ԲԱ ԻԼՀԱՄՆ ՈՒ ՀԵՅԴԱ՞ՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անցնող շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած Ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը հաղթել է (այս մարզաձեւի պարագայում ճիշտ է ասելՙ ծեծել է) Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրատազովին: Իր հաղթանակը Ալբերտը հենց ռինգից նվիրել է սահմանում կռվող հայ զինվորինՙ ծածանելով Արցախի պետական դրոշը: Այս կապակցությամբ ադրբեջանական կայքերից մեկում մարզական մեկնաբան կրկին Ռուսլան Հեյդարզադեն մի ծավալուն հոդված է գրել, որտեղ «բացահայտել է», որ Ռուսլան Մուրատազովը ոչ թե ադրբեջանցի է, այլՙ դաղստանցի եւ մրցաշարում Ադրբեջանը չի ներկայացրելՙ «Պարզապես հայերը փող են տվել երիտասարդ մարզիկին, որպեսզի նա ռինգ ելնի Ադրբեջանի դրոշով, իբր մեր երկիրն է ներկայացնում», գրել է մարզական մեկնաբանըՙ շեշտելով, որ «Ադրբեջանը երբեք անփորձ մարզիկի չէր հանի հայի դեմ, եւ եթե այդտեղ ադրբեջանական պատվիրակություն լիներ իսկապես, ապա հայ անջատողականները չէին համարձակվի այնտեղ բարձրացնել Արցախ կոչվող անջատողական ռեժիմի դրոշը»: Դժվարանում ենք ասել, թե ի՞նչ հոդված կգրեր Հեյդարզադեն, եթե Մուրատազովը հաղթեր Ղազարյանին, բայց ամեն դեպքում նրան հաջորդ հոդվածի համար թեմա տանք: Բանն այն է, որ հայերի դեմ ելել եւ ավելի լուրջ կռիվներում պարտվել են այնպիսի ադրբեջանցիներ, ինչպիսիք են Հեյդար Ալիեւը եւ Իլհամ Ալիեւը, օրինակ: Թե՞ նրանք էլ ադրբեջանցի չեն եւ Ադրբեջանը չեն ներկայացնում... |