Ե՛Վ ՆԱՏՕ-ՈՒՄ, Ե՛Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՍԿԱԾԵԼ ԵՆ ԵՐԿԱԿԻ ԽԱՂ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ Գ. Մ. Արդեն նոր չէ, որ Թուրքիան իբրեւ կարեւոր գործընկեր է ընդունվում ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի կողմից: Ավելին, այդ երկիրը երեւի նաեւ իր դիրքն օգտագործելովՙ կարողանում է վարել այնպիսի քաղաքականություն, որ նշված մրցակից կողմերից ամեն մեկն աշխատում է նրան իր կողմը քաշել: Ու հավանաբար դրանով է պայմանավորված նրա գնալով աճող ոտնձգությունների հանդեպ հաճախ աչք փակելու, կարծում ենք, խիստ անհեռատես քաղաքականությունը: Իսկ ահա ռուսական news.ru կայքը ապրիլի առաջին օրը այս առումով ուշագրավ մի հրապարակում է արել, որը վերնագրված է «Անկարային կասկածել են ռուսական հ-400-ներով ՆԱՏՕ-ի դեմ երկակի խաղ վարելու հարցում»: «Երկակի խաղի» այս կասկածը, պարզվում է նաեւ, միայն Հյուսիսատլանտյան դաշինքը չի արտահայտել, այլ, ինչպես գրել է հոդվածի սկզբում վկայակոչված «Վոեննոյե օբոզրենիե» հանդեսը, Անկարային կասկածում է նաեւ ռուսական կողմը: Բանն այն է, ասվում է հրապարակման մեջ, որ թուրքական կործանիչ օդուժը Բուլղարիայի եւ Ռումինիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների հետ Սեւ ծովի վրա օդ է բարձրացել «ռուսական ինքնաթիռներին հետեւելու եւ ուղեկցելու» համար: Այդ նույն շրջանում նրանք փորձարկել են հ-400-ները, եւ այժմ հարց է ծագում, թե կարո՞ղ էին արդյոք թուրքական ռազմաօդային ուժերն այդ համակարգերի ռադիոտեղորոշիչներն օգտագործել ռուսական ինքնաթիռների դեմ: Բացի այդ, նույն իրավիճակից զգուշանում են նաեւ ՆԱՏՕ-ում: Այնտեղ կարծում են, որ Անկարան կարող է «երկակի խաղ» խաղալ արեւմտյան երկրների դեմ: Ըստ այդմ դաշինքում չեն բացառում, որ Թուրքիան կարող էր հետեւել ոչ միայն ռուսական, այլ նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ինքնաթիռների տեղաշարժերին, իսկ ստացած տեղեկությունները հետո օգտագործել սեփական նպատակների համար: ԱՄՆ-ում ընդհանրապես կարծում են, նշում է հրատարակությունը, որ հ-400 հրթիռահրետանային համակարգերը մարտական հերթապահության դնելովՙ այդ երկիրը կարող է խախտել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի հավասարակշռությունը: Բանն այնտեղ է հասել, որ որոշ մասնագետներ հավաստում են, թե Թուրքիան տեղեկատվություն է հավաքում դաշինքի ինքնաթիռների տեղաշարժերի մասին, իսկ հետո այն փոխանցում է Ռուսաստանին: |