RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1092, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

«Կրթությունը պետք է դառնա մեր երկրի հաղթաթուղթը. հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյատեւել է Հայ առաքելական եկեղեցու եւ հայ դպրոցի շնորհիվ: 21-րդ դարում մրցունակ է համարվում ուսյալ մարդը. կիսագրագետ եւ անգրագետ մասնագետներն այլեւս անելիք չունեն»,- երեկ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա մասնակցում էր Մանկավարժականի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետում էլեկտրոնային, տեխնիկապես հագեցած ընթերցասրահի բացման արարողությանը:

Աժ փոխնախագահը նկատեց` նոր ընթերացրահի առկայությունը բուհում վկայում է, որ Մանկավարժականը 21-րդ դարի մրցունակ ուսումնական հաստատություններից է, որակյալ կադրերի դարբնոց, որը զգում է ժամանակի շունչը:

Բուհի շրջանավարտը խոստովանեց` տարիներ առաջ հենց այս տարածքում է հանձնել պետական ավարտական քննությունները, ապա խոստացավ հանգստյան օրերին այցելել հարազատ կրթօջախ եւ օգտվել ընթերցասրահից: Ի դեպ, նորաբաց ընթերցասրահը գործելու է նաեւ հանգստյան օրերին:

Շարմազանովը, կարեւորելով կրթության դերը, ուսանողներին հորդորեց օգտվել ընթերցասրահի բոլոր հնարավորություններից:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն ուրախությամբ նկատեց` վերջին 2 տարում սա համալսարանում բացված երրորդ էլեկտրոնային, ժամանակակից ընթերցասրահն է, իսկ մինչ տարեվերջ նախատեսվում է բացել նաեւ բնագիտական գրականության ընթերցասրահ:

Բուհի ռեկտորն ընթերցասրահի բացումը իրադարձություն համարեց. գերժամանակակից տեխնիկայով հագեցած այս վայրում ուսանողները կծանոթանան համաշխարհային մեծերի մտքերին. այն կդառնա ուսումնական գործընթացի կարեւորագույն մաս ու կնպաստի կրթության նոր որակի հաստատմանը:

Ժամանակակից տեխնիկայով եւ գրականությամբ համալրված ընթերցասրահում ներկայացված է շուրջ 8000 կտոր գիրք (իրավագիտության, հայ ժողովրդի պատմության, մանկավարժության, փիլիսոփայության, համաշխարհային պատմության եւ գրականության վերաբերյալ): Ընթերցասրահից միաժամանակ կարող է օգտվել 37 ընթերցող (12-ը` համակարգչի հնարավորությամբ):

Բուհական համակարգում տեխնիկապես ամենահագեցած ժամանանակից այս ընթերցասրահներում դասական եւ էլեկտրոնային հնարավորությունները մեկտեղված են, ինչն էլ ավելի է բարձրացնում լավ եւ որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները:

ՀՊՄՀ գիտական գրադարանի ընթերցասրահներ օրական այցելում է շուրջ 1000 ուսանող: Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանն ունի ավելի քան 12 000 ուսանող:

Ի դեպ, հոկտեմբերի 16-ին բացվող ընթերցասրահի տեխնիկական համալրումն իրականացվել է «Մահաթմա» ծրագրի շրջանակներում: Իսկ «Մահաթմա» միջազգային կրթական մագիստրոսական ծրագրի իրականացմամբ Մանկավարժական համալսարանն այսօր պատրաստում է կրթության կառավարիչներ: Մանկավարժական համալսարանում «Կրթության կառավարում» մասնագիտությունն ընտրել է 15 մագիստրոս: Դասերն արդեն մեկնարկել են, դրանք անցկացվում են տեխնիկապես հագեցած ժամանակակից գրադարանում: Երկու տարի անց այսօրվա մագիստրոսներն ամբողջապես կտիրապետեն այն հմտություններին, որ անհրաժեշտ են կրթության կառավարիչներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ