RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1294, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

Ո՞ՒՄ «ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐԵԼ» ՕՐՀԱՆ ԶԵՅՆԱԼՈՎԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երբ Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ տեղի ունեցավ, եւ Հրաչյա Հարությունյանը դատարան տարվեց արժանապատվությունը վիրավորող կանացի հագուստով, ադրբեջանական մամուլը հեղեղվեց ցինիկ հրապարակումներով: Բանը հասավ նրան, որ Հրաչյա Հարությունյանին կապեցին «օկուպանտական քաղաքականության համար տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված» Հայաստանի ապագայի շուրջը իրենց «կանխատեսումների իրականացման» հետ:

Անցնող օրերին Մոսկվայում ոստիկանական ուժերը ձերբակալել են Ադրբեջանի մի քանի հազար քաղաքացիների, որոնք Ռուսաստանի մայրաքաղաքում իրենց եւ հայրենիքում թողած հարազատների համար մի կտոր հաց էին վաստակում հայրենակիցներին պատկանող մրգի-բանջարեղենի մեծածախ առեւտրի շուկաներում: Պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը առանձնակի դաժանությամբ սպանել է մոսկվացի Եգոր Շչերբակովին, որի հետեւանքով Մոսկվայում աննախադեպ լարված իրավիճակ է ստեղծվել:

Մենք չենք խորանա պատճառների մեջ, թե ինչու է Ադրբեջանի Շամքորի շրջանի Սեյֆալի գյուղի բնակիչ Օրհան Զահիդ օղլու Զեյնալովը 10 տարի առաջ լքել «ծաղկուն հայրենիքը» եւ ինչով էր զբաղվում Մոսկվայում` այդ ընթացքում հասցնելով մեկ անգամ ենթարկվել ազատազրկման: Կմեջբերենք նրա մոր խոսքերը. «Նա գնացել էր վաստակելու, չէ՞ որ այստեղ (Ադրբեջանում) աշխատանք չկա», ասել է Յասաման Զեյնալովան: Սա` ի գիտություն «տնտեսական հրաշքների հասած» Ադրբեջանի ջատագովների:

Առավել հետաքրքրական է հայր Զեյնալովի խոսքը. ...«Գուցե այստեղ (որդու կողմից Եգոր Շչերբակովի սպանության մեջ) քաղաքական խարդավանք կա՞», կարծիք է հայտնել նա: Զահիդ Զեյնալովի այս կասկածը թերեւս համարվեր զուտ որդու արարքը «բացատրելու» փորձ, եթե մարդասպանության մեջ կասկածվողի ծնողները, գուցե` պատահաբար, գուցե` միտումնավոր, մի շատ էական բացահայտում չանեին:

Նրանք խոստովանել են, որ իրավապահների կողմից որոնման մեջ գտնվելու ընթացքում Օրհան Զեյնալովը հեռախոսազրույց է ունեցել իրենց հետ եւ ասել, որ «ինքը դրա (Եգոր Շչերբակովի սպանության) հետ կապ չունի»: Շատ հավանական է, որ նա ծնողներին նաեւ ասած լինի, թե այդ ամենը «քաղաքական խարդավանք է»:

Որ Օրհան Զեյնալովը «կենցաղային հողի» վրա չէ, որ հանցանք է գործել, այդ մասին վկայում է նրա կազմակերպված փախուստը Մոսկվայից, ինչպես եւ հանգամանքը, որ ձերբակալության պահին նրանից առգրավվել է Կոլոմնա-Բաքու ավտոբուսի տոմս: Զեյնալովը ձերբակալվել է մերձմոսկովյան Կոլոմնայի ավտոկայանին հարող տարածքում, երբ ավտոբուսի մեկնելուն մնում էր ընդամենը մեկ ժամ:

Նման հանդուգն քայլ կատարելով, այն է` փորձելով ռուս-ադրբեջանական սահմանը հատել երթուղային ավտոբուսով, Օրհան Զեյնալովը, հավանաբար, ինչ-որ երաշխխիքներ ունեցել է: Այլապես կփորձեր թաքնվել Մոսկվա մեգապոլիսում: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե Եգոր Շչերբակովին սպանած լիներ «դատարկ վիճաբանության հետեւանքով` պատահաբար», ապա կներկայանար իրավապահներին եւ ամեն ինչ կխոստովաներ:

Օրհան Զեյնալովի ձերբակալության եւ Մոսկվա տեղափոխման տեսագրությունները համացանցում հասանելի են: Կալոմնայից նրան Մոսկվա են հասցրել ուղղաթիռով եւ անմիջապես ներկայացրել... ՌԴ ներքին գործերի նախարարին: Խոստովանենք, որ սա արտառոց է. Մոսկվայում օրվա մեջ երեւի սպանության եւ այլ ծանր հանցագործությունների մեջ բազմաթիվ կասկածվողներ են հայտնաբերվում եւ ձերբակալվում: Բացառված է, որ ՌԴ ներքին գործերի նախարարը նման յուրաքանչյուր դեպքում հանցագործին անձամբ «ընդունելու» ցանկություն եւ հնարավորություն է ունենում:

Օրհան Զեյնալովին, մինչդեռ, տեղափոխել են անմիջապես ՌԴ ՆԳՆ եւ ներկայացրել անձամբ նախարարին, ով նույնիսկ, ինչպես երեւում է տեսագրությունից, մի քանի վայրկյան ակնդետ ուսումնասիրել է ձերբակալվածի դեմքը: Սա չէր կարող պատահականություն լինել:

Ըստ երեւույթին, Օրհան Զեյնալովն ավելի «կարեւոր թռչնակ» է : ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը երեկ եւս մի ուշագրավ տեղեկատվություն է տարածել: Ըստ այդմ, Զեյնալովը, խոստովանելով, որ Եգոր Շչերբակովին ինքն է սպանել, «անսպասելի հայտարարել է, որ ռուսերենը մոռացել է եւ պահանջել, որ հետագա բոլոր հարցաքննություններն անցկացվեն թարգմանչի ներգրավմամբ»: Նույն տեղում նաեւ ասվել է, որ «քննություն է տարվում` պարզելու Օրհան Զեյնալովի մասնակցությունը Մոսկվայում եւ մարզում ավելի վաղ կատարված մի շարք ծանր հանցագործություններին»:

Բացառված չէ, որ Օրհան Զեյնալովն ինչ-որ մեկի պատվերն է կատարել: Ո՞վ է այդ «ինչ-որ մեկը» եւ ի՞նչ նպատակ է հետապնդել` այս հարցերի պատասխանը կարող է տալ միայն գործի լրիվ, համակողմանի եւ անաչառ քննությունը: Բայց դրա համար հարկ կլինի, որ Ռուսաստանի իշխանությունները քաղաքական կամք ցուցաբերեն: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հրահանգ է ստացել` «կազմակերպելու Օրհան Զեյնալովի իրավական օգնությունը»: Արդյոք միայն ա՞յդ հրահանգն է ստացվել, թե՞ ...

ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովն, ի դեպ, facebook-ի անձնական էջում երեկ այսպիսի գրառում է արել. «Օրհան Զեյնալովն ահաբեկիչ չէ, սեպարատիստ չէ, չի մասնակցել պետական հեղաշրջման, նա շարքային կենցաղային հանցանք է գործել: Արժե՞ր նման մարդու շուրջն այդքան աղմուկ բարձրացնել»: Օսմանովը նկատի է ունեցել ՌԴ բոլոր հեռուստաընկերությունների կողմից Զեյնալովի ձերբակալության տեսագրության հեռարձակումը, որը, նրա կարծիքով, «տանում է ռուսաստանյան հասարակության տրոհման»:

Մոսկվայում Ադրբեջանի փոխդեսպանը վրիպե՞լ է, թե՞ հիմարաբար «ինչ-որ բան» խոստովանել: Կարծում ենք, որ գործ ունենք երկրորդ ենթադրության հետ, որովհետեւ Օրհան Զեյնալովի «շարքային կենցաղային հանցանքի» հետաքննությունը նա համարել է... Ադրբեջանի «ազգային շահերը շոշափող»: Մեկնաբանությունն, ինչպես ասում են, ավելորդ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ