թորոսի գերեզմանը, գործում է նաեւ մատենադարանը:

- Իսկ ինչ կազմակերպական սկզբունքներով է առաջնորդվում համայնքային կյանքը:

- Համայնքն ամբողջովին քաղաքաբնակ է, արհեստավորներ են, բժիշկներ, իրավաբաններ, առեւտրականներ, գործավորներ: Կան նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Օրինակ` Անգլիայում Պաղեստինի դեսպանն ազգությամբ հայ է: Համայնքի կյանքը հիմնված է ակումբների վրա: Կան կուսակցական, մշակութային, երիտասարդական, կանանց, սկաուտական ակումբներ: Կցանկանայի պարզաբանել, որ նախորդ տարիների նման այժմ կուսակցականությունն այնքան էլ ընդգծված բնույթ չունի, ավելի շատ առկա է փոխըմբռնման, միմյանց սատարելու պատրաստակամ ոգին: Ունենք համագաղութային «Ցեղասպանության ոգեկոչման հանձնախումբ», որը հովանավորվում է պատրիարքության կողմից, եւ որին իրենց մասնակցությունն են բերում բոլորն առանց բացառության: Գաղութի նյութական միջոցները գոյանում են տարաբնույթ միջոցառումներ եւ դրանց ընթացքում իրականացված հանգանակություններ կազմակերպելու միջոցով: Ընդ որում, նմանատիպ գործառույթներ ենք կազմակերպում ոչ միայն Երուսաղեմում, այլեւ ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ մյուս հայաշատ վայրերում: Երբեմն օգնում են օտարերկրյա դեսպանատները:

Զրուցակիցս կանգ առավ: Հասկացա, որ երկմտում է: Հորդորեցի եւ նա շարունակեց,- դրամ գոյանում է նաեւ թաղումներից: Ծաղկեպսակների համար նախատեսվող գումարն հավաքվում է եւ նվիրաբերվում այն ակումբին, որին պատկանել է հանգուցյալը:

«Ինչ խելացի եւ իրատես որոշում է,- մտածեցի ես,- իսկապես, լավ չէ՞ր լինի, որ մենք էլ մեկ-երկու օր դիմացող ու անիմաստ դեն նետվող թանկարժեք ծաղկեպսակների գումարը նվիրաբերինք հանգուցյալի ընտանիքին կամ ինչ որ մեկին, ով դրա կարիքը շատ ունի եւ միշտ կաղոթի հանգուցյալի հոգու համար»: Մի այլ հարց, որը հենց սկզբից պտտվում էր գլխումս ու հանգիստ չէր տալիս, սակայն եւ վախեցնում էր, միանգամից դուրս թռավ.

- Ինչպիսին ես տեսնում գաղութի ապագան:

- Լեզվի հարցում կորուստներն ակնհայտ են, սակայն արվում է ամեն ինչ հայ մնալու, հայ սերունդ մեծացնելու համար: Կորուստների առումով բացասաբար են ազդում հատկապես խառնամուսնությունները: Այս գործընթացը գրեթե կանգ առավ, երբ հարսնացուներ բերեցինք Հայաստանից: Արդեն 10 այդպիսի ընտանիք է կազմվել: Նրանք նոր շունչ, լիցք ու հավատ ներարկեցին գաղութի կյանքին:

Հրատարակվում են երկու հայեցի պարբերականներ` պատրիարքարանի «Սիոն» կրոնական, ՀԵՄ-ի «Եռամսյան» եւ «Անդրադարձ» թերթերը: Վերջինս քրոջս` Անուշի ջանքերով է կյանքի ուղեգիր ստանում: Արձանագրենք, որ մեծ ջանքերի գնով այժմ արտագաղթը դադարել է: Տեղացի հայերն սկսել են լուրջ ներդրումներ կատարել: Վերջերս, օրինակ, ՌԱԿ տեղական շրջանային վարչության ատենապետ Հակոբ Շեոհմելյանը «Արարատ» անունով ութհարկանի հյուրանոց կառուցեց Բեթղեհեմի մեջ, որը 240 լավ կահավորված սենյակներ ունի:

Տեղական իշխանությունները թեեւ մեզ վերաբերվում են իբրեւ պաղեստինցիների, սակայն հայերի նկատմամբ բարեհաճ են: Բացառություն է, թերեւս, անցաթղթերի անլուծելի դարձած խնդիրը: Իսկ արաբները միշտ, եւ այժմ էլ, հայերին շատ լավ են վերաբերվել:

Հայրենիքի նկատմամբ գաղութն ունի կուսակցականացված վերաբերմունք: Հայաստանի իշխանությունները իրավացիորեն միշտ շեշտում են, որ Երուսաղեմը միակ տեղն է, որտեղից Հայաստան գալ պետք չէ, քանի որ տեղում հայերը շատ պիտի լինեն, որ քրիստոնեական մասունքներին եւ դրանց նկատմամբ ունեցած մեր իրավունքներին տեր կանգնողներ ունենանք, ինչն անչափ կարեւոր ու քաղաքական ենթատեքստ ունեցող խնդիր է:

- Ընկեր Սարո, դուք հաճախ եք լինում հայրենիքում, ի՞նչն եք գնահատում ավելի եւ ի՞նչը կուզենայիք չտեսնել հաջորդ այցելության ժամանակ:

- Այն, որ այսօր անկախ ու ազատ Հայաստան ունենք, որն ի վիճակի է սեփական զինուժով պաշտպանել իրեն, մեծագույն արժեք է, հայ ժողովրդի դարավոր երազանքների իրականացման հիմնաքարը, որի վրա ապագայում պիտի բարձրանա բազմահարկ ու հզոր շենք, որն իր հարկի տակ կընդունի համայն հայությանը:

Բացասականի մասին չէր ուզում խոսել, բայց մի պահ դադարից հետո ասաց.

- Նախ մենք ամեն ինչ պիտի անենք, որ չկորցնենք Երեւանի դեմքը: Քայլում եմ կենտրոնով ու ամենուրեք «Gucci», «Armani», «Polo», «Addidas», «Puma» անուններով խանութներ են, որոնք ես կարող եմ տեսնել աշխարհի այլ մասերում էլ, իսկ Երեւանում հայեցի խանութներ ու սրճարանները թող շատ լինեն, հայկական անուններով: Մեր նման փոքր ազգերն իրավունք չունեն «գլոբալիզացիա» վտանգին այդքան տեղ տալու: Օրինակՙ Թաիլանդում կան խանութ-արհեստանոցներ, որտեղ հաշված րոպեների ընթացքում կարում են ուզածդ հագուստը եւ մեծ բավականություն պատճառում հաճախորդին: Մենք ավելի լավ վարպետներ ունենք, ինչու այդ փորձը չկիրառենք նաեւ մեզանում:

Այնուհետեւ մեր զրուցը խոսակցիս նախաձեռնությամբ տեղափոխվեց այլ հարթություն, ես հասկացա, որ Սարոն բարի է, հայասեր ու հայրենասեր, եւ նրա համար դժվար է բացասականի մասին խոսելը, եւ տվեցի ավանդական` ի՞նչ կմաղթեք հայրենիքին հարցը.

- Մեծ ցավ եմ ապրում, որ մինչ օրս Գյումրիում տնակներում ապրողներ ու անտուններ կան: Հիմա էլ սիրիահայերի խնդիրն է ծառացել, աղքատներն զգալի թիվ են կազմում: Մեր մեծ մայրերը պիտի տանը մնան ու իրենց խորհուրդներով օգնեն երիտասարդներին եւ ոչ թե փողոցում մուրան: Շատ կցանկանայիՙ Երեւանի նման ամբողջ Հայաստանը գեղեցկանա ու շենանա, ժպիտն ու անհոգությունը փայլեն բոլորի դեմքերին, թող երջանկությունը պարուրի բոլորին ու տարածվի աշխարհասփյուռ հայության բոլոր մասերում:

Հրաժեշտի պահին Սարոն սուրբ քաղաքում օրհնված 3 արծաթակուռ խաչեր նվիրեց, շեշտելով հատկապես զինվոր որդուս համար այդ խաչի պահպանիչ ուժն ու առաքելությունը: Շնորհակալ եմ, հայրենակիցս, բոլորս պետք է քո նման մտածենք, դողանք ամեն զինվորի, ամեն զավակի համար, որ ավելի հզոր դառնանք, որ ապագան մերը լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ