RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016



ՌԱԶՄԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-05-28 15:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 4681, Տպվել է` 528, Ուղարկվել է էլ.փոստով` 482

ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ

Պ. Ք.

Մինչ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը նշում են 2-րդ աշխարհամարտում իրենց ընդհանուր հաղթանակի 71-ամյակը, երկու նախկին դաշնակիցների փոխհարաբերությունները վատացել եւ հասել են «շատ վտանգավոր մակարդակի», գրում է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի տնօրեն Էդուարդ Լոզանսկին «Վաշինգտոն թայմս» թերթում տպագրված իր հոդվածում:

«Ամերիկացի պաշտոնյաները, ներառյալ նախագահ Բարաք Օբաման եւ պաշտպանության նախարար Էշ Քարտերը, իրար հետեւից Ռուսաստանն անվանում են Ամերիկային սպառնացող մեծագույն վտանգ: ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Քյորտիս Սկապարոտտին հայտարարել է, թե արեւմտյան դաշինքը պարտավոր է դիմակայել Ռուսաստանին եւ ինքնապաշտպանության զենք տալ Ուկրաինային», ասվում է հրապարակման մեջ:

Հոդվածագիրը հիշեցնում է ռուսական ռազմակայանից նվազ քան 50 կմ հեռավորության վրա զորավարժանքների ժամանակ ամերիկյան «Donald Cook» էսկադրային ականակրի հետ պատահած միջադեպը, որը «ռուսներին դրդեց պատասխան քայլերի»: «Վերջերս տեղի են ունեցել նաեւ ուրիշ համանման միջադեպեր, այնպես որ ամեն պահի բացառված չէ ռազմական բախումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, այդ թվումՙ 3-րդ աշխարհամարտի, որի մասին մտածել անգամ չի կարելի», գրում է Լոզանսկին:

Նա հիշեցնում է ՆԱՏՕ-ի զորակազմի կտրուկ ավելացումը Արեւելյան Եվրոպայում: «Անգելա Մերկելը նույնպես բարեխղճորեն կտրամադրի մեկ գումարտակ, որը կդիրքավորվի Սանկտ-Պետերբուրգից 100 մղոնի վրա, ըստ երեւույթինՙ նացիստների կողմից այդ քաղաքի 872-օրյա պաշարումը հիշեցնելու նպատակով», ասվում է հոդվածում:

«Ըստ Վաշինգտոնի եւ Բրյուսելի, այդ ամենն արվում է, իհարկե, Լեհաստանն ու Մերձբալթիկան ռուսական գրեթե անխուսափելի ներխուժումից պաշտպանելու համար», գրում է Լոզանսկին, նմանօրինակ գաղափարներն անվանելով «խելացնորական»: «Պետք է ավելի շատ վախենալ Նեպտուն մոլորակի վրա հրաբխի ժաթյքումից. դուք ինչ էլ որ մտածելիս լինեք Պուտինի մասին, նա խելագար չէ, որ պատերազմ սկսի ՆԱՏՕ-ի դեմ», շարունակում է հոդվածագիրը:

Հեղինակի կարծիքով, 1991 թվականից հետո Արեւմուտքը խելամիտ վարված կլիներ, եթե նպաստեր Ռուսաստանի հետ Արեւելյան Եվրոպայի երկրների առեւտրի եւ տնտեսական համագործակցության պահպանմանը եւ նույնիսկ ընդլայնմանը, ինչը կլիներ նրանց անվտանգության ու բարգավաճման լավագույն երաշխիքը: «Սակայն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջին դեմքերը եւ գլխավորապես Բիլ Քլինթոնը ունեին ուրիշ ռազմավարական պատկերացումներ», ափսոսանք է հայտնում նա:

«Դրա ուղղակի հետեւանքն այն է, որ Ամերիկան եւ իր դաշնակիցները ներկայումս պակաս ապահով վիճակում են, քան նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում», գտնում է Լոզանսկին: Նա առաջարկում է հանգիստ խորհել անցյալի սխալների եւ ապագայում արվելիք քայլերի մասին: «Անհրաժեշտ է գտնել միջազգային հարաբերությունների նկատմամբ նոր մոտեցում, որը թույլ կտա մարդկությանը զերծ պահել անիմաստ առճակատումից եւ միջուկային պատերազմի վտանգից, որի եզրին մենք այժմ հայտնվել ենք», ամփոփում է Լոզանսկին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ