ՈՎ ԶԱՐԿՎԻՙ ԴԱՎԱՃԱՆ Է Հ. ԱՖՅԱՆ Երբ մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանից գնաք դեպի Սասունցի Դավիթ կայարան եւ եթե նայեք վագոնի պատուհանից, ապա ճանապարհի վերգետնյա հատվածում, պատի վրա կկարդաք հետեւյալ գրությունը. «Ապրելուց քաղցր է մեռնելը քեզ համար»: Հայտնի չէ, թե ո՞վ է գրել, ե՞րբ է գրել, ո՞ւմ է գրել, ինչո՞ւ է գրել, եւ սա գրելուց հետո ի՞նչ է արել: Ոչինչ հայտնի չէ, բացի մի բանից. մեզ ասում են, որ տղերքը սահման են գնում հանուն մեզ, հետեւաբար այնտեղ զոհվում ենՙ հանուն մեզ, որ նրանց համար ապրելուց քաղցր է մեռնելըՙ քեզ համար, ընդ որում, այս պարագայում, այդ քեզ-ը մենք ենք, մենք էլՙ հայրենիքն ենք: Ու ոչ ոք չի ասում, բացատրում, ցույց տալիս, թե լավ, բա մենք ինչպե՞ս ապրենք, այսինքն իմանանք, որ հանուն մեզ գնացել-զոհվել են ու հանգիստ ապրե՞նք, ապրե՞նք: Ամեն օր զարթնենք-քնենք այն գիտակցումով, որ տղերքը, թեկուզՙ տղեն, զոհվել է հանուն մեզ, եւ ապրե՞նք, կկարողանա՞նք: Չէ, եթե հնարավոր է, դա խնդիր չէ, խնդիրըՙ եթե հնարավոր չէ-ն է: Երազում (եթե քնելը հնարավոր է) տեսնելն է, խնդիրը տանջանքն է, երբ ասում են, թե նա զոհվեց, որ դու ապրես, տանջում են, տանջել չի կարելի, տանջվելովՙ ապրել չի կարելի, երկար չի կարելի, հնարավոր չէ: Մահն էլ, ասում են, երիտասարդացել է Հայաստանում: Ես չգիտեմ, թե որքանո՞վ կապ ունի այս պաշտոնական վիճակագրությունը համատարած տանջանքի հետ, բայց հաստատ գոնե մի քիչ ունի: Մարդը հո հենց այնպես չի՞ մահանում, տանջանքից է մահանում, հիվանդությունից է մահանում, հիվանդության ժամանակ էլ տանջվում է, ուրեմն ամեն դեպքումՙ տանջանքից է մահանում: Հարց է առաջանում, իսկ ո՞վ է տանջում, սա շատ կարեւոր է, որովհետեւ սրա պատասխանը նաեւ պատասխանն է հարցի, թե ո՞վ է սպանում: Սպանել էլ չի կարելիՙ համ ըստ Աստվածաշնչի, համ ըստ Քրեական օրենսգրքի, ընդ որում վերջինումս տանջելով սպանելը առանձին հոդված է, կոչվում է, եթե չեմ սխալվում, առանձնակի դաժանությամբ սպանություն, այսպես սպանողն ավելի երկար է նստում, պատահում էՙ ցմահ է նստում, քան պարզապես սպանողը, պարզապես սպանողն էլՙ ճակատին կրակողն է: Այսինքն տանջելով սպանելը ճակատից կրակելը չէ, ավելի դաժան բան է: Դաժանությունն էլ ամենատարածված բանն է, որպես այդպիսինՙ հանցանք չէ, այսինքն եթե մարդը դաժան է, բայց ցույց չի տալիս, չի նստում, եթե ցույց էլ է տալիս, ապա նստում է, ոչ թե որովհետեւ դաժան է, այլ ցույց տվածի համար: Դրա համար էլ դաժանությունն ամենատարածված բանն է, քանի որ անպատիժ է: Դրա համար էլ գրում ենՙ ապրելուց քաղցր է մեռնելը քեզ համար: Անպատիժ են գրում, դրա համար էլ ասում ենՙ նրանք զոհվեցին, որ դու ապրես: Եղբայր, չեմ ուզում ոչ մեռնես, ոչ զոհվես, որ ես ապրեմ: Մեռնելը, անգամ եթե զոհվել է, մանավանդ երբ զոհվել չէ, բայց ասում ենՙ զոհվել է, չի կարող ապրողներին ուժ տալ, այդպես չի լինում: Ուժը ապրողն է տալիս, ապրելն է ուժը, ուժեղը ապրողն է: Մեռնելը, թեկուզ եթե այն խոստում է, սիրո արտահայտություն, կամ նվիրվածություն չէ, մեռնեմ քեզ-ը սիրո խոստովանություն չէ, այդպիսին է ցավդ տանեմ-ը: Ցավը տանելը տանջանքից ազատելն է, մեռնեմ քեզ-ըՙ տանջելը: Տանջելն էլ սպանելն է, միանգամից չէ, առանձնակի՛ դաժանությամբ: Հայ ֆիդայիները մի սկզբունք ունեին, ամեն կռվից առաջ գոչում էինՙ ով զարկվիՙ դավաճան է: Տեսնես ինչո՞ւ... |