RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6830, Տպվել է` 717, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու

Վերջին մեկ տարվա ընթացքում նավթի գինը 40 դոլարից բարձրացավ մինչեւ ներկա 75 դոլարը մեկ բարելի դիմաց: Նման գին վերջին անգամ եղել էր 2014-ի աշնանը, երբ նավթի գինը այնուհետեւ սկսել էր սրընթաց անկում ապրել: Նավթի գնի այս փոփոխությունը տեղի է ունենում Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանում ընթացող պատերազմների ու ընդհանրապես ձեւավորվող նոր աշխարհաքաղաքական դիմակայության ֆոնի վրա:

Նախագահ Դոնալթ Թրամփի որոշմամբ Մ. Նահանգները դուրս եկավ Իրանի հետ 6+1 ֆորմատով կնքված միջուկային պայմանագրից, ինչը անմիջապես սրեց իրավիճակը տարածաշրջանումՙ խորացնելով ճգնաժամը ոչ միայն Իրան-ԱՄՆ, այլեւ Իրան-Իսրայել ձեւաչափով: Բացի այդ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ հանգեցրեց Գազայի հատվածում պաղեստինցիների ու իսրայելական բանակի միջեւ բախումերի, որի հետեւանքով կան 60-ից ավելի զոհեր եւ մեծ թվով վիրավորներ:

Մերձավոր Արեւելքում ընթացող այս իրադարձությունները կատարվում են Սիրիայում արդեն 4 տարի ընթացող ռազմական գործողությունների, Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ շարունակվող պայքարի եւ Եմենում քաղաքացիական պատերազմի պատկերի ներքո: Մերձավոր Արեւելքը միշտ էլ եղել է պայթունավտանգ, սակայն լարվածության նման աստիճան, աշխարհաքաղաքակա նմանատիպ դիմակայություն երբեք չի դիտարկվել:

Տեղի ունեցող իրողությունները այդ տարածաշրջանում հանգեցրել են Ռուսաստան-ԱՄՆ դիմակայունությանը, Չինաստանի կողմից լուռ, բայց համառ կերպով իր շահերի առաջ մղմանը տարածաշրջանում: Աշխարհաքաղաքական այս հակասություններն էլ իրենց հերթին հանգեցրել են աշխարհատնտեսական փոփոխությունների, ինչը առաջին հերթին ազդում է նավթի շուկաների վրա:

Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արեւելքում, հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում է կենտրոնացված նավթի համաշխարհային պաշարների մոտ 45 տոկոսը: Այդ պաշարներին տիրապետող հիմնական պետություններն են Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Էմիրությունները եւայլն: Ու քանի որ աշխարհաքաղաքական այս լարվածության մեջ ակտիվ կերպով ընդգրկված են այդ պետությունները, հետեւաբար այս գործընթացն էլ ազդում է նավթի գնի վրաՙ հանգեցնելով դրա բարձրացմանը:

Այս օրերին շատ մասնագետներ բնական հարց են բարձրացնում. կհասնի՞ արդյոք նավթի գինը 100 դոլարի թե ոչ, եւ արդյոք տեղի ունեցող աշխարհաքաղաքական ճգնաժա՞մն է, որ ազդում է գնագոյացման վրա: Հաջորդը, որ հետաքրքրում է մասնագետներին, թե այս բարձրացումը ինչքան կտեւի եւ ինչպես այն կազդի աշխարհատնտեսական համակարգերի վրա:

Նշենք, որ նավթի գների բարձրացումը դրական ազդեցություն է ունենում առաջին հերթին այդ հումքը արտահանող պետությունների վրաՙ Իրանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւայլն: Հետեւաբար հենց այս պետություններն են շահագրգիռ այդ հումքի գնի անընդհատ բարձրացմանը: Այս գործընթացին նպաստում է նաեւ ՕՊԵԿ եւ Ռուսաստան պայմանագրի կնքումը, որի համաձայն կողմերը պարտավորվում են ձեռնամուխ լինել նավթի արդյունահանման կրճատմանը:

Նշված պայմանգրից բացի նավթի գնի բարձրացմանը նպաստում է ընդհանուր տնետեսական իրավիճակի բարելավումը, մասնավորապես զարգացած երկրներըՙ ԵՄ անդամ, ԱՄՆ-ն, Կանադան, վերջապես հաղթահարեցին տնտեսաֆինանսական ճգնաժամը եւ սկսվել է գրանցվել այդ երկրների տնտեսությունների կայուն աճ: Սրա ֆոնին կայունացել է նաեւ տնտեսական իրավիճակը Չինաստանումՙ վերջին տարիներին գրանցվող տնտեսական աճի դանդաղումը կանգ է առել եւ ասիական այս հսկան, չնայած ոչ նախկին տեմպերով, սակայն շարունակում է աճել խժռելով նավթի ավելի ու ավելի մեծ պաշարներ:

Ըստ մասնագետների, Մերձավոր Արեւելքից նավթը ներկայումս հիմնականում հոսում է դեպի Արեւելք, այլ ոչ դեպի Արեւմուտք: Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, սրանք են այն երկրները, որոնք հանդիսանում են արաբական նավթի հիմնական սպառողները: Հետեւաբար նավթի գների ձեւավորման վրա այս պետությունների ազդեցությունը շարունակաբար մեծանում է ու հասկանալի է, որ այստեղ առաջատարը Չինաստանն է:

Սակայն, չնայած աշխարհատնտեսական այս փոփոխություններին, թիվ մեկ նավթ սպառող պետությունը դեռեւս ԱՄՆ-ն է ու նրա ազդեցությունը նավթի գնագոյացման վրա հսկայական է: Վերջինս մի շարք գործիքների է տիրապետում նավթի գնի վրա ազդելու համար, առաջին հերթինՙ դա դոլարային գործոնն է, որի արժեքի փոփոխությունը միշտ էլ ազդում է նավթի գնի վրա, մասնավորապես Թրամփի իշխանության շրջանում դոլարի գնի թուլացման քաղաքականությունը ոչ ուղղակիորեն, սակայն ազդում է նավթի գնի բարձրացմանը, իսկ այդ քաղաքականությունը ԱՄՆ վարչակազմը վարում է նպաստելու համար ամերիկյան ապրանքների արտահանման ծավալների մեծացմանը:

Հաջորդ գործիքը, որով ԱՄՆ կարող է ազդել նավթի գնագոյացման վրաՙ թերթաքարային նավթն է: Սակայն թերթաքարային նավթի արդյունահանումը ի տարբերություն ավանդականի, շատ ավելի թանկ է եւ հետեւաբար դրա ինքնարժեքն էլ է բարձր: Նավթի գնի անկումն էլ իր հերթին ազդեց թերթաքարային նավթի արդյունահանման վրա եւ այդ բիզնեսով զբաղվող շատ ընկերություններ սնանկացան:

Սա նշանակում է, որ ներկայումս, երբ նավթի գինը բարձրանում է հասնելով 75 դոլարի մեկ բարելի դիմաց, ամերիկյան թերթաքարային նավթի բիզնեսը սկսում է վերականգնման նշաններ ցույց տալ եւ այն նորից կարող է աճելՙ արդյունահաման ծավալներով հասնելով 2014թ. մակարդակին: Այսինքն, թերթաքարային նավթը կարող է նորից զսպիչ դեր կատարել ընդհատելով համաշխարհային շուկայում նավթի գնի բարձարացման գործընթացը:

Ինչեւէ, պարզ է որ ԱՄՆ այն բացառիկ պետություններից է, որը կարող է ազդել նավթի գնի վրա, սակայն նախագահ Թրամփի քաղաքականությունըՙ նպաստել ապրանքների արտահանմանը եւ վերականգնել թերթաքարային նավթի արդյունահանումը, հակառակ դերն է կատարում, նպաստելով գնի բարձրացմանը: Վերջինս այսպիսով հզորացնում է իր տնտեսությունը օգտագործելով նավթի գնի վերահսկելի բարձրացումը: Կարելի է կանխատեսել, որ նավթի գինը կլինի 70-80 դոլարի սահմանում, սա մի արժեք է, որի շուրջը կարծես թե կա կոնսեսուսՙ թե՛ արտադրողները եւ թե՛ սպառողները եկել են որոշակի համաձայնության:

Այս գինը ընդունելի է նաեւ նավթ արդյունահանողերի ու հատկապես Ռուսաստանի համար, որի արտահանումների հսկայական մասըՙ մոտ 60 տոկոսը, կազմում է նավթը եւ նավթամթերքը: Ռուսաստանի տնտեսությունը, երկարատեւ անկումից հետո, սկսել է ցույց տալ կայունության նշաններ, իսկ քանի որ Հայաստանի տնտեսությունը կապված է այդ պետության տնտեսության հետ, նշանակում է, որ այն կարող է դրական ազդեցություն ուենալ նաեւ մեր վրա: Հետեւաբար նավթի գնի բարձրացումը կարելի է դիտարկել նաեւ որպես որոշակի կայունացման գործոնՙ թե տնտեսական եւ թե քաղաքական տեսակետից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ