RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4132, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱԲ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ

Պ.Ք.

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը նոր բախումների պատճառ

Հակամարտությունը արաբ-իսրայելական է կոչվում անարդարացի կերպով: Բանն այն է, որ Իսրայելը կռվում է ոչ բոլոր արաբների դեմ: Որոշ արաբների, օրինակ, սաուդցիների հետ, նա վաղուց գաղտնի կերպով համագործակցում է: Բացի դրանից, արաբներն էլ տարբեր են. ոմանք ավելի շատ կռվում են միմյանց, քան Իսրայելի դեմ: Երրորդ, այսօր Իսրայելի գլխավոր հակառակորդը համարվում է Իրանը, որը բնավ արաբական երկիր չէ: Հարկավոր է վերհիշել նախապատմությունը. միայն այդ ձեւով հնարավոր կլինի ըմբռնել հակամարտության էությունը:

Իսրայելը պարզապես պետություն չէ, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան կամ Ռուսաստանը: Առաջին հերթին դա պետություն էՙ հիմնված հուդայականության, այսինքն հրեաների բուն դավանանքի վրա: Մյուս կրոնների ներկայացուցիչներին այնտեղ թույլատրվում է երկրորդական դեր զբաղեցնել եւ ունենալ սահմանափակ քաղաքական իրավունքներ: Օրինակ, պետության ղեկավարը պետք է լինի անպայման հրեա: Պետության հարցում նույնպիսի մոտեցում ունի նաեւ իսլամը, այստեղից էլ ծագում են բոլոր բարդությունները:

Մերձավոր Արեւելքում ներկայումս կա չորս մեծ հակամարտություն: Ամբողջ տարածքը փորձում են իրար մեջ կիսել իրենց օսմանների ժառանգորդ համարող թուրքերը, շատ հին կայսերական արմատներ ունեցող պարսիկները եւ տվյալ տարածքը իրենցը համարող արաբները: Առանձին խնդիր է շիա եւ սուննի մահմեդականների ներքին հակամարտությունը: Խնդիրը բարդանում է նրանով, որ իսլամի հետեւորդների համար պետական սահմանանները երկրորդական նշանակություն ունեն: Այնպես որ, Սաուդյան Արաբիայի սահմանները չի կարելի համարել մեկընդմիշտ գծված: Չորրորդ հարթությունը կապված է հավատի ինստիտուտի եւ ընդհանուր առմամբ պետության գաղափարի տարանջատման հետ: Եվրոպան պատմության այդ փուլն անցել է ավելի քան հազար տարի առաջ, մինչդեռ Մերձավոր Արեւելքը մինչեւ օրս այն չի հաղթահարել:

Ամբողջ արածաշրջանում առանձնանում է Իսրայելը իր յուրահատուկ դավանանքով: Անհնար է անտեսել ՄԱԿ-ի 1947 թվականի բանաձեւը: Որեւէ մեկի կողմը բռնելը կնշանակեր 8,5 միլիոն իսրայելցիների կամ 5 մլն պաղեստինցիների ցեղասպանության հնարավորության ընդունում:

Անհեռանկար է նաեւ բոլոր կողմերին 1947 թ. սահմաններին վերադարձնելը: Պատճառները հետեւյալն են. առաջինն այն է, որ բանաձեւով Իսրայելի գոյությունն ընդունած երկրները չէին մտածել նրա պաշտպանության եղանակների մասին: Պատերազմի ծագման դեպքում Իսրայելի տարածքը կդառնար ծովեզրով ձգվող հիսուն կիլոմետր լայնությամբ եւ ամեն պահի հատման վտանգի ենթակա միջանցք:

Երկրորդ, պաղեստինցիները բանաձեւի մասին հիշում են լոկ հպանցիկ կերպով եւ պատրաստ են ամեն պահի չեղյալ հայտարարել Իսրայելի գոյությունը:

Երրորդ, պաղեստինյան պետության ստեղծումն առանց արտաքին միջամտության այսօր կասկածելի է թվում: Անցած ժամանակամիջոցում պաղեստինցիները ստացել են Բելգիայի ՀՆԱ-ին համարժեք արտաքին օգնություն, բայց այդպես էլ չեն կազմավորել պետական կառույցներ:

Ամբողջ ասվածը բացատրում է Մերձավոր Արեւելքի նկատմամբ Մոսկվայի դրսեւորած հստակ ու վճռական քաղաքականությունը, օրինակ Սիրիայում նախագահ Ասադի պաշտպանությունը ընդդեմ իսլամիստ արմատականների եւ արաբ-իսրայելական հակամարտության մեջ որեւէ մեկի կողմը չբռնելը: Ոմանց թվում է, թե Մոսկվան դավաճանում է իր դաշնակիցներին: Բայց Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նպատակը տարածաշրջանի կայուն ու համապարփակ խաղաղության հաստատումն է, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

1967 եւ 1973 թվականների պատերազմները ցույց տվեցին, որ 280 հազար զինվորը բավական էր, որպեսզի Իսրայելը ամրապնդի իր դիրքերը եւ նոր տարածքներ գրավի: Բայց դա բավարար չէ 78 միլիոնանոց Իրանի օկուպացման համար:

Բացի դրանից, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Իսրայելի եւ Իրանի անմիջական պատերազմն այսօր քիչ հավանական է ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: Միայն օդային հարվածներով անհնար է հաղթել պատերազմում, քանի որ Իրանը չունի աքիլլեսյան գարշապար, ինչպես Սիրիան եւ Լիբանանը: Օդուժը կարող է հարվածել մեկ ուղղությամբ, ինչը կդյուրացնի իրանցիների հակաօդային պաշտպանության գործը: Ուրիշ բան է Սիրիան, որը հետզհետե վերածվում է իրանա-իսրայելական բախումների ռազմաճակատի, որտեղ իսրայելական թիրախանավերը պարբերաբար հարվածներ են հասցնում իրանամետ ուժերին:

Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար նախընտրելի է չեզոքությությունը եւ քաղաքացիական պատերազմի ավարտին նպաստելը: Ակնհայտ է, որ այնտեղ չկան աշխարհիկ պետությունների բախումներ: Ավելին, շփման կետեր ուներ աշխարհաքաղաքական այնպիսի ախոյաններ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը:

Բոլոր խնդիրները, ներառյալ ԻՊ-ն, ծագում են թուլացած պետություններում եւ անհետանում դրանց ամրապնդման դեպքում: Բավական է վերհիշել թեկուզ Եգիպտոսի օրինակը: Ուժեղ, աշխարհիկ եւ միասնական Սիրիայի վերականգնումը խաղաղություն կհաստատի ոչ միայն այդ երկրում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Ըստ մեկնաբան Ալեքսանդր Զապոլսկիսի , սա է մերձավորարեւելյան հակամարտության լուծումը: Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության հաղթահարման խնդրին:

Ներկայումս Իսրայելը Իրանի հանդեպ իր նախահարձակ գործողություններն արդարացնում է թշամական շրջապատի գոյությամբ: Իրանը եւ նրա կամակատար «Հզբոլլահ» շարժումը հաճախ են խոսում Իսրայելը ոչնչացնելու մտադրության մասին:

Իսրայելցիները սահմանել են «կարմիր գծեր», որոնք հակառակորդը չպետք է հատի: Դրանց թվում է Սիրիայի տարածքից Իսրայելի գնդակոծությունը, լիբանանյան «Հզբոլլահին» արդիական սպառազինությունների մատակարարումը, իրանական ռազմակայանների կառուցումը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կառուցումը: Սիրիայի տարածքին հասցվող հարվածներն առավել ուժգին դարձան 2017 թվականին: Իսկ ներկայումս Սիրիային հասցվող այդ հարվածները դժվար է համարել պարզապես պատասխաններ Իրանին: Խոսքը Սիրիայում իրանցիների ռազմական օբյեկտների թիրախավորման մասին է:

Ամերիկյան The Wall Street Journal թերթը կարծում է, որ Սիրիայում իսրայելցիների եւ իրանցիների անմիջական ռազմական հակամարտությունն արդեն իսկ սկվել է: Այժմ մնում է պարզել, թե այդ բախումները դուրս կգա՞ն արդյոք Սիրիայի տարածքիցՙ բորբոքելով տարածաշրջանային պատերազմ:

Միջազգային ճգնաժամային խմբի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի ղեկավար Յոստ Հիլթերմանը կարծում է, որ Ռուսաստանն իդեալական երկիր է Սիրիայում Իսրայելի եւ Իրանի պատերազմ թույլ չտալու առումով: Ի տարբերություն Վաշինգտոնի, Մոսկվան աշխատանքային ամուր կապեր ունի տարածաշրջանի գրեթե բոլոր կենտրոնների հետ, ներառյալ Թել-Ավիվը, Թեհրանը, Դամասկոսը, Անկարան, «Հզբոլլահը»: Ռուսաստանին դա ձեռնտու կլինի թեկուզ իր տարածաշրջանային ձեռքբերումների պահպանման տեսակետից: Իրոք, առկա է փոխըմբռնում ինչպես մի կողմից Մոսկվայի եւ Թել-Ավիվի, եւ մյուս կողմից Մոսկվայի եւ Թեհրանի ղեկավարների միջեւ:

Արժե անդրադառնել նաեւ հետեւյալ կարեւոր զարգացումներին:

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա դեկտեմբերին Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք եւ որոշեց ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Դեսպանատան բացման արարողությունը իրականացավ ս.թ. մայիսի 14-ին, որը Իսրայելի պետության ստեղծման յոթանասուներորդ տարեդարձի օրն է: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան, որը Իսրայել էր ժամանել 800 հոգանոց պատվիրակության հետ: Ինքը, Թրամփը, արարողությանը հետեւում էր հեռակա կարգով:

Դեսպանատան բացման նախօրեին արդեն սկսել էին պաղեստինցիների բողոքի զանգվածային ելույթներ: Պաղեստինցիները մայիսի 15-ը համարում են Աղետի օր, քանի որ 1948 թ. մայիսին Իսրայելի պետության ստեղծումը ուղեկցվեց պաղեստինցիների զանգվածային տեղահանությամբ: (Նաեւՙ Դեր Յասինի արաբ բնակչության ցեղասպանությամբ:-Ծ.Խ.): Բացի դրանից, պաղեստինցները Արեւելյան Երուսաղեմը համարում են ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք: Իսրայելցի ուժայինները կրակ բացեցին պաղեստինցի ցուցարարների վրա: Euronews հեռուստաալիքի տվյալներովՙ կան տասնյակ սպանվածներ եւ հազարավոր վիրավորներ: (Մայիսի 15-ի առավոտյան պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել էր 59-ի:-Ծ.Խ.):

Ըստ The New York Times թերթի, ԱՄՆ դեսպանատան տեղափոխությունը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր եղել, եւ այդ քայլը, ըստ Թրամփի, պետք է վերջ դներ տասնամյակներ շարունակող արտաքին քաղաքական գծին եւ իրականացներ այն, ինչ չէին համարձակվել անել ԱՄՆ-ի մյուս նախագահները: Սակայն արյունալի բախումների տեսարանները լոկ հերքեցին արտաքին քաղաքականության մեջ Թրամփի խոստացած շրջադարձը:

Իսրայելի բռնարարքները լայնորեն դատապարտվեցին միջազգային մակարդակով: Թուրքիան իր դեսպաններին հետ կանչեց Թել-Ավիվից եւ Վաշինգտոնից, Հարավաֆրիկյան Հանրապետությունը դեսպանին հետ կանչեց Իսրայելից: Ֆրանսիան Իսրայելին զսպվածոիւթյան կոչ արեց:

Հաղորդվում է, որ Թրամփի խորհրդականները մոտ են պաղեստինա-իսրայելական հաշտության ծրագրի վերջնամշակմանը, բայց շաբաթներ շարունակ ծանրութեթեւ են արել, թե ինչպես կարելի է այն ներկայացնել լավագույն ձեւով: Ամերիկացի խորհրդականների խնդիրների բարդությունը զգացվում է հեռարձակված շշմեցուցիչ տեսարաններից, որոնցում կան ոգեւորությամբ ծափահարող իսրայելցիներ եւ ամերիկացիներ, իսկ մյուս կողմից պաղեստինցի ցուցարարների վրա կրակող եւ արտասվաբեր գազի նռնակներ նետող իսրայելցի զինվորներ:

Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Կուշները , որին հանձնարարված է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարթումը, մայիսի 14-ին հայտարարեց, որ դեսպանատան տեղափոխումը ոչ թե հրաժարում է հաշտության գործընթացից, այլ դրա իրականացման նախապայման է: Նա միայն հպանցիկ կերպով խոսեց բախումների մասին:

Սակայն վերլուծաբաններից շատերը կարծում են, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեվիդ Ֆրիդմանի եւ առաջատար բանակցող Ջեյսոն Գրինբալտի հետ համատեղ Կուշների մշակած ծրագիրը այժմ իրականացման ավելի քիչ հնարավորություններ ունի, քան անցյալում: Նախագահների նախկին խորրդական Ահարոն Դեվիդ Միլլերի խոսքերով, եթե անցյալում մերձավորարեւելյան հակամարտության կարգավորումը թվում էր անիրագործելի առաքելություն, ապա երկուշաբթի օրը այն դարձավ գերանիրագործելի, քանի որ նրանք Երուսաղեմը դարձրին օրակարգ:

Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի կողմնակիցները պնդում են, թե Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելը կարող են, ըստ էության, դրականորեն ազդել հաշտության գործընթացի վրաՙ պաղեստինցիներին ստիպելով վերադառնալ բանակցություների սեղանի մոտ: Heritage Foundation-ի ավագ գիտաշխատող Ջիմ Ֆիլիպսի կարծիքով, դա վաղուց անհրաժեշտություն էր դարձել, քանի որ Իսրայելը միակ երկիրն է, որին չի թույլատրվում մայրաքաղաք ընտրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ