ՎՐԱՑԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐ. ՄԵԿԸ ՀԱՅԵՐԻՆ «ՍԻՐՈՒՄ Է», ՄՅՈՒՍԸ` ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԾԱԳՈՒՄԻՑ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Ադրբեջանում նախագահի ընտրություններ կոչվողն ավարտվել է, նախապես հայտնի արդյունքն էլ արձանագրվել: Վրաստանում դեռեւս պատրաստվում են ընտրություններին: Եվ այս տարի արդեն իսկ որոշ փոփոխություններ, անգամ նորամուծություններ կարելի է նկատել: Եվ դա հատկապես ազգային փոքրամասնություններով համապարփակ բնակեցված շրջանների նկատմամբ, որոնք ավանդական ընկալվում էին որպես իշխող կուսակցությանը ձայն տվողներ, կամ, որ ավելի ազնիվ կլինի, իշխող կոսւակցության համար ձայներ կեղծելու տարածքներ: Նախկին ընտրություններն աչքի են ընկել մի առանձնահատկությամբ, երբ հայաբնակ Ջավախքն ու մասամբ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլին գրեթե 100 տոկոս ձայն էին ապահովում իշխող կուսակցության, վերջին տարիներին` ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համար: Ընդ որում, իշխանության համար նկարվող ձայների համար որպես հիմք էլ, պիտի նշել` արդարացիորեն, ներկայացվում էր այն հանգամանքը, որ վրացական ընդդիմությանը այս տարածաշրջանները երբեք էլ առանձնակի չեն հետաքրքրել, ու ոչ մի ընդդիմադիրի իր գյուղում չտեսնող ջավախքցին էլ, օրինակ, գլխապատառ վազում ու ձայնը տալիս էր իշխողներին: Ինչեւէ, ժամանակները կարծես փոխվում են, ու Վրաստանում բնակվող փոքրամասնությունների հետ էլ, գոնե արտաքուստ, հաշվի նստելու ցանկության ցուցադրություններ են արվում, ընդ որում` ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության կողմից: Ուշադրության ցւոցադրությունն էլ արվում է հնարավոր ամենաբարձր մակարդակով, ինչը, հիրավի, կարող է նշանակել, թե այս տարածաշրջանները իրենց փոքրամասնություններով վերջապես արժանանում են պատշաճ վերաբերմունքի: Թե իրենց նախընտրական հանդիպումներով ով ու որքանով է անկեղծ, առավել եւս հետագայում որքանով հետեւողական կլինի նախընտրական շրջանում առատորեն շռայլվող խոստումներում` դժվար է ասել, սակայն ստեղծված իրավիճակը, որում երկրի ներկայիս նախագահ Սաակաշվիլին լրիվ մտել է հակահայ դերի մեջ, իսկ վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին էլ իր հագով փորձում է հայամետի շապիկը, չի կարող հիմք լինել լավատեսության համար: Նախընտրական արշավի շրջանակներում մի շարք մեծ ու փոքր, տարբեր տրամաչափի ու կարեւորության վրացի քաղաքական գործիչների այցելությունից հետո այս օրերին Ախալքալաք էր այցելել նաեւ Իվանիշվիլին, հետն էլ «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլուն ներկայացնելիս հավաստել, թե հայերին շատ է սիրում: «Ես հայերին շատ եմ սիրում ու երբեք դա չեմ թաքցրել», հայտարարել է Իվանիշվիլին, ու այդպիսով տեղիք տվել հակահայկական զանգվածինՙ Վրաստանում պտտելու ջրաղացը, հակաիվանիշվիլիականներին էլՙ եւս մեկ անգամ մատի փաթաթան դարձնելու փոքրամասնությունների խնդիրները: Ասվածի կողքով անտարբեր չեն անցել նաեւ ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները` մեկը խանդի, մյուսն էլ անհեթեթ մեկնաբանությունների դրսեւորմամբ: «Ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ եւ երախտապարտ եմ մեր կողմնակիցներին», հայտարարել է Իվանիշվիլինՙ ավելացնելով, թե ջավախքցիները սպասում են նոր նախագահին, որը անպայման դառնալու է Մարգվելաշվիլին: «Մենք իսկապես եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք ճիշտ այնպես, ինչպես եւ մենք, սա ձեր հայրենիքն է», Ախալքալաքում ասել է միլիարդատեր վարչապետը ու հավելել, թե հայերի ծագման երկրում էլ, Վրաստանի նման, խնդիրներ կան, բայց կա նաեւ հույս, թե ամեն ինչ կհաղթահարվի: Թե Վրաստանում ապրող հայերի որ խնդիրները եւ երբ կլուծվեն` Իվանիշվիլին, իհարկե, չի նշել, չմասնավորեցնելով նաեւ, որ Վրաստանի քաղաքացի հայերն ու վրացիները նույն երկրի ներսում տարբեր խնդիրներ ունեն, որոնք ոչ միայն համադրելի չեն, այլեւ երբեմն հակադրվում են նույն վրացիների ու, հատկանշական է, վրաց եկեղեցու կողմից: Ամեն դեպքում, նախագահի ընտրությունները սարերի հետեւում չեն, եւս մի տասը օր, եւ հոկտեմբերի 27-ին քվեարկությամբ Վրաստանը նախագահ կընտրի, որի համար նախապես պայքարի էին ելել շուրջ 20 թեկնածու, որոնցից մեկը Սաակաշվիլու «մարդն» է` Դավիթ Բաքրաձեն, մեկըՙ Իվանիշվիլու` Գիորգի Մարգվելաշվիլին, նաեւ Սաակաշվիլու նախկին թիմակից, դաշնակից ու կուսակից, ներկայումս ընդդիմադիր ներկայացող, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Նախագահի պաշտոնն ու լիազորություններն էլ նախ Սաակաշվիլու ցանկությամբ, ապա նաեւ Իվանիշվիլու մասնակցությամբ սահմանադրական փոփոխություններով սահմանափակ կլինեն` երկրի կառավարման ղեկին թողնելով վարչապետին: Եվ քանի որ միլիարդատեր վարչապետն էլ խոստացել է թողնել քաղաքականությունը, նախագահի ընտրությունների նշանակությունը հասցվել է նվազագույնի` կարեւորմամբ, թե ով կդառնա վարչապետ: |