ԴԱՄԱՍԿՈՍԻ ԻՄԱՄՆԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐԵՑԻՆ ՈՒՏԵԼ «ՊԻՂԾ» ՄԻՍ Դամասկոսի մի քանի հեղինակավոր իմամներ հրապարակել են համատեղ կրոնական կարգադրություն, ըստ որի թույլատրվում է սովամահությունից փրկվելու համար սննդի մեջ օգտագործել կատվի, շան եւ էշի միս: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Համապատասխան որոշումն ընդունվել է Սիրիայի մայրաքաղաքի պարենավորման լուրջ ընդհատումների պայմաններում: Իմամները պարզաբանում են, որ սովորաբար «պիղծ» համարվող կենդանիների միսն ուտելու թույլտվությունը մնացյալ աշխարհի ուղղված օգնության յուրօրինակ խնդրանք է: Առաջին հերթին մահմեդականներին դիմելովՙ իմամները հարց են տալիսՙ մի՞թե նրանք կսպասեն, մինչեւ որ սիրիացիների մեջ սկսվի մարդակերություն: Ավելի վաղ համանման կարգադրություններ արվել էին կատաղի մարտերի ասպարեզ դարձած Հոմս եւ Համա քաղաքներում: Քաղաքացիական պատերազմից առաջ պարենի զգալի մասը Դամասկոս էր բերվում մերձակա գյուղական շրջաններից: Մի շարք արվարձաններում ապստամբերի վերահսկողության հաստատումից հետո քաղաքի պարենավորման ճանապարհները փակվեցին, ինչն առաջ բերեց թանկացում, մթերքների պակաս եւ սպեկուլյացիա: 2013 թ. կեսերից Սիրիայում գործող օրենքները քրեական պատասխանատվություն են նախատեսում սննդամթերքի սպեկուլյացիայի համար: Այդ խիստ միջոցին դիմելովՙ կառավարությունը պարզաբանեց, որ «սկզբունքային տարբերություն չկա վարչակարգի դեմ զենքով հանդես եկողների եւ մարդկանց բնականոն կյանքին խանգարողների միջեւ»: |