RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



ՀԻՄՆԱՀԱՐՑ

Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6990, Տպվել է` 832, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ

ՆԱԻՐ ՅԱՆ

Առանց Արցախի մասնակցության որեւէ բանակցություն չի կարելի բանակցություն համարել. դրա անունն ուղղակի հանդիպում է կամ քննարկում, բայց ոչ երբեք բանակցություն: Արցախյան հակամարտության հիմնախնդրում կարեւորագույն կողմն ինքըՙ Արցախն է, եթե այսպես կոչված բանակցային սեղանի շուրջը նա նստած չէ, իսկ մյուսները որոշում են հենց իր հարցը, ինչպե՞ս կարելի է այդ գործընթացը բանակցություն համարել: Քաղաքագետների ստվար հատվածը այս համոզմանն է: Թեեւ ժամանակավոր, այնուամենայնիվ, նոր կառավարությունից Արցախի հարցի կարգավորման առաջընթաց էլ ենք ակնկալում: Դեռեւս 1991-92թթ-ից այն քաղաքականությունը, որով հանդես է եկել պաշտոնական Հայաստանըՙ ի սկզբանե խեղաթյուրել է Արցախի հիմնախնդրի բուն էությունը: Ի սկզբանե առաջ է քաշվել Արցախի ինքորոշման իրավունքի հարցը. շատ վերլուծաբաններ ու փորձագետներ Հայաստանի նման դիրքրոշումը սխալ են համարում. ի՞նչ է, արցախահայությունն ինքնորոշված չէ՞, ինչո՞ւ է այդ հարցն ավելորդ անգամ բարձրացվում: Արցախահայությունն ինքնորոշվել է դեռ 1918 թվականին: Ադրբեջանն իր անկախացման ճանապարհն սկսել է Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարելով: Երբեք ու երբեք որեւէ ամբիոնից չպետք մեզ թույլ տանք նման արտահայտությունՙ Ադրբեջանը ճանաչում է կամ չի ճանաչում արցախահայության ինքնորոշման իրավունքը:

Վարչապետ Փաշինյանի դիտարկմամբՙ միջազգային հանրությունը ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալում եւ դիտարկում է որպես տարածքային կոնֆլիկտ, որովհետեւ մինչեւ հիմա մեր պաշտոնատար անձինք այդպես են ներկայացրել: Դա եղել է Հայաստանի պետական եւ քաղաքական դիրքորոշումը, այնինչ 1918 թվականին նոր-նոր կազմավորված Ադրբեջանը հենց այդ ժամանակվանից էլ հայերի բնաջնջման խնդիր է դրել իր առջեւՙ որդեգրելով Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը: Ադրբեջանն իր առջեւ մեկ նպատակ է դրելՙ ամբողջովին ոչնչացնել կամ արտաքսել հայությանն Արցախից եւ առհասարակ այս տարածաշրջանից: Ադրբեջանի համար ռազմավարական խնդիր է շարունակել եւ ավարտել թուրքերի սկսած ցեղասպանությունն ամբողջ տարածաշրջանում: Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության շարունակականությունը պաշտոնական Հայաստանը որեւէ ամբոնից մինչեւ հիմա երբեք չի ներկայացրել ու մատնանշել: Մինչեւ այսօր պաշտոնական Հայաստանն ասել է, որ Ադրբեջանի հետ փոխզիջումների մասին խոսելն անհնար է, քանի դեռ Ալիեւն ագրեսիվ հայտարարություններ է անում, թե Երեւանն էլ է իրենց պատմական տարածքը: Հարց է առաջանում, իսկ եթե Ալիեւն այլեւս նման հայտարարություններ չանի ու սկսի իրեն ավելի խելոք պահել, այդ դեպքում փոխզիջումների մասին քննարկումներ կլինե՞ն: Փոխզիջումը կոնֆլիկտի լեզու եւ տերմին է նրանց համար, որվքեր ինչ-որ բան կիսելու խնդիր ունեն: Մենք չունենք: Ադրբեջանի ռազմավարական ծրագիրն ու նպատակը եղել է հայության ոչնչացումը: Արցախահայությունը պայքարել է հենց այդ ծրագրի ու նպատակի դեմ, պայքարել է, որպեսզի Ադրբեջանը չփորձի իրեն վտարել իր բնօրրանից:

Փաշինյանը մայիսի 8-ին Արցախում Ղարաբաղի հարցի վերաբերյալ հետեւյալ ձեւակերպումն է արելՙ ինչի համար պայքարում է արցախահայությունը, մենք համաձայնելու ենք նրա հետ. Ադրբեջանի հետ նստելու ենք բանակցությունների սեղանի շուրջ մեկ սկզբունքի ներքոՙ ազգերի հավասարության եւ ինքնորոշման իրավունքի. բանակցություններին Արցախը նույնպես պետք է մասնակցի: Քաղաքագետներն ի դեմս Փաշինյանիՙ այս միտքն ու ձեւակերպումը համարում են Հայաստանի նախատրամադրվածության ու ռազմավարության որոշակի փոփոխություն: Արցախյան հիմնահարցի քննարկումը պետք է դուրս հանվի Մադրիդյան սկզբունքների դաշտից. որեւէ մեկը չպետք է խոսի փոխզիջումների մասին այն երկրի հետ, որը ցեղասպանություն իրականացնելու բազմաթիվ փորձեր է արել ու էլի կանի, եթե դրա հնարավորությունը ստեղծվի: Արցախի հարցի ուսումնասիրմամբ զբաղվող փորձագետներն ու վերլուծաբանները, Բաքվի, Սումգայիթի ջարդերից փրկված փախստականները 30 տարուց ավելի դիմել են հայաստանյան իշխանություններինՙ ընդգծեք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, ձեզ հետ վերցրեք արխիվային այն փաստաթղթերը, որոնք վկայում են, որ 1918 թվականից սկսածՙ Ադրբեջանը հայերի նկատմամբ պարբերաբար ցեղասանություն է իրականացրել: Բաքվի, Սումգայիթի ջարդերը կազմակերպվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ու դրանք վկայող փաստաթղթերը Մոսկվայում են պահվում: Այդ արխիվները բացելու, նյութերն ուսումնասիրելու նախաձեռնություն մեր պետության կողմից ի պաշտոնե դեռ չի եղել: Մինչդեռ այդ փաստաթղթերը պետք է վաղուց ներառված լինեին Արցախի հիմնախնդրի մեր փաթեթեում:

Եթե նորընտիր վարչապետը պատրաստ է Արցախի հիմնահարցին վերադարձնել իր էական, բուն բովանդակությունն ու նպատակները եւ դրանց մասին խոսել պարզ, հստակ ձեւակերպումներով ու դիրքորոշումներով, ուրեմն պետք է ակնկալել, որ շուտով խոսքը պետք է գործ դառնա: Վարչապետը պետք է ունենա մասնագիտական բարձր որակներ ունեցող խմբեր, որոնց օգնությամբ կստեղծի մեկ ամբողջական փաթեթՙ կազմված ենթափաթեթներից: Երբ բանակցային սեղանի շուրջ խնդիրներն առանձնացվեն, յուրաքանչյուր ենթափաթեթ կներկայացնի անհրաժեշտ հարցերը մեկ առ մեկ, օրինակՙ ինքորոշման իրավունքի նորմերը, ազգային ազատագրական պայքարի խնդիրները, Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացված ցեղասպանությունը, ցեղասպանության այսօրվա վտանգները, զինադադարի խախտման ու նոր պատերազմի հրահրման մասին փաստերը եւ այլն: Պետք են հստակ դիրքորոշումներ ու քայլեր: Առանց Արցախի բանակցություններ չեն կարող լինել. Արցախը պետք է լինի կոնֆլիկտի լուծման կողմերից մեկը. չէ՞ որ զինադադարը ստորագրել է Արցախը: Արցախի խնդիրը պետք է լինի հետեւյալ դաշտումՙ արցախահայությունը պայքարում է իր դեմ ցեղասպանություն իրականացնող պետության ծրագրված քաղաքականության դեմ:

Եթե անգամ նախորդ երկու նախագահները միջազգային ամբիոններից ցեղասպանություն իրականացնելու համար դատապարտել են Ադրբեջանին, այդ ելույթները հռետորությունից այն կողմ չեն անեցել, չեն վերածվել փաստաթղթի:

1991 թվականին, երբ արդեն բոլորը գիտեին, որ Սովետը փլուզվում է եւ պետք է հանրապետություններն առանձնանան ու անկախանան, Հայաստանն անհանգստանալով, որ իր անկախության ճանաչումն Արցախի պատճառով կարող է բարդանալ, օր առաջ Արցախն անջատեց իրենից: Հետագայում Արցախի հիմնախնդրի հարցում մենք դեմ առանք բարդությունների, պատերազմի, ջլատող ու արնաքամ անող հրադադարի, փակուղային իրավիճակների. երեք նախագահներն էլ հաջողության չեն հասել, որովհետեւ բացի առաջին նախագահի պաշտոնավարության առաջին շրջանից, լեգիտիմ չեն եղել, չեն ընտրվել ժողովրդի իրական, չկեղծված քվեով եւ որպեսզի միջազգային կառույցները նրանց օրինազանց ու կեղծ իշխանավարումն ընդունեն ու ձայն չհանեն, նրանց դեմ են տվել Արցախի հարցի մեզ համար անընդունելի, անլուծելի տարբերակները: Երկրորդ եւ երրորդ նախագահները որոշել էին տարբեր հնարքներով պահպանել ստատուս քվոն: Եվ դա նրանց հաջողվել է: Դա եղել է նրանց գլխավոր նպատակը, այդպես նրանք կարողացել են իշխանության մնալ: Ստատուս քվոն եղել է նրանց առավելագույն քայլըՙ իրենց ոչ լեգիտիմ իշխանությունը միջազգային կառույցների կողմից հանդուրժվելու գնով: Առաջին նախագահն ի տարբերություն վերջին երկուսի, իշխանության է եկել Արցախյան շարժման ալիքի վրա հենված: Այդ ժամանակներից սկսածՙ մինչեւ հրաժարական, նա իր ոչ մի խոստումը չի կատարել ու հրաժարականն էլ տվել է ստատուս քվոյի պահպանումից հրաժարվելու համար:

Քաղաքագետները նկատում են, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հիմնախնդիրը չպետք է ամբողջությամբ իր վրա վերցնի: Հայ ժողովուրդն այս հարցում էլ պետք է նրան միասնաբար աջակցի, ոչ թե սպասի մինչեւ Փաշինյանն էլ Արցախի հարցում սխալվի ու սկսի քննադատել, թե տեսա՞ք, այս մեկն էլ ձախողեց: Նախորդ նախագահների դեպքում դժվար էր ակնկալել, թե ժողովուրդը թիկունք կկանգնի նրանց, թե բանակցությունների ժամանակ եթե անհրաժեշտ լինի, հայությունը համաժողովրդական պայքարի ալիք կբարձրացնի: Բայց Փաշինյանի պարագայում այդ ակնկալիքներն իրատեսական են: Արցախի հիմնահարցի դիտարկումների ու լուծումների դաշտը պետք է փոխել. ստատուս քվոն պահպանելը բավական չէ: Այսօրվա քաղաքական վերնախավն էլ իր հերթին չպետք է Արցախի հիմնախնդիրը միայն մեկ անձի ուսերին թողնիՙ քեզ վստահել ենք, դու էլ հարցը լուծիր:

Եթե չենք ուզում եւս մեկ անգամ հեղափոխություն անել եւ պատրաստ ենք փոփոխությունների ճանապարհը բռնել նաեւ Արցախի հարցում, ուրեմն բոլոր հարցերում պետք է մասնակցություն ունենանք: Փաշինյանին լեգիտիմության առումով նախորդ երեքի կողքին չենք դնում, Արցախի հարցի իրական նպատակներից հրաժարվելու գնովՙ որպես Հայաստանի ղեկավարՙ միջազգային կառույցների կողմից ճանաչվելու խնդիր նա չունի: Քաղաքական հնարքների ուղին այլեւս արդիական ու բավարար չէ: Պետք են հստակ դիրքորոշումներ ու քայլերՙ հնարավորինս անխոցելի ու չսակարկվող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ