RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6392, Տպվել է` 791, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՎԵՆԴԵՆՏԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Հ. ԱՖՅԱՆ

Որպեսզի աշխարհում այլեւս ոչ ոք չգողանա, պետք է գողերին պատժել, կապ չունի ովքեր են եւ ինչ են գողացել: Օրինակ, եթե Ներքին զորքերի հրամանատարը կամ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը բան են գողանում, մարդ են ծեծում, ուրեմն նրանք ոչ միայն պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից, այլեւ պետք է պատժվեն, եթե իհարկե նրանց կատարած հանցագորությունների ապացույցները կան: Հիմա, երբ վարչապետ Փաշինյանն ասում է, որ վենդետա չի լինելու, այսինքն այսքան տարի ժողովրդին կեղեքողները, հարստահարողները, ծեծողները, ահաբեկողները չեն պատժվելու, միայն պաշտոններից են հեռացվելու, ուրեմն կա՛մ վարչապետ Փաշինյանն ամենեւին էլ ապացույցներ չունի, որ այդ մարդիկ նման հանցագործություններ արել են, կա՛մ այդ մարդիկ իրականում նման հանցագործություններ չեն արել, կա՛մ էլ վարչապետը նրանց հետ եկել է պայմանավորվածության, որ չի նեղացնելու, ինչն ի դեպ կոչվում է հանցավոր պայմանավորվածություն, քանի որ ենթադրյալ հանցագործությունը կոծկելու նպատակ ունի:

Ուրիշ տարբերակ էլ կա, որի մասին արժե մանրամասն խոսել: Ենթադրենք Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին ոչ միայն ազատում են պաշտոնից ու ծառայությունից, այլեւ դատում են (կապ չունի ինչի կամ որի համար): Հասկանալի է չէ, որ Երանոսյանը եթե ինչ-որ բան արել էլ է, ապա միայնակ չի արել, կամ ինչ-որ մեկի հրամանով է արել, կամ ինչ-որ մեկի իմացությամբ, կամ էլ ինչ-որ մեկի հետ: Ու պարզ է, չէ՞, որ Երանոսյանը դատարանում (եթե հայտվի այնտեղ) այդ անունները տալու է: Սա կնշանակի, որ մեղադրանքներ կհարուցվեն այլ անձանց նկատմամբ, ու չի բացառվում, որ ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներ դրանք լինեն: Իսկ Հայաստանում ամենաբարձր պաշտոնյաները միշտ կապ են ունեցել իրենց նախորդների հետ էլ, իրենց հաջոդների հետ էլ, հետեւաբար երբ ասում են, որ վենդետա չի լինելու, շատ հնարավոր է, որ դա ասում են, որպեսզի պատժվողները հանկարծ չտան վայելողների անունները ու չպարզվի, որ իրականում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, քանի որ հեղափոխություններին պարտադիր հաջորդում է վենդետան, ոչ թե սիցիլիական, այլ քաղաքական իմաստով անշուշտ, չնայածՙ նայած դարաշրջան, նայած ժողովուրդ կամ նայած երկիր:

Ու հիմա ո՞րն է տարբերությունը. առաջ էլ մենք գիտեինք, որ մեզ հարստահարում են, կան մարդիկ, որոնք նաեւ ծեծում են, մեզանից գողանում են, եւ որ նրանք պաշտոնյաներ են: Հիմա փոխվել է միայն այն, որ այդ մարդիկ այլեւս պաշտոնյա չեն (նրանց մի մասը), ընդամենը, այսինքն եթե հարստահարել են, ծեծել են, մեզանից գողացել են, ոչինչ, էլ դրա հնարավորությունը չեն ունենա: Հիմա դրա հնարավորությունը ուրիշները կունենան, որոնք կա՛մ կգողանան, կծեծեն, կա՛մ էլ չեն գողանա եւ չեն ծեծի, բայց հաստատ կիմանան, որ եթե անգամ գողանան ու ծեծեն, իրենց դրա համար ոչ ոք չի պատժելու, իրենք չպատժեցին ոչ մեկին, չէ՞:

Մյուս կողմիցՙ չինովնիկը, անկախ նրանից հեղափոխության ծնունդ է, կարմիր է, կանաչ է, աջ է, ձախ է, թե՞ կենտրոնամետ, մշտապես ապրում է պետության հաշվին, նույնիսկ բանտում: Հավանաբար այս պատճառով էլ նրանց բանտ չեն նետում, այլ պարզապես պաշտոնից են հանում: Քանի որ եթե հայտնվեն բանտում, կշարունակեն ապրել պետության հաշվին, իսկ եթե պաշտոնից զրկվենՙ ապա ստիպված կլինեն ծախսել սեփական փողերը, դե, այսինքն կուտակած փողերը:

Գուցե այս պատճառով էլ հենց վենդետա չի լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ