ԹՈՒՂԹ ՄԵՂԱՅԱԿԱՆ. ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Խոսք իմ ընթերցողին «Կաշառակեր Էլիոթն ու կիսագրագետ Ռիլկեն Որոշեցին, որ պիտի հայ պոեզիան փրկեն...»: Ղազարոս Աղայանի անտիպ պոեմից Ամեն ոք, որ գրիչ է վերցնում գրավոր խոսք ասելու, գիտի, թե ի՞նչ է գրում եւ ո՞ւմ համար է գրում: Ես ունեմ իմ ընթերցողը, գրել եմ իմ ընթերցողի համարՙ ներքուստ միշտ պատասխանատվություն զգալով իմ ընթերցողի առաջ: Ես ճանաչում եմ իմ ընթերցողին, մենք մշտապես առնչվել, կապ ենք ունեցել միմյանց հետ. բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ եմ ստացել, մամուլի արձագանքներ են եղել եւ, վերջապես, բազում հանդիպումներ ու բանավոր խոսքուզրույցներ են եղել: Էականը այն է, որ իմ ընթերցողը հավատացել է ինձ: Եվ, ցավոք սրտի, մի օր ես թյուրիմացության մեջ եմ գցել իմ ընթերցողին, ապակողմնորոշել եմ նրան, կոպիտ ասածՙ անազնիվ եմ եղել իմ ընթերցողի հանդեպ: Իմ այս գրությամբ ուզում եմ խոստովանել իմ սխալն ու վրիպումը, որ գրականության պարագային ավելին է, քան սոսկ սխալը,- այն մեղք է եւ հանցանք: Եվ իմ այս մեղայականով ուզում եմ ներողություն խնդրել իմ ընթերցողից եւ հայցել իր ներողամտությունը: Իմ բացատրությունը ստիպված եմ սկսելու մի փոքր հեռվից: Ես իմ գրական ուսումն ու դաստիարակությունը, եւ այն էլՙ հիմնավոր ուսում, ստացել եմ Պարույր Սեւակի տանը: Արվեստի իմ ոչ պակաս հիմնավոր կրթությունը ստացել եմ Մինասի արվեստանոցում: Դժբախտաբար շատ շուտ զրկվեցի իմ այս ուսուցիչներից: Պարույր Սեւակը ողբերգականորեն զոհվեց 1971 թվականի հունիսի 17-ին: Այդ օրը մեր ողջ կուրսը դիպլոմային աշխատանք էր պաշտպանում համալսարանի կենտրոնական մասնաշենքի աջ թեւում, երկրորդ հարկում, բանասիրական ֆակուլտետի No 34 լսարանում: Մինասը նույնքան ողբերգականորեն զոհվեց 1975 թվականի փետրվարի 23-ին: Ես նոր-նոր, 1974 թվականի դեկտեմբերի 30-ին, ավարտել էի ասպիրանտուրան եւ ատենախոսությունս պատրաստել պաշտպանության: Բարեբախտաբար արդեն գրական ընկեր-բարեկամներ ունեի, որոնք ինձ համար եղան բարոյական նեցուկ, օգնեցին ճիշտ կողմնորոշվելու գրականության եւ մշակույթի հարցերում, վերաբերմունք եւ կեցվածք ճշտելու գրական միջավայրում, մեր հանրային ու գրական բարքերի մեջ: Նրանք իմ կյանքում ավելին եղան, քան սոսկ գրական ընկեր-բարեկամը: Ես խոսում եմ, առաջին հերթին, իսկական արվեստաբան եւ խորունկ գիտնական Վիլհելմ Մաթեւոսյանի, ընտիր գրականագետ եւ հայկաբան Ալբերտ Կոստանյանի, ներհուն գրող եւ աննման թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մասին: Թեեւ, ճշմարիտն ասած, սովորել եմ մշտապես շատ-շատերից, սովորել եմ գրական ու մշակութային իմ բոլոր ընկեր-բարեկամներից, ինձ հանդիպած բոլոր օժտված մարդկանցից: Իմ անվանած անձինք գրական ու բարոյական բարձր սկզբունքներ ունեցող մարդիկ էին, ընդգծված անհատականություններ: Եվ նրանք խորհրդային երկրում, խորհրդային իրականության մեջ համարձակվեցին ապրել, մտածել եւ գրել իրենց դավանած սկզբունքներով: Եվ դրա համար էլ հայտնվեցին կյանքի եւ գրականության լուսանցքներում: Հայերեն գրագետ երկու նախադասություն գրել չիմացողները պարգեւներ, մեդալներ, մրցանակներ էին ստանում, Կարպիս Սուրենյանին «Ֆորսայթներ»-ից հետո մերժեցին բոլոր իր հայտերը եւ գիրք չտվեցին թարգմանելու: Իսկ իր հրատարակած գրքերի մասին լուր անգամ չեղավ մամուլի էջերում: Տասնյակ տարիներ «Սովետական գրականություն» ամսագրի գրականագիտության բաժինը վարած Ալբերտ Կոստանյանը նույնիսկ Գրողների միության անդամ չէր: Եթե մանրամասնեմ, տասնյակ էջեր են պետք: Ինչեւէ: Եվ այդ մարդիկ հավատում էին ինձ: Նաեւ նրանք ձեւավորեցին իմ գրական մտածողությունն ու ճաշակը: Եվ երբ ես որեւէ բան էի գրում, միշտ մտածում էի, թե ի՞նչ կասեն նրանք, իմ ավագ ընկեր-բարեկամները: Նրանք բարձր, խստապահանջ ու բծախնդիր ընթերցող էին, եւ ես ինձ միշտ պատասխանատու եմ զգացել նրանց կարծիքի առաջ: Եվ ես իմ մեջ, երիտասարդ ժամանակից, որոշեցի հետեւել նրանց, լինել նրանց պես, առաջնորդվել ճշմարտության եւ արդարության սկզբունքներով: Ես գիտեի, իհարկե, հասկանում էի, որ մեր երկրում դա գրեթե անհնարին է, համատարած ստի, կեղծիքի, խարդախության եւ խաբեության իրականության մեջ դա ուղղակի անհնարին եւ անկարելի է: Նրանց վիճակն ու դրությունը այլ էր. Վիլհելմ Մաթեւոսյանը ծանր կաթված էր տարել, տնից դուրս չէր գալիս, Ալբերտ Կոստանյանը բացարձակ միայնակ մարդ էր, եւ նրան էլ աննորմալ ու խելագար էին համարում... Եվ այնուամենայնիվ, ես գրեցի այն, ինչ որ իրոք ես ցանկացա գրել, մերժեցի պատվերով գրելու, մանավանդ շահավետ պատվերով գրելու առաջարկները: Հետո ես նախընտրեցի զբաղվել մերժված կամ մոռացված հեղինակներով, ասենք, օրինակ, Կոստան Զարյան, Հրանտ Նազարյանց, գրել եմ ժամանակակից մերժվածների մասին, հրատարակել նրանց գրքերը: Նրանց անունները ես արդեն տվել եմ: Եվ ես ջանացի իմ գրություններում, գրական իմ նախընտրանքի մեջ ազնիվ լինել: Բայց արի ու տես, որ մի օր վրիպեցի, մի օր սայթաքեցի, թեեւ դա ավելին էր, քան վրիպումն ու սայթաքումը: Դա եղավ 1998 թվականից հետո, երբ ես աշխատանքի անցա «Գրական թերթ»-ի խմբագրությունում: Կարծես թե սատանա մտավ մեջս, չգիտես, թե ինչու, որոշեցի գրել ժամանակակից հայ պոեզիայի մասին: Եվ ես երկու-երեք հոդված գրեցի երկու բանաստեղծի գրվածքների շուրջ: Այդ հոդվածներում ես գովեցի նրանց, երկինք հանեցի, մի խոսքով,- ես հիմա եմ դա հստակ տեսնում,- հասա ծայրահեղ, աններելի չափազանցությունների: Ժամանակներ անց, երբ մի օր կարդացի դրանք, ամոթից գետինը մտա: Ես նրանց վերագրել էի արժանիքներ ու հատկություններ, որ նրանք, իհարկե, չունեին... Այստեղ գործել էին վերագրելու իմ հմտությունն ու կարողությունը: Ես կուզենայի, որ այն, ինչ ես եմ գրել, իրո՛ք լիներ հայ ժամանակակից պոեզիայում: Իրականումՙ դա չկար: Ինձ շատ կշտամբեցին այդ հոդվածների համար, հանդիմանեցին, կոշտ խոսքեր ասացին, մի քանի մոտիկ մարդիկ նույնիսկ պախարակեցին: Մեկը աչքս էր մտցնում դրանցից մեկի ոտանավորների անկենդան տողերը, մյուսի կիսագրագետ ոճավորումները եւ ինձ ասում էրՙ դե, ցույց տուր, որտեղ է այստեղ պոեզիան: Ես ձայն չէի հանում, երբեմն ժպիտով էի ընդունում դրանք: Ինձ ասում էինՙ մի նայիր, ախր, ո՞ւմ ես գովում, ի՞նչ ես գովում, ի՞նչն ես գովում: Մատնացույց էին անում վարքի ու նկարագրի ինչ-ինչ հանրահայտ, բոլորին տեսանելի կողմեր եւ ինձ ասում էինՙ ոնց չես ամաչում: Ես անտեսում էի դրանք: Բանասեր եւ գրքագետ Միսակ Գաբրիելյանը ինձ շատ ծանր խոսքերով պախարակեց: Ուղղակի նետեց երեսիս` «Ո՞նց չես ամաչում: Դու ինչ որ գիտես բարձր գրականության մասին, ինչ պատկերացումներ որ ունես բարձր պոեզիայի մասին, վերագրել ես նրանց: Նրանց գրածներում նման բաներ կա՞ն, նրանց գրածները իրո՞ք այդպիսին են: Բարի եղիր, հիմա ցույց տուր: Մեկից Էլիոթ ես սարքել, մյուսից` Ռիլկե... Ո՞նց չես ամաչում»: Ամաչում եմ գետինը մտնելու չափ: Իմ ընկեր Ղուկաս Սիրունյանը ինձնից նեղացած ու վիրավորված գնաց: Հիմա ամաչում եմ եւ Ղուկասից: Ղուկասը եւ մյուսները ճիշտ էին: Եվ մի օր ես արթնացա ասես լեթարգիական քնից: Կարդացի նորից գրածներս եւ ամաչեցի ինքս ինձանից: Իմ գրական ուսուցիչներն ու բարեկամները կստորագրեի՞ն իմ այդ գրությունների տակ, համամիտ կլինեի՞ն իմ գրածներին: Իհարկեՙ ոչ, հազար անգամՙ ոչ: Դուրս էր գալիս, որ ես դավաճանել էի ոչ միայն ինքս ինձ, այլեւ նրանց: Մինչդեռ նրանք տիպար մարդիկ էին ինձ համար: Նրանք փողով թվանշան չէին նշանակել, կաշառքով ասպիրանտուրա եւ դիսերտացիա չէին կազմակերպել, կաշառքով կիսագրագետ եւ ապիկար մարդկանց աշխատանքի չէին վերցրել, անտաղանդ միջակություններին գրավոր եւ բանավոր չէին գովաբանել, խղճի դեմ տող անգամ չէին գրել, գրական անազնիվ ու անմաքուր պաշտոնյաների հետ չէին նստել-վերկացել, չէին համագործակցել ու դարձել նրանց հաճկատարը, չէին հաճոյացել որեւէ ռեժիմի կամ իշխանության, ամեն տեսակ հարցերում եւ իրադրություններում իրենց պահել էին բարձր արժանապատվությամբ: Ներիր կոպտությունս, սիրելի ընթերցող, բայց նրանք, ինչպես փողոցում կասեինՙ թքած ունեին ամեն տեսակ կոչումների, աստիճանների, պարգեւների ու մրցանակների վրա: Ու ես իմ այդ անհաջող հոդվածներով փաստորեն դավաճանեցի ոչ միայն իմ ընթերցողին, այլեւ նրանց: Եվ այսօր ես, սիրելի ընթերցող, այրող ցավով եւ ամոթով ներողություն եմ խնդրում քեզանից քեզ ապակողմնորոշելու, քեզ թյուրիմացության մեջ գցելու եւ քեզ սխալ, մերժելի ճաշակ տալու համար: Ես նրանց անունները չեմ տալիս, որովհետեւ նրանք առանց անունի էլ ճանաչելի են: Այդ մարդիկ հայ չեն ո՛չ իրենց էությամբ եւ ոչ էլ իրենց գրածով: Նրանց համար Պարույր Սեւակը եւ մյուսները ոչ միայն բանաստեղծ չեն, այլեւ նույնիսկ հայ չեն. ասենք, օրինակ, Համո Սահյանի գրածը «թուրքիզմ» է: Ուրեմն, իրենց խղճուկ նմանակումները կամ անգրագետ ոճավորումները («գյուղորայքնե՜րը») հայեցիություն է, Համո Սահյանը «թուրքիզմ» է, իսկ Պարույր Սեւակն ու Վահագն Դավթյանն ու մյուսները բանաստեղծ էլ չեն: Ամենահոմերոսական, ամենավերգիլիուսական, ամենադանտեական ու ամենաշեքսպիրական այս մարդիկ իրենց ծնված օրից միշտ բաց են Համբուրգներում գրված ամեն ինչի դիմաց, բայց ոչ իհարկե Շնորհալու, Թլկուրանցու կամ Աղթամարցու... Եվ մի օր, երբ նրանցից մեկը սրճարանում, մի քանի հոգու ներկայությամբ, փողոցային գռեհիկ հայհոյանք հասցեագրեց Պարույր Սեւակին ու իր ծնողին, խոստովանում եմ, որ ես ինձ անարժան ձեւով պահեցի, որովհետեւ սեղանին ապակե ծանր շիշ կար դրված, ուրիշ մեկը կառներ այդ շիշը եւ ճիշտ տեղին կգործածեր, մինչդեռ ես միայն գլուխս լուռ կախեցի... Եվս մի բան եմ ուզում պատմել քեզ, սիրելի ընթերցող: Մի օր նրանցից մեկը իմ մասին իբրեւ թե դրվատական հոդված գրեց: Ավելի վիրավորական բան իմ կյանքում չի եղել: Ինձ շատ են հայհոյելՙ ջանալով ինձ նվաստացնել եւ վիրավորել: Ընդ որում հայհոյել են մի բանի համարՙ իմ մի քանի քննադատական հոդվածների, որոնց համար, եթե մենք բնականոն գրական կյանք ու բարոյական միջավայր ունենայինք, պետք է շնորհակալություն հայտնեին: Բայց մենք ապրում ենք հոմո-սովետիկուսների երկրում: Ինձ հայհոյել են հոդվածներով ու զանազան այլ գրություններով եւ նույնիսկ առանձին գրքերով: Ինձ հայհոյագիր է հասցեագրել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի գաղափարական բաժնի պատասխանատու աշխատողը, սովետահայ գրականագիտության գաճաճ Ցախեսը, թեպետ ես նրա դեմ մեկ տառ անգամ չեմ գրել: Ինձ հայհոյագիր է հասցեագրել բանասիրական եւ ապա ժուռնալիստիկայի ֆակուլտետների անմրցելի կաշառակեր դեկանը, ինտելեկտից եւ էրուդիցիայից բացարձակապես զուրկ մի անձնավորություն: Ինձ հայհոյանք է գրել հայերեն դպրոցական գրագիտություն չունեցող ակադեմիկոսը, որ իր մի գրքում սեւով սպիտակի վրա գրել է, թե Լեւոն Շանթը խորապես ուսումնասիրել է եվրոպացի փիլիսոփաներ Պարսիֆալի, Զիգֆրիդի, Վալկերիայի, Տանհոյզերի եւ այլ մտածողների աշխատությունները: Ինձ հայհոյել են նրա մոնթերը, կլանի երկրպագուներըՙ ժառանգական որկրամոլ, ծղրտաձայն մի դոկտոր, հետո` գավառական ու գավառամիտ մի այլ դոկտոր, Գրականության ինստիտուտի տկարամիտ մի աշխատակից, սովետական կոմսոմոլի մի տգետ թափթփուկ... Բայց ես նրանցից չեմ վիրավորվել, նրանք այն են, ինչ կան: Մարդկանց փաստ ես մատնացույց անում, նրանք դրան չեն պատասխանում, սկսում են քեզ հայհոյել ու անարգել, վրադ կեղտաջուր են լցնում: Աղքատիմաց ու տգետ մարդկանց ճանապարհը դա է: Ես նրանցից չեմ վիրավորվել, նրանցից ի՞նչ վիրավորվես. հոմո-սովետիկուսի մի տեսակը կա, որից երբեք չի կարելի վիրավորվել: Եթե կենդանու պոչը տրորես, տեղնուտեղը ոտքդ կկծի: Թեեւ, ճիշտն ասած, մի օր այդպես էլ եղավ. մի անգամ նույնիսկ ոտքս կծեցին: Դառնամ այդ գրությանը: Նրանցից չվիրավորվեցի, բայց իմ մասին այս գրությունը ինձ խորապես վիրավորեց: Թերթի մեկուկես էջանոց գրության մեջ իմ գրքերի անուններն անգամ չկային: Ինչ վերաբերում է իմ կատարած գրական ու բանասիրական աշխատանքին, դե, դրա մասին խոսելու համար մարդը պետք է տեղյակ լինի, նյութն իմանա, բանասիրական գիտելիք եւ իմացություն ունենա: Այդ հոդվածը փաստորեն իր` գրության հեղինակի մասին էր: Թե իմ անունն այդտեղ ի՞նչ գործ ուներ, չհասկացա... Դժբախտաբար, ես շատ ուշ, միայն հիմա, միայն այս տարիքիս եւ այն էլ իմ դառը կենսափորձով, հասկացա մեր անարգ ու անբարո իրականության մեջ անվթար ապրելու մեծագույն գաղտնիքն ու խորհուրդը. այն էՙ երբեք չշփվել եւ չառնչվել,- եթե դա հնարավոր է,- այն մարդկանց, որոնց ներքուստ չես համակրում, չես հարգում եւ երբ համոզված ես, որ նրանք արժանի չեն հարգանքի ու համակրանքի, որեւէ շփումի կամ առնչության: Ասեմ քեզ, սիրելի ընթերցող, որ իմ այս գրությամբ ես ինձ այսօր թեթեւացած եմ զգում եւ ազատված շատ ծանր զգացողությունից: Ամենակարեւորը այն է, որ մի քսու եւ քստմնելի բանսարկուի, ստոր խարդավանքների մի զազրելի վարպետի շնորհիվ,- այո՛, շնորհիվ, դու ճիշտ կարդացիր, սա երեւի այն եզակի դեպքն է, երբ պետք է ասել շնորհիվ,- ես ազատվեցի ինձ չվայելող, չպատշաճող եւ նույնիսկ վարկաբեկող կապերից ու հարաբերություններից: Ամենակարեւորն ու էականը ինձ համար այսօր դա է, մնացյալը միգուցե թե ոչ այդքան էական է եւ ոչ էլ այդքան սարսափելի: Ես սա պետք է ասեի եւ ասացի: |