RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5597, Տպվել է` 566, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

Համաժողովրդական հուժկու բողոքի արդյունքում ունեցանք նոր վարչապետ եւ նոր կառավարություն: Հիմա ուզում ենք հասկանալ, թե սա իրականում մի իշխանափոխությո՞ւն է, թե, իրոք, աննախադեպ հեղափոխության սկիզբ: Ընդամենը երկու ամիս առաջ շատ-շատերին էր թվում, թե ծերացած ու հոգնած հայ ժողովուրդը ի վիճակի չէ իր դժգոհությունը հրապարակավ արտահայտելու եւ ամենակարող իշխանավորներին զսպվածության կոչելու: Սակայն այսօր մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունը շատ ավելի լավատես է եւ ապագայից մեծ դրական սպասումով լեցուն: Այս հոդվածը գրելու առիթը հեղինակիս իրական հետաքրքրվածությունն է, թե իսկապես հնարավո՞ր է մի նոր տնտեսական թռիչք Հայաստանում: Ի՞նչ է հարկավոր ապահովելու համար այնպիսի քաղաքացիական համերաշխություն եւ համազգային միասնություն, որի պայմաններում համատեղ ուժերի գերլարումով, ասենք տասը տարում, կկարողանանք կառուցել մի նոր Հայաստան, բոլորովին այլ կենսամակարդակով եւ հայերի ու մյուսների համար շատ ավելի մեծ ձգողականությամբ:

Ի՞նչ է հարկավոր Հայաստանի ՀՆԱ-ն երկու անգամ մեծացնելու համար

Ինչպես հայտնի է, Հայաստանի ՀՆԱ-ի շնչին ընկնող ցուցանիշը 3800 ԱՄՆ դոլար է: Մեր պետական բյուջեն 4 մլրդ. դոլարից պակաս է, իսկ ամբողջ ՀՆԱ-նՙ մոտ 10 մլրդ դոլար: Հայաստանը աշխարհի աղքատ երկրների շարքում է եւ ունի բացասական ցուցանիշներ մեծածավալ ներդրումների համար: Սա հայտնի է բոլորին: Այստեղ առանձնապես նորություն չկա: 2017 թ. վերջին տասնամյակում առաջին անգամ մենք որոշ հուսադրող միտումներ տեսանք, որոնք հուշում էին, որ կարելի է հասնել նոր, ավելի տպավորիչ մակարդակի տնտեսության մեջ: Այսպես, մեր արտահանումը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց 2 մլրդ. դոլարը, մեզ հուշելով, որ պետք է խնդիր դնել արտահանումը տարեկան 3 մլրդ. դոլարի հասցնելու: Տնտեսության առանձին ճյուղերում դրական ոչ մեծ, բայց հուսադրող աճը ցույց տվեց, որ կարելի է ուժերի լարման պարագայում արտահանման հարաբերությունը ՀՆԱ-ին հասցնել 30%-ի, աստիճանաբար դառնալով լուրջ արտահանող երկիր: Արդյունաբերության մի շարք ճյուղերի վերջին ցուցանիշները (գինեգործությունում, սննդի արդյունաբերության, տեքստիլի եւ կոշկեղենի արդյունաբերության եւ մի քանի այլ ոլորտներում) ցույց է տալիս, որ քաղաքական կամքի եւ կայուն ներդրումների պարագայում միանգամայն հնարավոր է արդյունաբերության նշանակալից աճ: Իսկ 1,5 մլն. զբոսաշրջիկների այցելությունը պարզորեն հուշում է, որ զբոսաշրջության ոլորտը իրական հնարավորություն ունի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը դառնալու: Բոլորը հասկանում են, որ անցյալ տարի արձանագրված 5,7% տնտեսական աճի եւ 7% գերազանցող տնտեսական ակտիվության գործակցի աճի պայմաններում իրատեսական են դառնում խոսակցություններն այն մասին, որ Հայաստանում հնարավոր է երկարաժամկետ տնտեսական կայուն աճ:

Մեր ռազմաքաղաքական գլխավոր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ձեւակերպեց իր երկրի տնտեսական թռիչքի բանաձեւըՙ 6 տարում դառնալ աշխարհի 5-րդ տնտեսությունը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էլ ձեւակերպել է ղազախական տեսլականըՙ 2050 թ. տեղ զբաղեցնել աշխարհի ամենազարգացած 30 երկրների շարքում: Մենք, որ այսօր խարխափում ենք աշխարհի աղքատ երկրների շարքում, ռեյտինգային ցուցակներում Ադրբեջանի հետ կիսելով 116-117 տեղերը, մինչեւ վերջերս մեր մտորումներում էլ չէինք հավատում, թե մեր երկրում հնարավոր է մի նոր թռիչքաձեւ զարգացում:

Անկախ Հայաստանի գոյության ընթացքում արդեն որերորդ անգամն է ողջ ուժով խնդիր է հառնում, թե հնարավո՞ր է արդյոք լուրջ եւ կայուն զարգացում Ադրբեջանի հետ առկա հակամարտության եւ Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական էմբարգոյի պայմաններում: Վերջին մեկ ամսվա իրադարձությունները լավատեսությամբ են համակել մեր հասարակությունը: Չշտապենք շռայլել գովեստ եւ հաճոյախոսություններ, բայց արձանագրենք, որ մարդիկ համակված են դրական զգացումներով եւ շատ ուզում են հավատալ, որ Հայաստանը կարող է գնալ իսկապես զարգացման եւ իսկապես բարգավաճման ուղիով:

Մեր տնտեսությունը օլիգարխիական է: Այս իրողությունը վերաբերում է ոչ միայն մեզ, այլեւ աշխարհի շատ ու շատ երկրների: Իսրայելում, որի հետ մերոնք սկսել են ավելի ու ավելի շատ համեմատվել, նույնպես կան օլիգարխներ, որը սակայն չի խանգարում ամբողջ աշխարհից միջոցներ բերել-լցնել իսրայելական տնտեսության մեջ: Առիթ է եւ պետք է ասել: Արդեն վաղուց հրեաները, երբ ասում են, որ որեւէ երկիր լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, շատ պարզ նկատի ունեն, որ այդ երկրից տարբեր խողովակներով փող է հոսում դեպի Իսրայել: Ամեն ինչի հիմքում Իսրայելի համար փող հայթայթելու գործը աննախադեպ հիմքերի վրա դրած հրեական կառույցներն ու կազմակերպությունները իրականում խորը հարգանքի են արժանի եւ կարող են նախանձ շարժել:

Հայաստանյան վերջին զանգվածային բողոքները աշխարհասփյուռ հայության շրջանում ամենադրական արձագանքն ունեցան: Տասնամյակների ապատիայից հետո այնտեղ էլ սկսել են հավատալ, որ Հայաստանում կարող է ինչ-որ բան դեպի լավը փոխվել:

Եթե կոպիտ ձեւակերպենք, հասունացած կարելի է համարել ինքներս մեր առաջ դրած հետեւյալ խնդիրը. տասը տարում կրկնապատկել հայակական ՀՆԱ-ն, փախչել աղքատ երկրների ընտանիքից եւ կայուն տեղ զբաղեցնել զարգացող երկրների շարքում: Ի՞նչ է պետք սրա համար:

Ի՞նչ է մտածում հայրենասեր հայ օլիգարխը

Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանից արեւմտյան բանկեր եւ օֆշորներ է հոսել տարեկան մեկ մլրդ. դոլար: Այսինքն քսան տարումՙ քսան միլիարդ դոլար: Սա փոքր տարատեսակն է նույնպես ծանոթ ռուսական իրողության, երբ վերջին քսան տարում Ռուսաստանից արեւմտյան բանկեր է հոսել ավելի քան երկու տրլն. դոլար: Նախագահ Պուտինի մի քանի անգամ կրկնած հորդորը ռուս դրամատերերինՙ Ռուսաստան վերադարձնել Արեւմուտք տեղափոխած գումարները, իրականություն է դարձել առայժմ միայն մի փոքրիկ մասով: Ամերիկյան եւ անգլիական իշխանությունները այդ գումարների մասին կարող են բարձրաձայնել միայն այն դեպքում, երբ դա իրենց հարկավոր է Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրներ լուծելու համար: Մնացած դեպքերում այդ գումարներից առայժմ լուր չկա: Այն, որ վերջին քսան տարում հայկական միլիարդների մասին ամերիկացիներն ու անգլիացիները ոչինչ չեն ասել, վկայում է լոկ, որ մեր խոշոր դրամատերերը չեն արել այնպիսի քայլեր, որ կվրդովեցներ Արեւմուտքին: Դրա հետ մեկտեղ, երբ հայաստանյան պաշտոնյաները փորձում էին հրավիրել օտարերկրյա ներդրողներին մեր երկրում տնտեսության զարգացմանը մասնակցելու, ստանում էին պատասխան, որ եթե դա լավ ներդրում է, ինչո՞ւ ձեր փողատերերը դա չեն անում:

Մյուս կողմից էլ, նորանկախ Հայաստանի արմատացած իրողություններից մեկն էլ այն է, որ քաղաքական առաջնորդները առաջնորդվել են «եթե իմը չէ, ապա կարող է եւ չլինել» պարզ կարգախոսով: Սա վանել է բազմաթիվ սփյուռքահայերի, ովքեր ուզում են ներդրում անել Հայաստանում, բայց չեն ուզում կիսվել: Ասում են, որ բախտավոր են այն ազգերը, որոնք ծնում են առաջնորդներ, որոնք սեփական գրպանից ու կլանային շահերից բարձր մտադրություններ եւ տեսլական ունեն: Հիմա ստացվել է անպես, որ նոր կառավարությունն ու հին խորհրդարանը մի ժամանակավոր հավասարակշռության մեջ են: Ոմանք սա անվանում են նաեւ երկիշխանություն: Իրենց տեղերում են նաեւ խոշոր դրամատերերըՙ հայ օլիգարխները: Նրանք ոչ մի տեղ չեն գնացել: Խնդիր է, որ ոչ մի տեղ էլ չգնան եւ ցանկություն դրսեւորեն մասնակցել Հայաստանի հզորացմանը: Տողերիս հեղինակը անկեղծորեն հավատում է, որ հայ օլիգարխները ունեն ազգային դիմագիծ եւ կարող են ստեղծել հատկապես մանր եւ միջին ձեռնարկատիրության բուռն զարգացման համար նոր խաղի արդար կանոններ: Ստեղծված քաղաքական խիստ ժամանակավոր հավասարակշռությունը կարելի է մեկնաբանել երկու կերպ: Առաջինը, որ դա մի վիճակ է, որը գոյություն կունենա մինչեւ որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այնքան ձախողվի, որ հեշտ լինի նրան տապալելը: Երկրորդըՙ որ վերջին քաղաքական իրողությունները կարող են ամուր հիմք ստեղծել հների եւ նորերի լայնախոհ մտածողների միջեւ այնպիսի մի համաձայնության գալու, որը կծնի իսկական (այլ ոչ թե կեղծ) քաղաքացիական համերաշխություն:

Կարո՞ղ է արդյոք նոր կառավարությունը աշխատել առանց հների յուրացրած գումարները ետ վերադարձնելու: Չէ՞ որ նրանց աշխատելու համար միջոցներ են պետք: Կարո՞ղ են արդյոք հորդորների կամ համոզումների միջոցով հներն ու նորերը գալ ընդհանուր հայտարարի: Կարո՞ղ է արդյոք նոր կառավարությունը էական ներդրումներ գրավելու մտադրությամբ ստեղծել նոր ճկուն տնտեսավարման կառույցներ, որոնք վստահության արժանի կլինեին: Չի կարելի չասել, որ նախորդ մեկ եւ կես տարվա ընթացքում հասկանալի սահմանափակումների պայմաններում Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշ տնտեսական հաջողությունների հասել էր: Սա դժվար է ուրանալ: Բայց հենց այդ զարգացման միտումները ցույց տվեցին, որ առանց լուրջ ներդրումների, առանց լուրջ վստահության արտասահմանյան ներդրողների կողմից տնտեսությունը զարգանալ չի կարողանում: Այդ ինչպե՞ս է, որ իսրայելական օլիգարխները չեն խանգարում ամբողջ աշխարհից (հատկապես նրա ամենազարգացած մասից) ահռելի ներդրումների հոսքին իրենց տնտեսության մեջ: Այդ ինչպե՞ս են պայմանավորվել աշխարհի խոշոր դրամատերերը: Մի՞թե նրանք գերմարդկային հատկանիշներ ունեն եւ իրենց օրինակը փոխառնել հնարավոր չէ: Ինչո՞ւ մենք այդ մասին բարձրաձայն չենք խոսում:

Համազգային համաձայնությունը որպես տնտեսական թռիչքի հիմք

Համաժողովրդական բողոքի առաջնորդ, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ շարժումը արտաքին քաղաքականության փոփոխության պահանջ չի դնում եւ որ շարժման քաղաքական օրակարգում գլխավորապես ներքին խնդիրներն են: Նա շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը հայաստանյան իրադարձությունների հանդեպ զուսպ եւ անկողմնակալ վերաբերմունքի համար: Ինձ պատմում էին, թե ինչպես էին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Արեւմուտքի մյուս երկրներում մեր իշխանափոխությունից հետո հայերը ցնծում: Հայաստանը բոլոր հայերի երկիրն է: Առանց բացառության: Յուրաքանչյուրը, ով ուզում է Հայաստանը Հայրենիք համարել, ունի դրա իրավունքը: Դժվարագույն փորձություններից հետո բոլորիս կողմից գիտակցված այս իրողությունը պետք է ծնի եւս մեկ իմպերատիվ: Բոլոր հայերին (ովքեր ցանկանում են) պետք է հնարավորություն տրվի մասնակցել Հայաստանի տնտեսական կյանքին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե եւս մեկ անգամ էլ քաղաքական «վերեւները» խաբեն «ներքեւներին»: Ե՞րբ ուշքի կգա հայկական հասարակությունը այդ ծանր հարվածից: Հայկական առաջին հանրապետության հարյուրամյակի օրերին մենք ավելորդ ենք համարում այն հարցը, թե արժանի՞ են արդյոք հայերը անկախ պետություն ունենալու: Որովհետեւ այդ անկախ պետությունը մենք ունենք: Մենք աշխարհի մոտ 4000 ազգերից ու ժողովուրդներից այն երկու հարյուր բախտավորների մեջ ենք, ովքեր ունեն պետություն: Մեր «վերեւները» վերջապես պարտավոր են ձեւավորել բարձր բարոյականություն, որն իր ետեւից կտանի հասարակությանը: Մենք սպասում ենք այն առաջնորդներին, ովքեր ընդհանուրի շահը սեփականից բարձր կդասեն: Ասում են, ամեն ազգ այդպիսի հերոսների ծնում է հարյուր տարին մեկ անգամ: Մեզ այդպիսի հերոսներ են պետք: Մենք փնտրում ենք դարին արժանի եւ ժամանակին համահունչ մտածող առաջնորդների: Նրանց աջակցողների ու անշահախնդրորեն օգնողների պակաս պետք է որ չլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ