ԹՐԱՄՓԸՙ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք Մ. Նահանգներում ՀՀ դեսպանատան կայքը մարտի 14-ին տեղադրեց ԱՄՆ նախագահ Թրամփի շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ: Իսրայելում ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխվելու օրվան համընկած այս ուղերձն, իր ջերմ եւ քաջալերող ոճով, Իրան -ԱՄՆ հակամարտությամբ պայմանավորված մեր մտահոգությունը մեղմող քայլ էր նաեւ: Սեղմՙ չորս նախադասություն պարունակող ուղերձում, ամփոփված է աշխարհի թիվ մեկ գերտերության պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, որոնց թվումՙ առեւտրական կապերն են, ժողովրդավարական հիմնարկների ձեւավորումը, տարածաշրջանային անվտանգությունը: Ապրիլին, Ադրբեջանի նախագահի վերընտրման առիթով Ալիեւին ուղղված Թրամփի երեք տողանոց, ուշացած, անդեմ ուղերձը զուրկ էր «շնորհավորանք» եւ «ընտրություն» բառերից: Սպիտակ տան ղեկավարից այսպիսի արձագանքն, անշուշտ, չէր կարող հիասթափեցնող չլինել, այն դեպքում, երբ Ադրբեջանը ահռելի ջանքեր է գործադրում ԱՄՆ ազդեցիկ հրեական լոբբիինգի եւ իսրայելա-ամերիկյան զանազան կազմակերպությունների միջոցով թափանցել վաշինգտոնյան շրջանակներ եւ շահել նախագահ Թրամփի ուշադրությունը: Ապրիլի 18-ին, ԱՄՆ Կապիտոլիումում նշված Իսրայել պետության հիմնադրման 70 ամյակի հանդիսությանը մեծարվել են նաեւ Իսրայել-Ադրբեջան բարեկամական եւ դաշնակցային կապերը: «Մ. Նահանգներում Իսրայելի շահերը ներկայացնող հրեաները Ադրբեջանի գաղտնի զենքն են Վաշինգտոնում», գրում է Ամիր Տիբոնը, Haarez պարբերականում այս թեմայով արված իր ծավալուն վերլուծականում, նշելով, որ WikiLeaks-ը տասը տարի առաջ հրապարակել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային նամակները, ուր Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկու երկրների հարաբերությունները բնութագրել էր որպես սառցաբեկոր, որի 9/10 մասը գտնվում է մակերեսից ցած»: Հիշենք նաեւ 2017-ին Ադրբեջանի դեսպանատան ջանքերով Հանուկա հրեական տոնի կազմակերպումը Վաշինգտոնի «Թրամփ միջազգային հյուրանոց»-ի շենքում, ինչը միմիայն միտված էր սիրաշահելու այն ժամանակ դեռ նորընտիր նախագահ Թրամփի ուշադրությունը: Չնայած ներդրվող ադրբեջանական միլիոններին եւ հրեական գործոնի հետ սերտաճած դավերին, Վաշինգտոնում հայկական լոբբիստական կառույցները գործում են շատ ավելի դիպուկ եւ արդյունավետ: Մեր եւ հարեւան պետության ղեկավարներին ուղղված ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձների միջեւ առկա բառապաշարի եւ տոնային նկատելի տարբերությունը դրա վկայություններից մեկն է: ՀՀ վարչապետը շարունակում է ընդունել աշխարհի երկրների առաջնորդների շնորհավորանքներն իր հաղթանակի կապակցությամբ: Նման քայլ բացառվում է թշնամականՙ Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի առաջնորդներից: Չշնորհավորողների ցանկում, ցավոք, ՀՀ երեք նախկին նախագահներն են նաեւ, որոնցիցՙ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն վարքը դրսեւորեցին ՀՀ նախագահՙ Արմեն Սարգսյանի նկատմամբ: Օրինակ, Ամերիկայի պետականության 240 տարիների պատմության մեջ այսպիսի փաստ երբեւէ չի գրանցվել: Նախընտրական արշավում, նույնիսկ, անձնական վիրավորանքների, լուտանքների, սպառնալիքների միջով անցած Թրամփ -Քլինթոն, Օբամա հակամարտությունը չհանգեցրեց նման դեմարշի: Քանզիՙ ընտրվելուց հետո, ազգի առաջնորդը պետական խորհրդանիշ է այլեւս, որին տածվող հարգանքը պետք է լինի վերանձնական, հարիրՙ պետական հասուն պահվածքի: |