ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵՐԱԾ ՈՍԿԻՆ ՈՒ ՏԻՂՄԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Պատերազմը բացահայտում է ոչ միայն մարդկանց մեջ ննջող նախաստեղծ մաքրությունն ու մարդկային էության առինքնող հատկանիշների փունջը, այլեւ բացում է հասարակության մեջ առկա ողջ կեղտն ու աղբը, ծակուծուկերից դրանք հանում ջրի երես: Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր տղաների սխրանքների պատմությունները մենք հիմա էլ կարդում-պատմում ենք սրտդող, հպարտ տխրությամբ, բայց զոհվածների կիսատ մնացած ու վիրավորվածների այլեւս անդարձ փոխված կյանքերի դիմաց մենք ունենք հասարակության իրարամերժ պատկեր. ամենաթանկ բանըՙ կյանքըՙ հողը եւ ընկերոջ կյանքը փրկելուն ծառայեցրած երիտասարրդի կերպարի դիմաց` արմենչիկների ցելոֆանով բաժանված ու «փիառված» օգնության ցուցադրություն, ազնիվ հայացքով, անձնվեր ու նիհար զինվորի դիմաց` կես կիլոյանոց ոսկե շղթան վզին հարցազրույց տվող երկու ցենտներանոց գեներալ, որի խոսքը հայրենասիրության մասին մի պահ ծաղրանկար է հիշեցնում: Այդպիսի գեներալներից հարցազրույց վերցնելիս պատկերի գեղագիտական, ըստ այդմ էլ` հոգեբանական ազդեցության մասին չի կարելի չմտածել: Եւ ընդհանրապես, քիչ կերեք, հարգելի գեներալներ, դուք, կարելի է ասել, հանրային մարդիկ եք, եւ տանելի կերպար ունենալը պարտադիր է: Իրերի ներկա դրությունը չհանդուրժելու հետպատերազմյան ազդակներին զուգահեռ` խաղ թելադրող հատվածների համար կարծես ոչինչ էլ չի փոխվել, նրանք փորձում են ապրել այնպես, ինչպես պատերազմից առաջ էին ապրում. Ազգային ժողովում տասնյակ միլիոն դոլարանոց նոր վարկեր են հաստատում` ավելացնելով ամեն մեկիս պարտքը (թեկուզ` բարի նպատակներով, է, որեւէ վարկ չար նպատակով վերցվե՞լ է), օլիգարխները նույն հանգստությամբ, մի քիչ «մուծվելով» բանակի համար` շարունակում են նույն կերպ, առանց խաղի կանոնների, քամել իրենց միլիոնները` կենտ զոհեր մատուցելով հանրությանը (ինչպես Միհրան Պողոսյանի դեպքում է), մնացածները գլուխները քաշ` իրենց բանին: Պետական կառույցները նույն կերպ չեն սահմանափակում իրենց ախորժակը ո՛չ «փիառվելիս», ոչ շռայլ սպասարկվող ծառայություններից օգտվելիս, ո՛չ էլ նոր «ատկատների» աղբյուրներ որոնելիս: Անգամ նրանց մեջ մարդիկ են լինում, ովքեր պետության անվտանգության խնդիրների վերաբերյալ պատասխանատվություն դրսեւորելու փոխարեն, ռազմական բնույթի փակ նիստի վերաբերյալ ձայնագրություն են հանձնում լրագրողին: Ոչ մի ստույգ նշան դեռեւս չի վկայում այն, որ մեր պաշտոնատարներն ապրում են դռանը պատերազմ ունեցողի ռեժիմով: Սա գրում էինք, երբ հրապարակվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, արված կառավարության նիստում երեկ (այս մասին ավելի մանրամասնՙ էջ ?), առաջին հայացքից` հասարակությանը հուզող հարցերի պատասխանը պարունակելու հավակնությամբ: Մյուս կողմից` միթե այն, ինչ ասվում է հայտարարությամբ, արդեն հայտարարված չեն սահմանադրությամբ, օրենքներով, կառավարման կառույցների իրավասություններով, միթե այս բոլոր փաստաթղթերով գործելու իրավասություններ ունեցող մարդկանց լրացուցիչ հայտարարություն է պետք գործելու համար: Բացի այդ` չենք կարծում, որ աշխատատեղեր կրճատելով եւ սոցիալական լարվածություն ստեղծելով` բյուջեն լցնելու հարց կարելի է լուծել, մնում է միայն ու միայն օլիգարխիական-մենաշնորհված տնտեսությունը մենաշնորհներից ազատելն եւ քվոտավորված շահույթը բյուջե ուղղելը, այսինքն` հենց կառավարողների ախորժակը սահմանափակելը: Դեռ առիթ կլինի այս հայտարարության լույսն ու ստվերը դիտարկելու: Շարունակելով վարչապետի հայտարարությունից առաջ շարահյուսվող մեր միտքը` նկատենք, որ վերջին կարճ պատերազմից միակ ստույգ, շոշափելի հետեւությունը, որ արվել է մեր հասարակության մեջ` դա արվել է բանակում. մեր զինծառայողները, հատկապես նրա ոչ բարձրաստիճան շերտը հասկացել է, որ բանակը շատ մեծ ուժ է ոչ միայն պետությունը պաշտպանելու համար, այլեւ իսկապես ժողովրդական է` կազմված ժողովրդի հասարակ ու բացարձակ մեծամասնություն կազմող չապահովված մասից, ու ժողովրդական լինելով պաշտպանում է նույն` ժողովրդի հայրենիքն ու պետությունը, եւ ոչ թե իշխանավորների: Միգուցե մեր ապահովված շերտը դեռ տաք է ու չի նկատում զինվորական համազգեստի ներսում գտնվողների մտքում տեղի ունեցող տեղաշարժերը, սակայն վերեւներում նստած մի քանի խելացի մարդ, իհարկե, դա զգում է, հասկանում, որ այն ուժը կամ ոգին, որը մղում է զինվորին կյանքը տալ երկրի համար, վաղը կարող է նրան մղել անարդար բարքերի դեմ ու դեղին քարտ ցույց տալ ապօրինություններ անողներին: Նրանք, ովքեր դեռ ցինիզմով մտածում են, որ մեր զինվորները, հնի նման ընտրատեղամասերը լցնելով` ծառայելու են մի խումբ մարդկանց շահերին, կարող են խորապես սխալվել: Զինվորի ուղեղում եւս վերագնահատումներ են տեղի ունենում, պատերազմը բոլորին է լուսավորում: Այս իմաստով հիմա առավել քան անհասկանալի է մեր քաղաքական դաշտը: Եթե ամեն ինչի համար պատասխանատվություն պետք է վերցնեն երկու- երեք հոգի կամ բանակը, ի՞նչ իմաստ ունի հսկայական քաղաքական դաշտ պահել-կերակրել, կամ` ի՞նչ տարբերություն` այս կամ այն քաղաքական ուժի միջեւ, եթե դրանք դերակատար չեն, իրենցից ոչինչ չեն ներկայացնում, ոչնչից տեղյակ չեն, ոչ մի գործընթացի վրա ազդեցություն չունեն: Ինչ տարբերություն` ո՞ր ուժը կլինի խորհրդարանում, ու նույնիսկ` ո՞ր անձերը կլինեն, քանի որ նրանք, միեւնույն է, չեն պատկերացնում անելիքը, զուրկ են նախաձեռնողականությունից, նրանց ամեն ինչ պետք է վերեւից ասեն: Բացի այդ` ոչ միայն հասարակությանը, այլեւ որոշող երկու-երեք հոգու ինչի՞ն են պետք այսպիսի ուժերը, որոնք միայն բոլոր տեսակի գործընթացների հետին թվով դակիչ են: Իսկ հատկապես այն գործիչներն ու կուսակցությունները, որոնք ներկայումս կատարվողն ուզում են ծառայեցնել իրենց շահերին` ապագա խորհրդարանի ուրվագծվող դռնից իրենց ներս գցելու համար, կամ ավելի կոպիտ լինենք` մեր զինվորների արյունի վրա սեփական ապագան են ուզում կերտել, ընդհանրապես պիտի մերժվեն հայ հանրության կողմից: Այս իմաստով անգամ իմաստազուրկ է հետեւել, թե ինչ օրենքներ է ընդունում ԱԺ-ն, եթե նրանք նախօրոք գծված սցենարներ են իրականացնում` այնտեղ ըստ էության ոչինչ չկարողանալով փոխել (ասենք` չնպաստել մենաշնորհված տնտեսությանը ), իսկ հետեւելիս էլ միայն տեսնել, թե քաղաքական ուժերից ոմանք ոնց են բոլոր հնարավորություններն օգտագործում, միայն թե ցանկալի ամբիոնից ոչ մի հետեւանքի չբերող ժողովրդահաճո խոսքեր ասեն` ի հույս նոր խորհրդարանում լինելու: Հա, իհարկե, համաձայն ենք Նաիրա Զոհրաբյանի հետ, որ Հայաստանի դեղորայք ներկրող մաֆիան թքած ունի մարդկանց առողջության վրա, նրանց խնդիրը գերշահույթ ապահովող մենաշնորհային բիզնեսն է, որ գերթանկ դեղերով այդ բիզնեսը կողոպտում է մարդկանց, ու հարցն այստեղ անընդհատ բարեփոխվող-սիրունացվող օրենքը չէ, այլ այն համակարգը, որ մենաշնորհային բիզնես է թույլատրում: Բայց եթե խորհրդարանում այդ մասին անընդհատ ասելը ոչ մի բան չի նշանակում, ուրեմն այլ բան պիտի մտածել: Արմենչիկային մտածողության վերջը Երգիչ Արմենչիկին վաստակավորի կոչում տալը ժամանակին հասարակությունը մարսեց: Սակայն Աստված չէր մարսել հայ աստվածային երգը բռիացնող ու մուղամացնող անմակարդակին պետականորեն գնահատելու փաստը` իր իսկ սեփական մտածողության զոհը դարձնելով նրան. անմակարդակի խելքն այդքան է եղել` տոպրակով օգնություն է բաժանել մեր լուսե զինվորներին, տեսանկարել ու տեղադրել ինտերնետում, իբր` մի տեսեք, իիիի՜նչ «բարեգործ» եմ: Հասարակության հակազդեցությունն այս անգամ այնպիսի բարձրակետի հասավ, որ հազիվ թե մյուս անգամ Արմենչիկն ու նրա նմաններն իրենց այդպիսի բան թույլ տան` ցուցադրական ինչ-որ փշրանքներ նետեն հակառակորդին գետնած հայ զինվորին, եւ դա տեսագրեն, սա դաս բոլորի համար: Մանավանդ` այս հակազդեցությունը զինվորին էլ հասավ, ու մյուս անգամ զինվորների մեջ կգտնվեն այնպիսիք, որ արմենչիկներին մոտենալով` ոչ թե տոպրակ կվերցնեն, այլ մի շրխկուն ապտակ կտան դեմքներին` նրանց նմաններին իրենց իսկական տեղը ցույց տալով: Ղարաբաղյան խառնաշփոթ Վերջերս մի հրապարակմամբ Լեւոն Տեր -Պետրոսյանը հիշել էր Մադրիդյան սկբունքների հիման վրա մշակված պլանի մասին, ուր ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին (անկախ պետություն ստեղծելու իրավունը նկատի ունի), որը սակայն համալիր լուծման համատեքստում տարածքների հանձնում է ենթադրում: Թե ինչու այս հիշեցումն այնպիսի հակահարվածի չի արժանանում, ինչպես Հերմինե Նաղդալյանի դեպքում անտեղի եղավ, մնում է անհասկանալի, մանավանդ ժամանակին Շուշիի գրավումից անտեղյակ մարդն է ինչ- որ պլանի, բանակցություններից դուրս գալ-չգալու, Արցախի ճամաչման թույլատրելի-անթույլատրելիությունից խոսում: Չնկատել, որ չորսօրյա պատերազմը կասկածի տակ է դնում կամ առնվազն` սրբագրման ենթակա է դարձնում այդպիսի պլանները, եթե դրանք անգամ մինչեւ այժմ եղել են, պարզապես չի կարելի:Քանի որ եթե զինադադարը խախտողին մենք կասեցրել ենք, բանակցությունների տրամաբանությունն էլ ըստ այդմ պիտի նորանա, ոչ թե` մենք հավատարիմ պիտի մնանք մի բանի, որին հավատարիմ չէ հակառակորդը: Միակողմանի սեր կամ հավատարմություն չի լինում: Դեռ` «Անհաշվենկատ նախաձեռնություն» անվանի Ղարաբաղը ճանաչելու առաջարկը. «Հայաստանի խշխանությունները, Ղարաբաղի ղեկավարության համեմատությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից». է, Հայաստանի կառավարությունում հենց այնպես ե՞րբ է նախաձեռնություն հայտնվում, ուրեմն այդ պահին այդպես է պետք եղել, բացի այդ` առանց Ղարաբաղի ղեկավարության` ո՞վ կարող է Ղարաբաղի մասին ինչ-որ բան վճռել, որ ամեն մեկն ինչ գիտի` ասում է: Արցախի ճանաչումը որպես մահակ օգտագործողներին էլ պետք է հիշեցնել, որ այդպես կարող է վարվել Ռուսաստանը, քանի որ նա ուրիշ մահակ չունի Ադրբեջանին իր ազդեցության գոտում պահելոււ, բայց ոչ Հայաստանը, որն այդ խնդրից տարբեր խնդիր ունի` ապահովելու Արցախի անվտանգությունն ու բնականոն կյանքը: Հիմա միթե՞ ձեւ ենք անելու, որ ապրիլյան պատերազմը չի եղել, ԼՂ վերջնական կարգավիճակն էլ որոշվելու է «համընդգրկուն կարգավորման կոնտեքստում (պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների հայտարարություն):Հնարավոր չէ: Մեր տղաներն իրենց արյունով ցույց են տվել նոր եզրագիծ` բանակցությունների համար, եթե դրանք վերսկսվեն: Թող մյուսները` Ռուսաստանը, Ադրբեջանը, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներն ելնեն ա՛յս իրողությունից: Ղարաբաղում, հակառակը, կարծում են, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն, քանի որ երկու տասնյակ տարվա չճանաչումը չի բերել արդյունքի` խաղաղության, քիչ է, հակառակը, Ադրբեջանը վերստին պատերազմ է սանձազերծում. այս մասին արտահայտվում են Ստեփանակերտի պաշտոնական ներկայացուցիչները տարբեր հարցազրույցներում: Ի դեպ` հետաքրքրական է Տեր-Պետրոսյանի մշտական ընդդիմախոս Վազգեն Մանուկյանի կարծիքը, ըստ որի ԼՂՀ-ի ճանաչման առունով դեռ կարելի է սպասել, պետք չէ առաջ ընկնել, քանի որ միջազգային հանրությունն ավելի ու ավելի հակվում ճանաչելու Ղարաբաղի անկախությունը: Բայց եթե այս ընթացքը ի վերջո արդյունք չբերի` կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ ճանաչենք ԼՂՀ անկախությունը` հարցի ընդհանուր համալիր մեջ: Բայց.«Պետք է լրիվ նոր քաղաքանություն որդեգրել թե Ղարաբաղի, թե տարաածքների վերաբերյալ, նոր քաղաքականություն` երկրի ներքին ու արտաքին զարգացման ուղղությամբ, պետք է կրկնապատկել, եռապատկել երկրի ռազմական ու տնտեսական հզորությունը, արագ կազմակերպել համաշխարհային հայկական կառույցների ստեղծման գործընթացը»(«Անկախ»): Ի դեպ` բանակցություններից խոսողները կասե՞ն Սերժ Սարգսյանի ասած երեք նախապայմանները, այն է` հետաքննության մեխանիզմների ներդրումը միջազգային կառույցների կողմից, անվտանգության երաշխիքները եւ միջազգային կազմակերպությունների հայտարարությունների հասցեականությունն արդեն իրականությո՞ւն են, որ բանակցություններից խոսենք, կամ` Արցախն արդեն բանակցող կո՞ղմ է: Այս բոլոր իրողությունների համատեքստում տեսնես ինչ հաճույք են ստանում ԵԱՀԿ Մինսկի խնբ համանախագահները` հերթական բառախաղը լույս աշխարհ բերելով.«Բանակցություններում ոչ մի հաջողություն լինել չի կարող շարունակվող բռնությունների պարագայում, եւ ավելին` չի կարող լինել խաղաղություն, եթե չկան բանակցություններ»: Իսկ թե կհանդիպե՞ն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթ Վիեննայում, ինչին ուզում են նպաստել համանախագահները, որ պայմանավորվեն զինադադարի ամրապնդման ու վստահություն ձեռք բերելու ուղիների որոնման ուղղությամբ ապրիլյան պատերազմից հետո, դժվար է ասել, մանավանդ նախորդ օրը նորից զոհ ունեցանք: Չնայած կան փորձագետներ, որոնք, այնուամենայնիվ, հույս ունեն, որ կարգավորման նոր բանաձեւ հնարավոր է գտնել, իսկ հայկական կողմը պետք իր նոր կռվանները լավ օգտագործի: |