ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր Ծանր տարի ունեցանք. պատերազմ, զոհեր, խեղվածներ, տարածքային կորուստներ, հոգեբանական ծանր վնասվածքներ եւ դեռ գրեթե ոչինչ չի վերջացել, նորից զոհեր, վտանգված խաղաղություն, անհասկանալի իրավիճակներ... Սակայն ամառը հանգստի շրջան է եւ նորություն ասած չեմ լինի, որ ամբողջ տարին մարդիկ քրտնաջան աշխատում ենՙ ամռանը մի քանի օր հանգստանալու հույսով: Այս տարի այդ առումով յուրահատուկ է. ավերիչ պատերազմից, մարդկային ու տարածքային կորուստներ ունենալուց հետո անգամ սովորույթի ուժով մարդիկ նաեւ իրենց մեջ ուժ են գտնում, հանգստանում, որ կարողանան դիմակայել նաեւ խիստ անորոշ ապագային: Հոգեբանորեն թույլ մարդ չեմ, բայց վերը նշված կորուստներից մեծ ցավ եմ ապրում, մի տեսակ ծանր եմ տանում, իսկ պարտվածի հոգեվիճակը բացարձակ ինձ հարիր չէ: Բնականաբար հանգստի մասին մտքովս անգամ չէր էլ անցնում... Ընտանիքս հաճելի անակնկալ արեց, համոզեց ու մի քիչ էլ պարտադրեց, եւ մեկնեցինք Եգիպտոս յոթնօրյա հանգստի: Այս անգամ Հուրգադա: Նախկինում մի քանի անգամ հանգստացել էինք Շարմ-էլ-Շեյխում եւ ծանոթ էինք, թե ինչն ինչոց է: Այստեղ էլ գրեթե ամեն ինչ նույնն է մեկ բացառությամբՙ գրեթե միշտ քամիներ կան: Մի բան, որը թեեւ շատերի դուրը չէր գալիս, սակայն իմ կարծիքով զգալիորեն մեղմում էր հարեւան անապատից եկող շոգը: Հյուրընկալող երկրում օդանավակայանից սկսած եւ մնացյալ բոլոր վայրերում մշտապես ժպտադեմ ու բարյացկամ աշխատակիցներն աչքի են ընկնում քո ցանկացած խնդրանք-պահանջ կատարելու պատրաստակամությամբ: Ճիշտ է, թեեւ ոչ մի բառ այդ մասին չի ասվում, սակայն ակնհայտ զգացվում է նաեւ այն, որ նրանք բոլորն էլ դեմ չեն լինի, ավելինՙ միշտ սպասում են թեյավճարի: Ընդ որում, քանի որ երկրում միջին կենսամակարդակը բավականին ցածր է, ուստի մեկ ԱՄՆ դոլարը նրանց ուղղակի պայծառացնում է, ավելի ջանադիր ու պատրաստակամ դարձնում: Հաճելի ու գրավիչ է նաեւ այն, որ բոլոր աշխատակիցներն էլ երբ, որտեղ եւ ինչ պայմաններում էլ հանդիպում են, անպայման ժպտադեմ բարեւում են ու հին ծանոթ-բարեկամի ջերմությամբ որպիսությունդ հարցնում: Ընդհանուր առմամբ, ամբողջ հյուրանոց-համալիրը աննկատ ու ժրաջան աշխատող մեղվի փեթակ էր հիշեցնում: Հավաքարարից սկսած ծառերն ու թփերը հարդարողը, տարբեր տեսակի խաղ-մրցույթներ կազմակերպողները, բարմեններն ու մատուցողները եւ անգամ այդ ամենն աննկատ հսկողները մեծագույն պատասխանատվության զգացումով իրենց գործն էին կատարում: Ամենակարեւորը, որ իսկապես ամենայն գնահատանքի է արժանի, նրանք բոլորն իրենց գործը կատարում են այնպես, որ հնարավորինս աննկատ մնան, լինեն անտեսանելի, որ հանկարծ որեւէ մեկին չխանգարեն: Մի կարեւոր հանգամանք էլ է աչքի զարնում. բոլորը աշխատակիցները ձգտում են վայրկյան առաջ ճշտել քո որ պետությունից եկած լինելը եւ գոնե մի քանի բառով հենց քո իսկ լեզվով ողջունում են ու հին ծանոթի նման լայն ժպտում: Հավանաբար պարտադիր պայման է, բոլորը խոսում են անգլերեն, անհրաժեշտը հասկացնում, կաշվից դուրս գալիս քեզ հասկանալու համար: Հետաքրքիր է, որ երբեմն քո լեզուն չեն հասկանում, սակայն ինչ-ինչ միջոցներով գլխի են ընկնում, թե ինչ ես ուզում եւ անմիջապես սիրով կատարում են: Պատահում է, չի ստացվում, մեղավորի նման ժպտում են ու հայացքով կամ անգլերեն ներողություն են խնդրում, կամ կանչում ավելի փորձված աշխատակցի, որպեսզի չլինի թե հանկարծ որեւէ մեկի որեւէ ասված օդի մեջ մնա: Առաջին հայացքից հասարակ բան է թվում, սակայն ամեն օր սպիտակեղենը, սրբիչները, համարում եղած խմելու ջրերն ու օգտագործվող գրեթե ամեն ինչ փոխվում էր, թարմացվում:Հաճելիորեն աչք էր շոյում նաեւ այն, որ ամեն նոր օր անկողնու վրա սպիտակ սրբիչներով տարբեր կենդանիների արձանիկներ, կամ տարատեսակ պատկերներ էին կառուցվում եւ այնքան գեղեցիկ ու իրական, որ ամեն անգամ ափսոսանքով էիր դրանք քանդում: Գաղտնիք չէՙ որտեղ շատ մարդ է լինում, այնտեղ առեւտրի զանազան կետեր են գործում: Հետաքրքրության համար հյուրանոցային համալիրից դուրս եկանք շրջելու: Իսկական արեւելք. տաքսիից սկսած ցանկացած բան գնելու համար ընդունված էր սակարկել: Ընդ որումՙ երբեմն դա կատարվում է ծիծաղելիի հանգամանքներում: Այսպեսՙ ուղտերի փոքրիկ քարավանի արձանիկ-մագնիսների սկզբնական գինը 30 դոլար էր ասվել, իսկ մերոնք գնեցին 3 դոլարով: Սխալվես եւ որեւէ մեկի խանութի մոտով անցնես ամեն ինչ կանի, որ ներս մտնես: Իսկ երբ ներս մտար, մնացածը տեխնիկայի խնդիր է, մի բան ուզես-չուզես գնել կտա: Ուղղակի տհաճ է, երբ պարզապես փորձում են պարտադրել: Իսկ եթե սխալվես հանկարծ ու որեւէ ապրանքի հասցեին վատ արտահայտվես, դա համարվում է գրեթե անձնական վիրավորանքի նման մի բան: Լավագույն ելքը ժպտալն ու շնորհակալություն ասելով հեռանալն է, հակառակ դեպքում կարող են անցանկալի զարգացումներ լինել: Վատ է նաեւ այն սովորույթը, երբ վաճառողի հետ գին ես պայմանավորվում ու գնում ես վճարելու, պարզվում էՙ դրամ ընդունողը խանութի սեփականատերն է եւ ոչ մի ցենտ էլ չի զիջում: Իսկ երբ փորձում ես վաճառողին վկայակոչել, դա ընդամենը հեգնական ժպիտների է արժանանում: Մի տխուր իրողություն-սովորույթ էլ կա: Մտնում ես դեղատուն եւ սովորույթի համաձայն փորձում ես սակարկել, վաճառողը զարմացած-վիրավորված եւ մի քիչ էլ սաստող հայացքով ընդգծում է, որ դեղատունը պետական է եւ, հետեւաբար, բազար չի: Սակայն իրականում միմյանցից ընդամենը 50-60 մետր հեռավորությամբ գործող դեղատներում նույն դեղորայքը հնարավոր էր գնել գրեթե հիսուն տոկոս էժան: Շոյում էր այն, որ բոլորը կամ գրեթե բոլորը գիտեն հայերի ու Հայաստանի մասին, նույնիսկ հայերեն որոշ բառեր են ասում, որ իրենցով անեն: Բայց տխուր էր այն, որ մի քանի ազգի պատկանելությունդ հարցնելուց եւ բացասական պատասխան լսելուց հետո, հատկապես ռումինացիից հետո նոր միայն ճշտում են հայ լինելուդ հանգամանքը: Իսկ թե որքան են անկեղծ, չգիտեմ, բայց հայ լինելդ իմանալուց հետո անպայման ասում են, որ մենք եղբայր ժողովուրդներ ենք: Եղան դեպքեր, երբ ցույց էին տալիս իրենց մարմնին դաջված խաչը եւ ընդգծում, որ իրենք քրիստոնյա արաբներ են: Երբ փորձեցի որոշ հարցերով պարզել, թե որքան են տեղյակ պատմությանը եւ հայ-եգիպտական առնչություններին, պարզվեց, որ թեեւ մակերեսային, բայց որոշ գիտելիքներ այնուամենայնիվ ունեին: Իսկ ինչ վերաբերում է հանգստյան պայմաններին, ապա պատկերը բավականին հակասական է: Նախՙ այն հիմնական գործոնըՙ ծովը, որի համար են շատերն ընտրում այստեղ հանգստանալ, մեղմ ասած այնքան էլ լավ վիճակում չէ: Այն շատ ծանծաղ է եւ ափից մոտ 500 մետր հարկավոր է հատուկ դրա համար պատրաստված փայտե հարթակով քայլել, որպեսզի հնարավոր լինի լողալ: Իսկ երբ տեղատվություն է լինում, եղած ջրատարածքն էլ է զգալի ցամաքում եւ շատ տխուր պատկեր է ստացվում, ջրազրկված հատվածը մի տեսակ լրիվ մերկացած, անօգնական ու իր մերկությունն ու մարմնի թերությունները ծածկել փորձող անզոր մարդու է նմանվում: Ջուրը շատ տաք է եւ շատ աղի, սակայն մաքուր է ու կարող ես տասը ու ավելի մետր խորությունն անզեն աչքով տեսնել: Ավազ որպես այդպիսին եւ կա եւ չկա: Կա, տեսնում ես, բայց չկա, քանի որ ոչ մի մարդ ավազին պառկած չտեսանք: Ինքս փորձեցի, հարմար չէր, որովհետեւ ավազն էլ ավազ չէր, այլ ինչ որ անհասկանալի մանր ու ծակող բյուրեղների հավաքածու: Լողավազանները լավն են, ջուրը մաքուր է, սակայն ամենամեծ խորությունը 1,40 մետր էր: Անհասկանալի ու վատ էր, որ ժամը 18-ին սկսում էին սուլել եւ պարտադրում դուրս գալ լողավազաններից, այնինչ շատերը դեռ ցանկանում էին լողալ: Դրվատելի էր, որ գրեթե ամբողջ օրվա ընթացքում ամենակրտսեր տարիքի երեխաներից սկսած մինչեւ հասուն տարիքի մարդկանց համար գործում էին ջրային տարատեսակ ատրակցիոններ: Ինչպես նաեւ կազմակերպվում էին ջրային տարբեր սպորտային մրցույթներ, աերոբիկա եւ այլն: Գործում էին ֆուտբոլի, վոլեյբոլի, մեծ թենիսի եւ այլ դաշտեր, որոնցում աչք էին շոյում մաքուր, հարդարված հարթակներն ու կանաչապատ շրջապատը: Այնպես որ ցանկության դեպքում կային գրեթե բոլոր հնարավորությունները հանգիստն ակտիվ եւ լավ կազմակերպելու համար: Իսկ ինչ վերաբերում է ուղեգրի արժեքին, ապա այն շատ թանկ չէ: Նորմալ աշխատավարձ ստացողը կարող է իրեն թույլ տալ: Սակայն էժան էլ չէ, քանի որ շատ-շատերը զրկված են այդ հնարավորությունից: Հատկապես, երբ տուրիստական գրասենյակում ասվում է, թե ոչ մի տեղ ոչ մի ծախս չի նախատեսվում, բայց արի ու տես, որ մեկնելու նախորդ օրը հարկավոր է թագավարակի թեսթ հանձնել եւ վճարել 10 հազար, վերադառնալուց էլՙ 15 հազար դրամ, 25 ԱՄՆ դոլար էլՙ Եգիպտոս մուտքի վիզայի համար, որը Շարմ-էլ-Շեյխում չկար: Թեսթերի օրինականությունն ու արժանահավատությունը թողնում եմ դրանք վերցնողների խղճին, բայց որ գրեթե բոլորն են դժգոհում դրանից, փաստ է: Հարկավոր էր պարզապես այդ գումարը ներառել ուղեգրի արժեքում եւ խնդրին քաղաքակիրթ լուծում տալ: Իսկ ամենատխուրն ու զայրացնողը վերջաբանն է: Հյուրանոցի համարը պետք է ազատես ցերեկը ժամը 12-ին, իսկ օդանավակայան կտանեն գիշերվա ժամը 12-ին: Ճիշտ է, կարող ես սննդի եւ մյուս հնարավորություններից օգտվել, պայուսակներդ ադմինիստրացիային վստահել, սակայն լողանալու, պառկել-հանգստանալու հնարավորություն չունես: Այսինքնՙ թռիչքը լուսադեմին է, իսկ դու հանգստանալու կամ քնելու որեւէ հնարավորություն չունես: Իսկ այն հանգամանքը, որ բավականին շատ մանկահասակ երեխաներ կային, արդեն պատկերն ավելի տխուր էր դարձնում: Կարծես ամեն ինչ արված է, որ վերջին օրվա տպավորություններով մոռացնել տան հանգիստն էլ, ծովն էլ, ժամանցն էլ... Շատ ցավոտ է, երբ մեկ ավելորդ անգամ եւս հասկանում ես, որ ընդամենը երրորդ կարգի երկրի քաղաքացի ես, քանի որ նորմալ երկրներ թռչող ինքնաթիռները մեկնում ու ժամանում էին հիմնականում ցերեկվա ժամերին, որպեսզի մարդիկ որեւէ անհարմարություն չզգային: Եթե մեր կազմակերպիչներն էլ մտածեն այդ ուղղությամբ, հաստատ հնարավոր կլինի ինչ որ բան շտկել: Այնուամենայնիվ վերջում կուզենայի շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, առանձնահատուկՙ ընտանիքիս, այստեսակ հանգիստ կազմակերպելու համար: Այս առիթով հիշեցի եւ ցանկանում եմ ավելացնել եւս մի կարեւոր հանգամանք. ԽՍՀՄ-ում հանգստայան, սանատոր, ճամաբարային եւ այլ ուղեգրերը որպես կանոն 24-օրյա էին, քանի որ համարվում էր, որ երկուական օր կլիմայափոխվելու համար է անհրաժեշտ, իսկ 20-օրյա հանգիստն է իրական ու լիարժեք, իսկ այստեղ տեւողությունն ընդամենը յոթ օր է իր բոլոր անցանկալի ազդեցություններով: Գուցե մեր օրերում էլ է հարկավոր այս ուղղությամբ մտածել, որ հանգիստն էլ իրական հանգստի նմանվի: Դե, հույս ունեմ, որ կյանքը կփոխվի եւ դա էլ կլինի, միայն թե խաղաղություն լինի, իրական անդորր թե՛ մեր սահմաններին եւ թե՛ մեր հոգիներում: 10-18.08.2021 |