ԿԱՌՈՒՑԵՆՔ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու 2018 թվականին Հայաստանում արեւային էլեկտրակայաններն արտադրել են 5 մլն 100 հազար կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ՋԷԿ-երում արտադրելու դեպքում կօգտագործվեր ավելի քան 1500 տոննա վառելիք: 2018 թվականին աշխարհում կառուցվել են 104.1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արեւային էլեկտրակայաններ, այսինքնՙ 5 ավել տոկոս, քան 2017 թվականին (99,1 ԳՎտ): 2018 թվականին շուկան արձանագրել է աճ: Չինաստանում, որը համարվում է ոլորտի գերագույն ներկայացուցիչը, հետադարձ զարգացում չի արձանագրվել, թեպետ շոշափելի քանակով ավելի քիչ է արտադրվել 2017 թվականի համեմատ (44,1 ԳՎտ), ինչն էլ ընդհանուր առմամբ չէր կարող բացասաբար անդրադառնալ շուկայի վրա: Գերմանիայում 2018 թվականին շահագործման են հանձնվել մոտ 3 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արեւային էլեկտրակայաններ: Գերմանիային հաջորդում են Թուրքիան (1,6 ԳՎտ), Նիդերլանդները (1,4 ԳՎտ), Ֆրանսիան (900 ՄՎտ) եւ Իտալիան (500 ՄՎտ): Անհրաժեշտ է մտածել Արցախում 1000 ԿՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան կառուցելու մասին: Անհրաժեշտ է իրականացնել գեոդեզիական ու երկրաբանական ուսումնասիրություններ: Նրանց արդյունքները հաշվի են առնվելու կրող կառուցվածքների ընտրության եւ բետոնային հիմքերի շինարարության իրականացման ժամանակ: Էլեկտրակայանը տարեկան կարող է արտադրել ավելի քան 1.5 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում կծախսվեր ավելի քան 400 տոննա օրգանական վառելիք: Արցախի Հանրապետությունում կառուցվելիք 1000ԿՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայանը հնարավորություն է կտա խնայել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ եւ որոշ չափով լուծել բնապահպանական խնդիրներ: Կայանի շահագործումով CO2-ի կրճատումը կկազմի տարեկան մոտ 724 տոննա: Կապիտալ ներդրումները կկազմեն ավելի քան 300 միլիոն դրամ: Արցախի արեւային էլեկտրակայանի շահագործման ժամանակ Երեւանի ՋԷԿ-ում չի այրվի մոտ 400 տոննա վառելիք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ Երեւանի ՋԷԿ-ում այդ քանակի գազային վառելիքի այրման ժամանակ շրջակա միջավայր կարտանետվեր 2 կգ ծծմբի եւ 1880 կգ ազոտի օքսիդ: Էլեկտրակայանը կարելի է կառուցել միայն բարեգործական միջոցների հաշվին եւ լավագույն նվերը կլինի Արցախում բնակվող մեր հայրենակիցների համար: |