ՓՏԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸՙ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Որքան ճշգրիտ հաշվարկված էին հեղափոխությունից մինչեւ իշխանափոխություն հաջորդական քայլերը, այդքան փնթի եղավ նոր կառավարության կազմությունը: Բացառությամբ ուժայինների եւ ֆինանսական ոլորտի, նախարարական մնացյալ պորտֆելները բաժանվեցին հախուռն, ընդամենը 2-3 օրում, ինչպես ասում ենՙ ոտի վրա, ուղեկցության եւ անձնական վստահելիության սկզբունքով: Դա եւս մեկ անգամ ընդգծեց Հայաստանում կուսակցությունների, առավել եւս դաշինքների չկայացածությունը: Կրկին ստորագծվեց, որ մեր երկրում քաղաքական կազմակերպությունները չունեն իրենց «ստվերային կաբինետը» եւ գործում են ըստ պահի եւ իրավիճակի թելադրանքի, առանց գործող իշխանություններին այլընտրանք լինելու: Նոր կառավարության կազմության մթնոլորտը ինձ հիշեցրեց Վազգեն Մանուկյան վարչապետի կառավարությունը 1991-ին, երբ նախարարական պորտֆելներ ստացան բոլորովին պատահական մարդիկ, ինչպեսՙ ՀՀՇ-ական տղերքին ծանոթ մի բարմեն, կամ տխրահռչակ մի սպեկուլյանտ, կամ էլ հայտնի մի ցեխավիկ: Այն ինչ-որ չափով հիշեցրեց նաեւ Հրանտ Բագրատյանի գլխավորած կաբինետը, որի առաջին նիստում վարչապետը մամուլի ներկայացուցիչներին մեծ գոհունակությամբ հայտնեց, որ իր նախարարները գիտեն «ֆաքսից օգտվել»... Հիմա, 25 տարի հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները հավանաբար ֆաքսից օգտվել չգիտեն, սակայն վստահաբար քաջահմուտ են համացանցի բոլոր հնարավորություններին ու հավելվածներին, զինված են ժամանակակից մասնագիտական գիտելիքներով, գիտեն օտար լեզուներՙ գոնե վարչապետի չափով, եւ ամենակարեւորըՙ երիտասարդ են, կարեւորագույն մի առավելությունՙ որը այլ պայմաններում կարող էր նրանց աշխատանքի անարդյունավետության դեպքում չքմեղանքի եւ արդարացման հիմք հանդիսանալՙ հետագայում կատարելագործվելու խոստումով: Սակայն ներկա պահը, 2-3 տասնամյակների կոշտուկ կապած իր խնդիրներովՙ սոցիալական, տնտեսական ու քաղաքական, միակուսակցականության եւ միահեծանության ճնշման տակ, կաշառակերության եւ զոռբայականության պարտադրանքներով, պահանջում է արմատական լուծումներ, համակարգային խորքային փոփոխություններ, որոնք վարչապետ Փաշինյանի ու նրա կառավարության նեղ ուսերին տեղավորելի չեն: Ճիշտ է, նոր կառավարությունը, ըստ հայտարարվածի, կոչված է մինչեւ արտահերթ ընտրություններՙ անցումային կառավարման դերն ստանձնելու, այսինքն, ինչպես ես եմ հասկանում, մի տեսակ «հոգատար կառավարություն» (caretaking governement), սակայն այդ անցումն այնքան ծանր, փորձանավոր եւ ականապատ է լինելու, որ իմ տպավորությամբՙ մեր հասարակությունն ի՛նքն է ստիպված իր հոգատարության տակ վերցնելու նրան, առաջին հերթինՙ ԶԼՄ-ների աջակցությամբ: Հեղափոխության շունչը այժմ վարակել է բոլորին, բոլոր մակարդակներում, բոլոր անիրավվածներին, զրկվածներին, կամայականությունների զոհերին: Նաեւՙ անիշխանականությունից օգտվել ցանկացողներին, հավիտենական դժգոհներին եւ հին ու նոր դավադիրներին, որոնց ականջները երեւում են տարբեր հավաքներում, ցուցարարների շարքերում: Սակայն ամենավտանգավորը նախկին իշխանականների որոշակի շերտերն են, որոնք ոչ միայն Ազգային ժողովում, ինչի մասին գրել եմ նախապես, այլեւ փողոցներում, հրապարակներում ու հիմնարկներում փորձում եւ փորձելու են դժոխքի վերածել փոքրամասնական կառավարության կյանքը, բողոքի բջիջներ ստեղծել ժողովրդի շարքերում եւ անկարելի դարձնել համակարգային փոփոխություններըՙ անդամալուծելով պետական կառույցները: Ռեւանշիզմի այդ ձգտումներից զերծ չմնաց նույնիսկ մեր երկրի 3-րդ նախագահը, երբ փակեց, թեեւ անցումային 1 տարվա հետաձգումով, իր կատարած լավ նախաձեռնություններից մեկըՙ «Լույս» հիմնադրամը, այդ ձեւով վրեժխնդիր լինելով ուսանող երիտասարդությունից, որը հանդիսացել էր հեղափոխության նիզակի սլաքը: Հասկանալիորեն, մեր խնդիրը նոր կառավարությանը փրկելը չէ, այլՙ նրա աշխատանքի շարունակականությունը ապահովելը, որպեսզի չփլուզվեն պետական կառույցները, չփլուզվի պետությունը: Կառավարության ձախողությունը մեր բոլորի՛ ձախողությունն է: |