ՓԻԹԵՐ ՆԱՃԱՐՅԱՆԻ «ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ» ՆՈՐ ՀԱՏՈՐԸ Հ.Ծ. Այն վերնագրված է «Երկուսով աստվածային սիրո հանդեպ» (Mutual in love Divine) եւ բաղկացած է հիվանդությունների եւ մահվան թեմաների շուրջ հյուսված 16 գլուխներից կամ դրվագներից: Պատմությունն սկսվում է հեղինակի մանկությունից, երբ նա հաշմանդամ հորն է խնամում եւ աղոթում, մոմ վառելով, որ նա ապաքինվի, եւ ավարտվում է Հայաստանում 1988-ի երկրաշարժիՙ «պատմության այդ մղձավանջային» իրադրության զոհերով: Նաճարյանը խիստ պատկերավոր նկարագրություններով է ներկայացնում փրկարարների եւ հարազատների փնտրտուքները: Այն հիշեցնում է նրան իր ծնողների վերապրողներՙ այսինքն «մահվան համը» տեսածներ լինելը: «Կոտորածներից հետո» գլուխը պատմում է ընտանիքի անդամներիՙ զոհվածների եւ վերապրածների մասին, որտեղից տեղեկանում ենք, որ «տատիկի աղավաղված դեմքը իր մայրը չի կարողացել հիշել» եւ «Պողոս հորեղբոր գերեզմանն էլ գտնվում է Հալեպի եւ Դամասկոսի միջեւ ընկած սիրիական անապատի մեջ մի վայրում»: Ծանոթ մարդկանց մահվան կամ ինքնասպանության դրվագները բավական շատ են գրքում: «Մահվան թեման որպես գրական նյութ նորություն չէ, սակայն նորությունը հեղինակի խիզախությունն է դիմագրավելու իր ընտանիքի այդ սեւ էջերը, եւ թղթին հանձնելու իր վճռականությունը», գրում է գրախոսող Արփի Կարաֆյանը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Նա մեզ հիշեցնում է հեղինակի մոր գանգատներն այն մասին, որ որդինՙ Փիթերը, միայնակ է, ամուսնացած չէ, եւ «մեկ փող չբերող գործիցՙ նկարչությունից անընդհատ անցնում է մեկ այլ փող չբերող գործիՙ գրելուն»: Զարուհի մոր երկարամյա նվիրվածությունը որդուն եւ ընտանիք կազմելու նրա հորդորները լավագույն ձեւով են ներկայացվել գրքում որպես «մղձավանջի» եւ «մենակության» դեմ պայքարելու պարտադիր միջոցի: «Դրան նպաստում է նաեւ Նաճարյանի պատմելաոճի կախարդական հմայքը», եզրակացնում է գրախոսողը: |