RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 530, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՆԱՄԵՆԻ, ՊԱՅԾԱՌ, ՀՍԿԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԵՐԿՆՔԻ ՄԵՋ...»

ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Անավարտ կոլաժՙ օտարների՛ մտածածով ու զգացածով

«Վիկտոր Համբարձումյանը Հայաստանը տեղադրեց երկնային քարտեզի վրա»

The Independent

«Նա, ով գոնե մեկ անգամ իր կյանքում տեսել է Բյուրականի արծաթյա գմբեթները եւ ամբարտավան մռայլ լեռները, ով տեսել է այդ ամենից ավելի վեր կախված լուսնի փայլփլուն թվացույցը (Հավիտենական Ոսկե ժամացույցը), ով գոնե մեկ անգամ սառել, քար է կտրել աստղային բուքուբորանի տակ (քանի որ այստեղ շարունակ կապտասեւ երկինք է ու շռայլ աստղաթափ), նա լավ կհասկանա, թե որքան դժվար է մոտենալ աստղադիտակին...

Միայն այստեղՙ աստղադիտարանում հանկարծ կհասկանաս քո տեղը տիեզերական մասշտաբներում, հանկարծ քո ներսում կլսես մոլեկուլի անօգնական ու անպաշտպան ծվծվոցը եւ միաժամանակ Գալակտիկայիՙ այսքան-այսքան դեցիբելի հասնող հզոր երգերը... Որովհետեւ միայն այստեղՙ աստղադիտարանում դու ակամայից նայում ես ոչ թե երկնքին, այլ երկնքի մեջ...

Ինչեւէ, գնանք Բյուրակա՛ն: Չէ որ, այնուամենայնիվ, պետք է գոնե մեկ անգամ նայե՜լ աստղադիտակից»: ՕԼԳԱ ՅՈՒՐԵՎԱ (ռուս լրագրող)

***

«Տուն-արվեստանոցը հասարակ էր ու հարմարավետ, լցված նրա տերերի տաղանդի ջերմությամբ: Կալենցի ընտանիքում նկարում էին բոլորը, բայց ամենաշատը ամենածեր նկարչի զարմանալի նկարներն են ամենալավը. բարեկամների հրաշալի դիմանկարներ, ծաղկեփնջեր, հին Երեւանի փողոցներըՙ ասես միաժամանակ տեսնված վերեւից ու կողքից, կարծես թե դեպի երկինք թռչող վարդագույն ու մանուշակագույն ծառերը:

Բոլորը կամացուկ խոսում էին նկարների մասին: Ու հանկարծՙ աշխույժ զրույց աստղագետների նոր հայտնագործությունների մասին: Հյուրերը մոռացան արվեստը: Այդտեղ էր Վ. Համբարձումյանըՙ աշխարհի խոշորագույն աստղագետներից մեկը»: ՄԱՐԿ ԿՈԼՏՈՒՆ (ռուս գրող)

***

«Հանճարի անունը Վիկտոր Համբարձումյան է, դարիս մեծագույն աստղաֆիզիկոսը: Այդ մարդու ուժը որեւէ Ոb ovo հայտնագործության մեջ չէ: Նրա հուժկու, նորարարական տեսական միտքը անմիջական շարունակությունն ու հետագա զարգացումն է այն ամենի, ինչը ժառանգություն ենք ստացել անցյալից. նախ եւ առաջ որպես գիտության ամենահիմնական չլուծված պրոբլեմՙ աշխարհի ծագումը: Այն աշխարհի, որն ըստ Էվկլիդեսիՙ աստված կառուցել է մաթեմատիկական լեզվով եւ ոչ թե մեր սովորական մարդկանցով, եւ որը շատ քիչ, միայն աղքատիկ ու մոտավոր գիտելիքներ է պարունակում մեզանից դուրս գոյություն ունեցող իրերի մասին»: ՎՐԲԱՆ ՍՏԱՄԱՏՈՎ (բուլղար գրող եւ լրագրող)

***

«Ես չգիտեմՙ որն է գիտության եւ առասպելի սահմանագիծը: Գուցե հենց դրանից էլ ոչ թանձրացական է թվում ինձ այդ առարկանՙ աստղագիտությունը, որը բոլոր գիտություններից ավելի մոտ է արվեստին, ոգուն, փիլիսոփայությանը, թեպետ եւ խարսխված է ճշգրիտ հաշվարկների հիմքին...

Այնտեղ, Բյուրականի նշանավոր աստղադիտարանի պատերի մեջ ծնունդ են առել բազմաթիվ հզոր գաղափարներ: Ու այս ամենի մեջ է նաեւ հնամենի, պայծառ, հսկայական Հայաստանը...

Այդ ամենը չի խանգարում «փոխել ֆոկուսային տարածությունը», երբ պետք է տեսնել առաջին մեծության աստղերը (որոնց թվում քիչ չեն նաեւ Հայաստանի աստղերը...):

Եվ ահաՙ աչքերիս մեջ են հայտնվում սառը զրնգոց առաջացնող արծաթե գմբեթները...»: ՕԼԳԱ ՅՈՒՐԵՎԱ

***

«Համբարձումյանն առաջ քաշեց նախաաստղային նյութի գաղափարը: Նա գտնում է, որ աստղերը ծնունդ են առել ոչ թե տիեզերական փոշուց, այլ արդյունք են գալակտիկաների միջուկների մեջ եղած ակտիվության, որ գնալով նվազեցնում են իրենց խտությունը: Նա առաջինը լուծեց միգամածությունների միջոցով աստղերի ուլտրամանուշակագույն ճառագայթման պրոբլեմը եւ մշակեց միգամածությունների զանգվածի մասին էլեկտրոնային ջերմաստիճանի սահմանման մեթոդներ: Համբարձումյանն հայտնագործեց նոր տիպի աստղային համակարգերՙ դինամիկորեն անկայուն ու քայքայվող, որոնց կոչեց աստղասփյուռներ: Համբարձումյանը ենթադրություն հայտնեց, որ գալակտիկաների միջուկները պարունակում են առայժմ մեզ անհայտ բնույթի գերխիտ նյութերի թանձրուկներ, օժտված էներգիայի ֆանտաստիկ, աներեւակայելի պաշարներով: Համբարձումյանի գաղափարները ԱՄՆ գիտությունների ակադեմիան դասեց մարդկության այն գաղափարների շարքում, որոնք մեր պատկերացումների մեջ հեղափոխություն են առաջացրել»: Վ. ՍՏԱՄԱՏՈՎ

***

«Բազում վտանգներ դիմագրավելիս, իրենց կրած տառապանքներով, իրենց ժողովրդին բնորոշ բնածին ազնվությամբ, իրենց աշխույժ հոգեկանով եւ բազմաթիվ գործնական ունակություններով հայերն ստեղծեցին մի գեղեցիկ քաղաքակրթություն, եւ այդ ամենով, իրենց զրկանքներով ու գործերով, պահպանեցին իրենց գույնը մյուս ժողովուրդների մեջ:

... Մեր ինքնաթիռը խորասուզվեց երկնքի մեջ (եթե երկինքը լիճ է): Նրա թեւերի տակ փայլփլեց Սեւանըՙ Հայաստանի ամենապայծառ աստղը:

«Լույսի միջաստղային կլանումը աստղերի լույսը այնքանով է թուլացնում, որքանով նրանք հեռու են մեզանից»,- ասում է դասագիրքը:

Գուցե, այնուամենայնիվ, ինչ-որ բան շփոթե՞լ է հեղինակը: Քանզի ես հեռանում եմ, ու ինձ հետ եմ տանում Հայաստանի չխամրող աստղերըՙ ինքնաթիռի թեւերի վրա...Ուղիղ աչքերիս մեջՙ կուրացուցիչ, պայծառ մի արեւ («Արեւի կուլմինացիա»ՙ կասեր դասագիրքը): Որտե՞ղ է Բյուրական-գիտությունը եւ որտեղՙ առասպելը: (Իսկ որտե՞ղ է Բյուրական-առասպելը եւ որտեղՙ պատմությունը)»: ՄԻՑՈՒ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈՒԼԻՍ (հույն գրող)

***

«Իմ հայ բարեկամը, աշխարհի մասին իր տիեզերաբանական հայացքների բավիղներով տարված, հանկարծ արտաբերեց. «Եվ հիշիր, Համբարձումյանի եւ Ալիխանովի նմանները երկնքից չեն ընկնում, ոչ էլ ծնվում են դատարկ դաշտում: Նրանց կաղապարը, ձուլվածքի հիմքը դեռեւս դրված է մեծամորյան աստղադիտարաններում: Նրանք իրենց ոգով ուղղակի շառավիղներն են Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, հատկապես Շիրակացու, նրա, որ առաջինը, սրանից հազար երեք հարյուր տարի առաջ հերքեց Ծիր Կաթինի ծագման մասին միջնադարյան սխոլաստիկ պատկերացումը եւ առաջադրեց մի խումբ աստղաբույլերի մասին ի՛ր տեսությունըՙ մեզանից հսկայական հեռավորության վրա, որն ավելի ուշ ապացուցվեց Գալիլեյի կողմից» :

Այնպես, որ, ամեն մի երգ, ինչպես ասում են Հայաստանում, իր պատճառն ունի»: Վ. ՍՏԱՄԱՏՈՎ

***

«Բենիկ Մարգարյանըՙ աստղագետն այդ հմուտ,

Բյուրականի այգում, ցողերի մեջ գարնան,

Ծաղիկներ է քաղում սպիտակ ու կապույտ

Եվ կնոջս մեկնում Դոն -Ժուանի նման:

Բայց երբ մութը նորից վարագույրը կախի,

Այս ճերմակած մարդըՙ Շոպենի պես արդար,

Պիտի իր մատները հուր աստղերին բախի,

Պիտի աստեղնային նոտաները կարդա»:

ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ (լիտվացի բանաստեղծ)

***

«Այդ տիեզերակայանը հեռու չէ Գառնո հեթանոսական տաճարից: Մի քիչ տարօրինակ չէ՞ այդ հարեւանությունը: Բայց նման մի տարօրինակություն էլ կայանի ղեկավար, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանն է: Նա, ինչպես ինձ է թվում, դեպի տիեզերք մշտապես թռիչքի մեջ է, բայց միաժամանակ, իր մյուս պրոֆիլով, ուղղված է դեպի խորը անցյալը:

Իսկ կարելի՞ է այդպես միաժամանակ մտածել երկու չափումներում, որոնցից մեկը տիեզերքն է, իսկ մյուսըՙ հին քաղաքակրթությունները, արվեստը, փիլիսոփայությունն ու, իհարկե, Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանը:

Երբ ամեն մի բանի շուրջ ասելիք կաՙ դա իմաստությունն է: Իսկ երբ ամեն ինչի շուրջ հիշելու բան կա, դա իհարկե, ապրած կյանք է: Ակադեմիկոս Գուրզադյանը ե՛ւ ասելու բան ունի, ե՛ւ հիշելու...

Ի դեպ, երբ մի ուրիշ իմաստուն ծերուկՙ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը հերթական անգամ իր նախնիների երկիրն է եկել, նա իշխանություններին ասել է, որ իրեն հյուրանոց պետք չէՙ նա հյուրընկալվելու է Գրիգոր Գուրզադյանին...»: «ՆՈՎԱՅԱ ԳԱԶԵՏԱ» թերթի թղթակից

***

«Հերունու հայելային ռադիոդիտակը, որ գտնվում է Բյուրականից ոչ հեռուՙ Տեղեր եւ Օրգով գյուղերի միջեւ, տպավորիչ է իր չափերով ու ստեղծողի գիտական մտքի խիզախությամբ: Ի տարբերություն ամենատարածված պարաբոլային ալեհավաքների, սֆերիկ հայելիները ճառագայթներն հավաքում են ոչ թե մի կետում, այլ այսպես կոչված կաուստիկ մակերեւույթին: Հերունու սկզբունքները նոր գաղափարովՙ գլխավոր գոգավոր հայելին անշարժ է, իսկ օբյեկտի վրա նշան բռնելը կատարվում է սֆերայի կենտրոնի շուրջը երկրորդային հայելու տեղաշարժմամբ, նրա իսկ կիզակետում, ու հավաքվում է աղբյուրից եկածՙ շատ բան ասող ճառագայթումը...

... Հերունու դիտակն ունիկալ էՙ կարող է Բյուրականի լեռներից երկնքի որոշակի կետին նայել միաժամանակ երկու դիապազոններում...

...Իսկ ինչ որ ժամանակ Հայաստանի այդ գողտրիկ անկյունըՙ Բյուրականը, ԽՍՀՄ հիմնարար ու կիրառական գիտության իսկական կենտրոն էր»: չՈջպՑՈ.ru, ՊԱՎԵԼ ԿՈՏԼՅԱՐ (ռուս լրագրող)

***

«Ամեն ինչ կարող էր ավելի ավարտուն լինել: Կգնայի Բյուրական, կյանքումս առաջին անգամ կայցելեի աստղադիտարան ու... թռիչք դեպի տիեզերք: Եվ իմ պատմությունը կհաղթահարեր Երկրի ձգողականությունը, իսկ իմ ընթերցողի ականջներում դեռ երկար-երկար կհնչեր տիեզերական վերջին ակորդը: Եվ նա դեռ երկար կնայեր իմ հրթիռի ետեւից...

Ինչո՞ւ, ինչո՞ւ ես փախա վերջին դասից ու աստղագիտությունը բաց թողեցի...»: ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ (ռուս գրող)

Իսկ ես շարունակելու եմ իմ կոլաժը (թեպետ ինչ-որ մեկը կարող է ասել, որ ընդամենը ծաղկեփունջ եմ հավաքել), ու հնամենի, պայծառ ու հսկայական Հայաստանը փնտրելու եմ այլ չափումների, գույների ու լույսերի մեջ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ