ԳԾԱՆԿԱՐՉԻ 16-ՐԴ ԱՆՀԱՏԱԿԱՆԸ ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Ազգային գրադարանի հանրային կապերի պատասխանատու Սուրբ Հարության տոնին ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է Լեւոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» թեմատիկ ցուցահանդեսը, որը 16-րդն է արվեստաբան-գծանկարչի ստեղծագործական կյանքում: Նախորդ ցուցադրությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում (Գորիս, Գյումրի, Երեւան) եւ արտերկրում (Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Թուրքիա), դարձյալ կրել են թեմատիկ բնույթ եւ նվիրված են եղել հայաշխարհին, իր ծննդավայր Գյումրուն ու հայ Պոլիսին: Մինչ ցուցադրության բացումը տեղի ունեցած շնորհանդեսին ներկայացվեց արվեստագետի նույնանուն բացիկաշար-ալբոմը, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Դրա պարունակած գեղազարդ 24 բացիկներից յուրաքանչյուրը, շնորհիվ դարձերեսի հայերեն ու անգլերեն հակիրճ նկարագրականների, գեղարվեստականից զատ ունի նաեւ ճանաչողական նշանակությունՙ ընդհանուր պատկերացում տալով պաշտամունքային տվյալ կառույցի ստեղծման, ճարտարապետական առանձնահատկությունների ու նշանակության մասին: Ի տարբերություն պատկերագրքի, ցուցահանդեսը ներառում է 33 աշխատանքՙ Քրիստոսի երկրային կյանքի տարիների քանակով: Դրանք միասնաբար ներկայացնում են հայ եկեղեցական արվեստի զարգացման իրարահաջորդ փուլերըՙ սկսած վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը: Ժամանակագրականից բացի նշելի է նաեւ ցուցահանդեսի գործերի տարածական ընդգրկումըՙ Հայաստանյան եկեղեցիներից բացի նաեւ աշխարհի տարբեր երկրներում գործող մեր ազգային սրբավայրերըՙ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք, Անթիլիասի Մայրավանք, Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճար, Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցի, Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ այլն: Լեւոն Լաճիկյանի բեղուն ստեղծագործական գործունեության մասին խոսեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը , Հայաստանի Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը , ԵՊՀ Բակալավրիատի բաժնի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը , Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը , «50+» ՀԿ նախագահ Հակոբ Սարգսյանը , իսկ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը արվեստագետին հանձնեց Շնորհակալագիր: Շնորհիվ նուրբ ու բարձրարժեք կատարմանՙ մեզ ծանոթ պատմական հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացելՙ դիտողին համակելով հոգեւոր-զգացական տրամադրությամբ: Ուշագրավն այն է, որ Լեւոն Լաճիկյանն ինչ նկարում է, դառնում է յուրատեսակ բրենդ: Այսպես. նրա գծանկարներով զարդարվում են, օրինակ, «Գյումրու օր» տոնական միջոցառումների բոլոր պաստառները, օրացույցները, դրոշներն ու կրծքանշանները: Դրանք նաեւ դառնում են միջազգային կառույցների ու տարատեսակ կազմակերպությունների կայքէջերի գլխավոր նկարներ եւ այլն: Ուրախ ենք, որ նա՛ է մեր ազգային գրադարանի գլխավորՙ Թամանյանական մասնաշենքի գծանկարների հեղինակը, որոնք մենք մշտապես շրջանառում ենք թե՛ մեր էլեկտրոնային, թե՛ առօրյա-աշխատանքային հարթակներում: Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ Երեւանում ու Նյու Յորքում տպագրված Լեւոն Լաճիկյանի շուրջ մեկ տասնյակ գրքերը, բուկլետները, ինչպես նաեւ ձեւավորած հոբելյանական նամականիշըՙ նվիրված Երեւանի պետական համալսարանի 100-ամյակին: Ներկայացված բոլոր գծանկարները ցուցադրվում են առաջին անգամ, եւ արվեստասերները հնարավորություն ունեն դրանք դիտելու մինչեւ ապրիլի 12-ը: |