RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2016-05-28 15:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 6417, Տպվել է` 604, Ուղարկվել է էլ.փոստով` 591

ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏՎԱՐՆ Է

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ապրիլ ամսվա առաջին չորս օրերի ընթացքում Ադրբեջանի ծավալած ագրեսիայից անմիջապես հետո Հայաստան այցելելը տխուր փորձառություն էր (եւ է նաեւ հիմա)ՙ միաժամանակ հանդուգն եւ ճնշող:

Մարդկային կորուստները ցավալի էին եւ անսպասելի: Հայաստանն ինքն իրեն բավական երկար ժամանակ հանգստացրել էր, որ իր տրամադրության տակ ունի առաջնակարգ զենքեր, մինչ հարեւան Ադրբեջանն իր նավթադոլարներով Ռուսաստանից եւ Իսրայելից գնում էր տեխնոլոգիապես ամենաարդիական հագեցվածությամբ զինատեսակներ: Քառօրյա «բլիցկրիգի» ընթացքում իսրայելական անօդաչու հարվածային դրոնները ամենամահաբեր զենքերը դարձան: Այն փաստը, որ դրանք կարող էին հեռակառավարվել Իսրայելում տեղակայված ռազմաբազաներից, նշանակում է, որ ազերիները կարիք չունեին դրանց օգտագործման եղանակների յուրացման համար հատուկ դասընթացների հետեւելու:

Ցեղասպանագետ պրոֆ. Իսրայել Վ. Չառնին բլոգում իր գրառումներից մեկում նշել էր. «Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ մեր զենքերի ամենամեծ գնորդիՙ Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական դրոնը (անօդաչու ինքնաթիռ) Լեռնային Ղարաբաղում վեց հայերի մահվան պատճառ է դարձել: Ես ամաչում եմ»:

Բայց ո՞վ է հաշվի առնում մի գիտնականի եւ մարդասերի կարծիքը, երբ խոսքը բազմամիլիոն դոլարների արժողությամբ «մահաբեր մեքենաների» վաճառքի մասին է:

Այսպես ուրեմն, քառօրյա պատերազմը ցույց տվեց շատ հստակ կերպով, որ այս հակամարտությունում ներառված է նաեւ Իսրայելը, հակառակ այն միասնական կապին, որ ինքն էլ Հայաստանի նման Ցեղասպանության զոհ է դարձել ժամանակին:

Մյուս ակնհայտ գործոնը Ռուսաստանի երկդիմի կեցվածքն էր: Մոսկվան Ադրբեջանին էր վաճառել ամենաարդիական զենքերը, չնայած համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հակառուսական խլրտումներ տեղի ունեցան Երեւանում եւ նույնիսկ բողոքի ցույցերՙ Ռուսաստանի դեսպանատան առաջ: Մոսկվայի լռությանը զուգընթաց, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու կրակին յուղ ավելացրեց, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան է՛լ ավելի սրեց իրադրությունը: Ենթադրություններ եղան, որ Լավրովը ժամանել էր գործադրելու Կազանի կամ Մադրիդյան սկզբունքները, համաձայն որոնց ղարաբաղյան հինգ շրջաններ պետք է վերադարձվեն Ադրբեջանինՙ անորոշ խոստումների դիմաց:

Լավրովի այցելության ժամանակ Հայաստանի կառավարության լռությունն էլ նպաստեց վերոնշյալ ենթադրությունների տարածմանը, մինչեւ որ ի վերջո հայտարարվեց, որ Լավրովը առաջարկությունների ոչ մի նոր փաթեթ չէր բերել իր հետ: Նա եկել էր սոսկ խթանելու վերսկսումը բանակցությունների գործընթացի, որը մինչ օրս ոչ մի շոշափելի արդյունք չի տվել: Հայկական կողմը հստակեցրեց, որ բանակցությունները չեն կարող շարունակվել այնքան ժամանակ, որ ազերիները չեն դադարեցրել հարձակումները ինչպես ղարաբաղյան շփման գծում, այնպես էլ Հայաստանի տարածքում:

Պարզվեց նաեւ, որ հայկական կողմը պայքարում էր 1980-ական թվերի հնացած զենքերով: Այս բացահայտումը թեժացրեց նաեւ խոսակցությունները բանակի բարձրաստիճան ղեկավարության բանկային հաշիվների, գործարարական գործունեությունների եւ պալատների շինարարությունների վերաբերյալ: Նման խոսակցությունների առաջքն առնելու համար նախագահն իրենց պաշտոններից ազատեց պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան վարչության պետերիՙ բանակի նյութատեխնիկական ապահովման եւ կապի կառավարման բնագավառներում նրանց ցուցաբերած թերացումների համար:

Հակառակ զինատեսակների անհամաչափությանը, սակայն, հայկական կողմի զինվորների մարտական ոգին շատ բարձր էր: Ադրբեջանը ծանր կորուստներ կրեց, ինչը հավանաբար որոշ ժամանակով կմեղմացնի ալիեւյան ռազմատենչ հայտարարությունների տոնը:

«Նրանց զուտ ռազմական նվաճումները չնչին էին, ձեռք բերված ի գին մարդկային եւ զինտեխնիկայի շատ ավելի մեծ կորուստների, քան ավելի վատ զինված, բայց մարտնչելու շատ ավելի լուրջ դրդապատճառներ եւ հմտություններ ունեցող ղարաբաղյան բանակի մարտիկների համապատասխան կորուստները: Եվ դաՙ առանց Հայաստանից զինվորական համալրումների: Բլիցգրիկով հաղթանակի հասնելու բոլոր հույսերը հօդս ցնդեցին», նշել էր BBC-ի մեկնաբան Անատոլի Կարլինը:

Կամավորներ եւ վետերան ազատամարտիկներ պատրաստվեցին ճակատային գիծ մեկնելՙ զորակցելու իրենց երիտասարդ եղբայրներին: Հայրենասիրության մի վառ ալիք էր համակել բոլորինՙ շփման գծում եւ թիկունքում:

Չնայած Ադրբեջանն ի գին հսկայական զոհերի գիտակցել է վերջապես դիվանագետների այն պնդումները, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Բաքվի կառավարությունը, այնուամենայնիվ, կարող է շարունակել իր սադրանքները, հույս ունենալով, որ կկոտրի հայկական կողմի դիմադրողականության ոգին:

Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ձեռնպահ մնալ լայնածավալ պատերազմ սանձազերծելուց, բայց նրանք համոզված են, որ փոքր չափսերի շարունակական հարձակումները ի վերջո իրենց նպատակին կծառայեն: Հայաստանում Տավուշի մարզի հարատեւ ռմբակոծություններն, օրինակ, անհանգստացրել են այդ սահմանային մարզի բնակչությանը: Թուրքերն ու ազերիները մտադիր են Հայաստանը անբնակելի տարածք դարձնելՙ անընդհատ վախի ու թշնամանքի մթնոլորտ ստեղծելով սահմանում: Դա արդյունավետ կլինի այն ժամանակ, եթե կացությունը Հայաստանում կտրուկ չբարելավվի: Ինչքա՞ն ժամանակ կարող է հայրենասիրությունը դիմադրել թշվառությանը, գործազրկությանը, համատարած անարդարությանը եւ ապրելակերպի անհամաչափությանը:

Մենք պարտավոր ենք չմոռանալ, որ արտագաղթի հոսքը ոչ միայն չի նվազել, այլ հասել է գուցե կրիտիկական աստիճանի:

Այս օրերին ամբողջ սփյուռքը զորակոչի է ենթարկված: Վրդովմունք կա, որ հայ զինվորը ստիպված է պայքարել ու կռվել հին սերունդի զինատեսակներով: Զանազան կազմակերպություններ եւ նույնիսկ անհատներ փորձում են առատաձեռնորեն սատարելՙ փոխելու համար իրավիճակը: Բայց անմիջապես որ ժամանակավոր անդորրը հաստատվի, այդ գիտակցությունն ու զորակոչը վստահաբար անհետանալու են, եւ մարդիկ դարձյալ վերադառնալու են իրենց սովորական առօրյային:

Հայաստանը պատերազմի մեջ է, եւ մենք չենք կարող նրա ճակատագիրը թողնել քաղաքականության քմահաճույքների ձեռքին: Կառավարական շրջանակներում անկասկած կոռուպցիա գոյություն ունի, բայց իշխանափոխության կոչեր հնչեցնելը ներկա պատերազմական ժամանակներում կարող է միայն ձեռնտու լինել թշնամուն: Հաստատ ո՛չ Հայաստանի բնակչությանը: Նույնիսկ ներկա իշխանությունների ամենաթունդ քննադատ, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր աջակցությունն առաջարկել, տարաձայնությունների մասին վիճարկումները թողնելով ավելի հանգիստ ժամանակների:

Մենք կորցրեցինք Անիի թագավորությունը 11-րդ դարում ներքին անհամաձայնությունների հետեւանքում: Նմանապես ավելի ուշ Կիլիկիայի թագավորությունը, որովհետեւ այն տկարացել էր միմյանց հետ մարտնչող, կամ թշնամու կողմն անցած իշխանների անպատասխանատու քայլերի հետեւանքով:

Պատմության դասերը չափազանց հստակ են, որպեսզի մենք անտեսենք: Արյուն է թափվում Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում, եւ չի կարող ավելի վեհ ու ազնիվ պատճառ լինել, քան ուս-ուսի միասնաբար կանգնելը հայ զինվորի կողքին, ինչպես Էրդողանն է խոստացել ուս-ուսի կանգնել իր ազերի եղբայրների կողքին:

Հակառակ ցավալի ու անդառնալի կորուստների, Ղարաբաղը գոյատեւեց եւ հայերի վճռականությունը մի անգամ եւս ստիպեց թշնամուն հետ քաշվել: BBC-ի վերոնշյալ մեկնաբանն իր հոդվածը ավարտում է հետեւյալ խոսքերով. «Այժմ երբ պատերազմի մշուշը պարզվել է, հստակ է դարձել, որ ազերիները նույնիսկ չկարողացան իրենց ձեռքում պահել Թալիշ գյուղը: Ինչպիսի՜ խայտառակ պարտություն»:

Եկեք Ղարաբաղի շուրջը համախմբվենք մինչեւ վերջնական հաղթանակը եւ մինչեւ կայուն խաղաղության հաստատումը: Ղարաբաղը հայոց պատմության վերջին պատվարն է:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ