ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս հրաժարական տվեց: Նրա իրավահաջորդի անունը հայտնի կդառնա Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) մայիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարում: Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Դավութօղլուն հայտարարեց, թե իր եւ նախագահ Էրդողանի միջեւ պահպանվում են «եղբայրական հարաբերություններ»: Սակայն Անկարայում արդեն վաղուց խոսում էին երկու քաղաքական գործիչների բարդ փոխհարաբերությունների մասին եւ սպասում էին վարչապետի հրաժարականին: Ի՞նչ էր պատահել իրականում: Հավատարմություն նախագահին Ահմեդ Դավութօղլուի մոտալուտ պաշտոնաթողության մասին համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդումներ տարածեցին մայիսի 4-ին, նախագահի եւ վարչապետի հանդիպումից հետո: Լավատեղյակ աղբյուրների խոսքերով, վարչապետը այդ երկժամյա լարված բանակցություններին ներկայացել էր արդեն հրաժարականի դիմումով: Պաշտոնական հայտարարություն արվեց հաջորդ օրը: «Ես որոշեցի, որ հանուն կուսակցության միասնության ավելի լավ է փոխել դրա նախագահին: Ես մտադիր չեմ իմ թեկնածությունն առաջադրել մայիսի 22-ի համագումարում», հայտնեց Դավութօղլունՙ նշելով, որ դա «ոչ այնքան իր որոշումն էր, որքան անհրաժեշտություն»: Ընդսմին նա խոստացավ մնալ խորհրդարանի ԱԶԿ պատգամավոր եւ ընդգծեց իր հավատարմությունը նախագահ Էրդողանին: Բազում տարաձայնություններ Էրդողանի եւ Դավութօղլուի փոխհարաբերությունները առաջին անգամ սրվեցին անցյալ տարվա հունիսին, երբ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն բավարար քվեներ չստացավ մեն-մենակ կառավարություն կազմելու համար: Լուրեր տարածվեցին, թե Դավութօղլուն հանդես է գալիս կոալիցիայի ստեղծման օգտին եւ նույնիսկ «հետախուզական բանակցություններ» է վարում Հանրապետական ժողովրդական կուսակցության, Ազգայնական շարժում կուսակցության եւ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, մինչդեռ Էրդողանը պահանջում էր վաղաժամկետ ընտրություններ: Դավութօղլուն ստիպված էր տեղի տալՙ ստեղծել ժամանակավոր կառավարություն եւ պատրաստվել նոր ընտրությունների, որոնք կայացան նոյեմբերի 1-ին: ԱԶԿ-ն ստացավ խորհրդարանի 550 տեղերից 317-ը, չապահովելով սահմանադրական մեծամասնության 330 տեղը: Վերջին կես տարում Դավութօղլուն անհամաձայնություն էր արտահայտել Էրդողանի մի շարք ծրագրերի, մասնավորապեսՙ Թուրքիան խորհրդարանականից նախագահական հանրապետություն դարձնելու մտադրության առնչությամբ: Վարչապետը նախագահական կառավարման դեմ սկզբունքորեն չէր առարկում, բայց գտնում էր, որ հիմա դրա ժամանակը չէ: «Վարչապետը դեմ էր կառավարության քաղաքականությունը քննադատող լրագրողների եւ գիտնականների ձերբակալմանը եւ հանդես էր գալիս Թուրքիայում արգելված PKK-ի հետ հաշտության բանակցությունների վերսկսման, հակաքրդական ռազմական գործողությունների դադարեցման օգտին», նշում է թուրք փորձագետ Սերքան Դեմիրթաշը, որի խոսքերը մեջբերում է «Լենտա.ռու» կայքը: Դավութօղլուին դուր չէր գալիս, որ Էրդողանը, չունենալով օրինական լիազորություններ, ակտիվորեն միջամտում էր կառավարության աշխատանքին: Չնայած վարչապետի դժգոհությանը, Էրդողանը կարողացավ նախարարական աթոռներին նստեցնել իր փեսա Բերաթ Ալբայրաքին եւ մերձավոր զինակից Բինալի Յըլդրըմին, նրանց դարձնելով համապատասխանաբար էներգետիկայի եւ տրանսպորտի գերատեսչությունների ղեկավարներ: Դավութօղլուն չէր ուզում լինել «գրպանի վարչապետ», քանի որ ըստ սահմանադրության ինքն ավելի շատ իրավունքներ ուներ, քան նախագահը: Նախագահին նյարդայնացնում էր վարչապետի հարաճուն ժողովրդականությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Դավութօղլուի գլխավոր ծառայություններից մեկը համարում են ԵՄ-Թուրքիա անայցագիր ռեժիմը, որը պետք է ուժի մեջ մտնի առաջիկա ամռանը: Այն փաստը, որ Թուրքիայի քաղաքացիները Շենգենյան գոտի իրենց ազատ մուտքը կապելու են Դավութօղլուի եւ ոչ թե իր անվան հետ, հատկապես կատաղեցնում էր Էրդողանին: «Դավութօղլուն համակարգային բարեփոխումների կողմնակից էր եւ դեմ էր միանձնյա կառավարման ռեժիմի ստեղծմանը: Նա (համենայն դեպս, խոսքով) պաշտպանում էր մամուլի ազատությունը, մարդու իրավունքների ընդլայնումը, իշխանությունների տարանջատման սկզբունքը: Էրդողանն իրեն ապահովագրում է գերնախագահական հանրապետության ստեղծման ճանապարհին եւ ամբողջ դաշտը մաքրում է հնարավոր մրցակիցներից: Թեեւ Դավութօղլուն որեւէ ձեւով չէր խանգարի նախագահին, բայց ուներ սեփական կարծիք, որը պարբերաբար չէր համընկնում Էրդողանի կարծիքին: Բացի դրանից, Դավութօղլուն, ի տարբերություն բազմաթիվ պաշտոնյաների, կապված չէ կոռուպցիոն սկանդալների հետ», ընդգծում է քաղաքագիտության թեկնածու, թուրքագետ Իլշատ Սաետովը: Համբերությունը հատավ Վարչապետի գլխավերեւում ամպեր կուտակվեցին, երբ ընդդիմադիր «Sezcu Gazetesi» թերթը առաջին էջում հրապարակեց լուսանկար, որտեղ երեւում է Էրդողանի մերձավորագույն զինակից, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդրըմի որդուն հիշեցնող անձնավորություն Սինգապուրի խաղատներից մեկում: Նախագահի վերահսկողությանը ենթակա ԶԼՄ-ները հայտարարեցին, թե տվյալ լուսանկարները մամուլ են թափանցել Դավութօղլուի «մատուցմամբ», որն «այդպիսով ուզեցել է ստվեր գցել նախագահի վրա եւ թուլացնել նրա դիրքերը»: Միեւնույն ժամանակ թուրքական թերթերը հաղորդեցին, որ մայիսի սկզբին վարչապետը թերեւս այցելի ԱՄՆ: «Հյուրրիեթ դեյլի նյուզ» թերթը վարչապետին մոտ կանգնած աղբյուր վկայակոչելով գրեց, որ Սպիտակ տունն անմիջապես հաստատել է Դավութօղլուի հանդիպումը նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Դրանով իսկ Վաշինգտոնը հասկացրեց, որ անհամեմատ մեծ ուրախությամբ կընդունի Թուրքիայի վարչապետին, քան նախագահին: Ապրիլի վերջին Էրդողանը ԱՄՆ մեկնեց մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին: Նա երկարատեւ ջանքերից հետո կարողացավ հանդիպում ունենալ Օբամայի հետ: Ի դեպ, անարդյունք հանդիպման ընթացքում կողմերը միայն կշտամբանքներ փոխանակեցին: Օբաման մտահոգություն արտահայտեց Թուրքիայում մարդու իրավունքների եւ ԶԼՄ-ների հանդեպ իշխանությունների դիրքորոշման կապակցությամբ: Էրդողանն իր հերթին հայտարարեց ԱՄՆ-ում իսլամատյացության ուժեղացման մասին: Էրդողանի շրջապատը երկյուղներ ուներ, որ Վաշինգտոնի աջակցությունը ստանալովՙ Դավութօղլուն կփորձի ամրապնդել իր քաղաքական դիրքերը: Եվ Էրդողանը դիմեց կանխիչ քայլի. մինչ վարչապետը այցով գտնվում էր Դոհայում, ԱԶԿ ղեկավարությունը հապճեպորեն ընդունեց նվաստացուցիչ որոշում, Դավութօղլուին զրկելով մարզերի եւ օկրուգների ղեկավարներ նշանակելու լիազորություններից: ԱԶԿ տնօրենների խորհրդի 50 անդամներից 47-ը պաշտպանեցին այդ նախաձեռնությունը: Մի քանի օր անց վարչապետը հրաժարական տվեց: Բրյուսելի մտահոգությունը Վարչապետի թափուր պաշտոնի համար քննարկվում է մի քանի թեկնածություն: Դրանք են արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդրըմը, էներգետիկայի նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը: Ամեն դեպքում նոր վարչապետը կլինի Էրդողանին առավելագույնս նվիրված եւ շատ ավելի զիջողամիտ մարդ, քան Դավութօղլուն: Փորձագետները վստահ են, որ նրա պաշտոնաթողությունից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ էլ ավելի անկանխատեսելի: Մասնավորապետ Իլշատ Սաետովը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ հետեւյալ հավաստումներն է անում. «Դավութօղլուն գոնե կարողանում էր ինչ-որ ձեւով ազդել արտաքին քաղաքականության վրա: Նա ԵՄ հետ մերձեցման գլխավոր նախաձեռնողն էր, եւ նրա հեռանալը Բրյուսելում բացասաբար ընկալեցին: Հարցականի տակ է հայտնվել նաեւ գաղթականների հետ կապված համաձայնագիրը: Մի կողմից, Էրդողանը տենչում է, որ Եվրոպայում իրեն ընդունեն իբրեւ հավասարի, մյուս կողմից, նա բնավ չի ուզում կատարել ԵՄ որեւէ պահանջ, քանի որ դա սպառնում է իր իշխանությանը: Էրդողանը կշարունակի գաղթականների խնդիրը շահարկել ԵՄ-ից ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալությամբ, սակայն դա չի կարող հիմք ծառայել ռազմավարական դաշինքի համար»: Մայիսի 11-ին Եվրոխորհրդարանը կասեցրել է անայցագիր ռեժիմի շնորհման հարցի քննարկումը մինչեւ Թուրքիային ԵՄ-ի ներկայացրած բոլոր 72 պահանջների կատարումը, հաղորդում է Euobserver համացանցային թերթը: Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան չի կատարի հակաահաբեկչական պայքարի օրենսդրությունը փոփոխելու (եւ ըստ այդմ ընդդիմությանը եւ քրդերին չհալածելու) ԵՄ պահանջը: |