ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է 100-ՐԴ ՏՈՒՆԸ Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղումՙ Գեւորգյանների կիսակառույց տան շինարարությամբ: Սա, ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է: Ծրագրի շրջանակներում համագործակցող կողմերն ունեն իրենց հստակ տեսլականը. աջակցել ընտանիքներինՙ բնակարանային պայմանները բարելավելով եւ երեխաներին նորմալ պայմաններում մեծացնելու հնարավորություն տալով: Դեռ օրեր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» ամփոփում էին նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքները: Այսօր կրկին օգնում են հերթական բազմանդամ ընտանիքինՙ իրենց երազանքի տունը կառուցելու հարցում: Գեւորգյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը երկար տարիներ բնակվել է երկու սենյականոց հողաշեն տնակում, առանց տարրական հարմարություններիՙ ամեն պահ աչքի առջեւ ունենալով տանիքի փլուզման վտանգը: «Ես մեծացել եմ հողաշեն տանը եւ ամբողջ կյանքում երազել եմ բարեկարգ տան մասին: Տարիներ առաջ, երբ ես երիտասարդ էի, հայրս սկսեց մեր տան շինարարությունը: Նրա մահից հետո ես այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել այն: Հիմա ինքս ընտանիք ունեմ, չորս երեխաների հայր եմ եւ, իհարկե, ուզում եմ, որ երեխաներս առողջ միջավայրում մեծանան: Ընտանիքիս եկամուտը բավարարում է առօրյա ծախսերը հոգալուն միայն: Անչափ շնորհակալ եմ երկու կազմակերպություններինՙ ընտանիքիս երազանքն իրականացնելու համար»,-ասել է ընտանիքի հայրըՙ Հովհաննեսը : «Այսօր առանձնահատուկ օր է. շարունակում ենք հաջողված համագործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը: Սա ե՛ւ հաճելի է, ե՛ւ մտահոգիչ: Եթե հարցին նայենք դրական տեսանկյունիցՙ ուրախալի է, քանի որ կարեւոր խնդիր է լուծվում 100-րդ ընտանիքի համար: Մտահոգիչ է սակայն այն փաստը, որ դեռեւս կան տանիքի խնդիր ունեցող ընտանիքներ: Նրանց աջակցելն անհրաժեշտ է: Եթե տարիներ առաջ կարեւոր գործ ենք նախաձեռնել, ապա հարկավոր է կրկնել այն: Միայն այդպես մեզ կհաջողվի լուծել եղած խնդիրները: Իսկ այստեղ ապրողների համար աջակցությունն առավել եւս առաջնային է. այստեղ կա ոչ միայն գյուղացուն թեւ ու թիկունք լինելու, այլեւ հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Բարի ավանդույթ է դարձել մեր ամենամեծ նվիրատուի եւ լավագույն գործընկերոջ հետ աշխատելը: Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարելու բնակարանաշինության համար (2015թ-ին ՙ 100 մլն. էր): Դա քառասունմեկ հայ ընտանիքի համար նոր օջախի ծուխն է, կյանքի նոր փուլի սկիզբը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 93 ընտանիքի: Այս տարի այդ թիվը կհամալրվի եւս 41-ով եւ մինչեւ տարեվերջ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի: |