ՄԵԿ ԹՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ Հ. ԱՖՅԱՆ Դուք քանի՞ անգամ եք ծնվել եւ քանի՞ երկրում միաժամանակ: Կատակ չեմ անում. հաշվի առնելով, որ մենք մի բանից ձգտում ենք մի քանիսն ունենալ, իսկ ավելի լավ կլինիՙ շատ, ապա գուցե կա՞ն մարդիկ, որ ծննդյան օր եւ ծննդավայր էլ շատ ունեն: Ասենք մեկը ծնվել է համ մայիսի 5-ին, համ հոկտեմբերի 8-ին, համ Երեւանում, համ Կալիֆոռնիայի Բըրբանք բնակավայրում... Զարմանալի է, որ Հայաստանում բազմակնությունը եւ, որպեսզի ինձ վահաբականության մեջ չմեղադրեն, նաեւ բազմամայրությունը ընդունված չէ, բա մարդ է՞լ մի կին ունենա, կամ մի ամուսին: Իմ կարծիքով շատի միայն փողն է լավը, այն էլՙ եթե շուրջբոլորդ շատերը շատ փող ունեն: Եթե քչերն ունեն, առավել եւսՙ երբ միայն դու ունես, սարսափելի վատ է, այս պարագայում շատ փող ունենալը անգամ տանջանք է, ոչ թե որովհետեւ խիղճդ տանջում է ամեն անգամ, երբ ապարանքիդ ամենավերեւի հարկի պատուհանից նայում ես, թե մարդիկ ո՞նց են ձրի լավաշի հերթի կանգնել, այլՙ քանի որ վախենում ես, որ այդ մարդիկ մի օր որոշելու են գալ քո ապարանքի դիմաց, բայց ոչ թե որպեսզի դու իրենց ձրի լավաշ տաս, այլ որպեսզի խլեն այն ամենն ինչ ձեռք ես բերել ժանտախտի ժամանակ: Այդ միտքը քեզ հանգիստ չի տալիս եւ այդ մտքից տանջվում ես: Տանջվողներ կան, դուք ուշադիր նայեք նրանց դեմքներին, նրանցՙ ովքեր շատ փող ունեն, եւ տանջանքը կտեսնեք, համենայն դեպսՙ ժպիտ չեք տեսնի: Ժպտում է չվախեցողը, նրանք չեն ժպտում: Բայց թողնենք նրանց, մանավանդ որ տանջվում են: Քանի՞ անգամ են ձեզՙ մեզ ցեղասպանել: Իմ կարծիքով մեկ անգամՙ Օսմանյան կայսրությունում (սա այն ժամանակվա Արեւմտյան Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի իրավաբանական անվանումն է): Ես հասկանում եմ, որ մեզ ցեղասպանվածի պիտակը դուր է եկել եւ դրանից հետո ամեն անգամ, երբ երկու, չորս, վեց, տասներու, քսանչորս, քառասունութ, 96, ...հայ են սպանել, մենք բացականչել ենքՙ ցեղասպանություն: Բայց ամոթ չէ՞, դուք իրո՞ք կարծում եք, որ իր պատմության (թեկուզ հազարամյա) ընթացքում որեւէ ժողովրդի պատի՞վ է բերում մի քանի անգամ ցեղասպանվելը: Սկզբունքն այսպես է. երբ մի անգամ քեզ հարվածում են այնպես, որ ընկնում ես ու դժվար է ասելՙ կկանգնե՞ս ոտքի, թե՞ ոչ, մեղավորը միշտ հարվածողն է, բայց երբ կյանքումդ նման հարվածներ մի քանի անգամ ես ստանում, մեղավորը միշտ դու ես: Ես գիտեմ, որ Բաքվում ու Սումգայիթում, ինչպես նաեւ ադրբեջանական եւ միայն իրավաբանորեն ադրբեջանական այլ քաղաքներում հայերի կոտորածը հենց ցեղասպանություն է, բայց ես պնդում եմ, որ այդ կոտորածները ցեղասպանություն չէին, այդպես ավելի լավ է, ավելի ճիշտ է, ավելի ուժեղ է, ուժ տվող է: Բայց խոսքը միայն վատ բաների մասին չէ: Օրինակ սպարապետը լավ բան է, մենք սպարապետ սիրող-հարգող ժողովուրդ ենք: Ու անգամ լավը պետք է մի հատ լինի, միշտ ուրախությունը, միշտ լավը բթացնում է, կուրացնում է, վատի սպառնալիքը չես տեսնում, օրինակ գիտե՞ք, թե ինչու տեղի ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամըՙ հիմնականում արեւմտյան երկրներում, որովհետեւ այնտեղ մարդիկ ամեն օր լավ էին ապրում եւ դրանից բթացել էին, չէին հասկանում, որ ոչինչ հավերժ չէ, անգամ լավը, մանավանդՙ լավը: Իսկ գիտե՞ք, թե ո՞ր երկրներն են Եվրոպայում առաջատարը ինքնասպանությունների թվով, սկանդինավյան, այսինքն այն երկրներըՙ որտեղ մարդիկ ամենալավն են ապրում Եվրոպայում, ամեն օր են լավ ապրում, էլ լավ ապրելու, ավելի լավ ապրելու ձգտում չունեն, ձգտում առհասարակ չունեն, դրա համար էլ բթանում են: Ինքնասպանությունն էլ բթացման սրացումն է: Ես կարծում եմ, որ մեզ մի սպարապետը բավական է: Գուցե այն Վարդան Մամիկոնյանը չէ, բայց եթե նա է, եթե որոշում ենք, որ նա է, ապա վերջ, տղերք, էլ չունենք, միայն նա է, նա է, կամ Անդրանիկն է, Անդրանիկն է, կամ Վազգեն Սարգսյանն է, Վազգեն Սարգսյանն է, կամ Սեյրան Օհանյանն է, մեկն է: Դա չի նշանակում, որ մյուսները պակաս հայրենասեր են, կամ քիչ բան են արել այս հողի ու ջրի համար, կամ այս հողի վրա ապրող եւ այս ջուրը խմողներիս համար, բայց կարծեմ ամենաշատը այս առումով արել եւ անում է Աստված, որն, ի դեպ, մեկն է: Ու մեր խնդիրները հենց այստեղից են. մենք միաժամանակ մի քանի սպարապետ ունենք, մի քանի նախագահ ունենք (թագավորՙ մենք միշտ մի քանիսն ենք ունեցել), մի քանի կաթողիկոս ունենք, մի քանի պետություն ունենք, մի քանի ժողովուրդ ունենքՙ ամերիկահայեր, Ռուսաստանի հայեր, Եվրոպայի հայեր, Եվրոպայի, բայց Ֆրանսիայի հայեր, Սիրիայի հայեր, Թուրքիայի հայեր, Արգենտինայի ու Ուրուգվայի հայեր, ...Ղարաբաղի հայեր, Հայաստանի հայեր, վերջերս էլ իմացա, որ Եթովպիայում էլ դեռ հայեր կան, թվով 60 ընտանիք: Չէ, պետք եղավ նրանք բոլորը իրենց երկրներում բողոքի ցույցեր կանենՙ թուրք-ադրբեջանական դեսպանատների առջեւ, բայց կարեւորն այն է, որ այդ ամենը նրանք իրենց երկրներում են անում: Խնդիրն այն է, որ իրենց երկրները մեր երկիրը չէ, բայց նրանք մենք ենք եւ մենք մի քանի երկիր ունենք, անգամ երկիրը մեզ համար մեկը չէ, մի քանիսն էլ չէ, շատ է: Եթե երկուսն էլ մնա, շատ է: Ու քանի դեռ այսպես է, մենք մի ճանապարհով չենք գնալու, քանի որ մեր ճանապարհն էլ մեկը չէ: Հայաստանի խնդիրը վատ ճանապարհները չեն, Հայաստանի խնդիրը ճանապարհներն են: |