RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2151, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏՆԻ ՍՐՏԱԲԱՆ ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԻՍ ՍՐՏԵՐԸ ԲԱԲԱԽՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Օրերս ուրախալի լուր ստացվեց Մոսկվայից. օգոստոսի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հայազգի ճանաչված սրտաբան-վիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին պարգեւատրելու մասին:

«Սրտաբան-վիրաբույժ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, Ա. Վիշնեւսկու անվան Վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն Բագրատ Ալեքյանին պարգեւատրել Ալեքսանդր Նեւսկու շքանշանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ժամանակակից կարդիոլոգիայի համաշխարհային դեմքերը մեկ անգամ չէ, որ տարբեր առիթներով անդրադարձել են մեր նշանավոր հայրենակցի կատարած եզակի վիրահատություններինՙ նշելով, որ նա փայլուն տիրապետում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդաբանությանն ու գաղտնիքներին, հարյուրավոր վիրահատությունների հեղինակ է, այդ թվում` նախադեպը չունեցող եւ աշխարհում առաջին անգամ սրտի մի շարք կարեւոր վիրահատությունների:

Նրան իրենց սիրտն են վստահում ռուսաստանցի բազմաթիվ հայտնի մարդիկՙ հասարակական-քաղաքական երեւելի դեմքեր, գիտնականներ, մշակույթի, շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, Ալլա Պուգաչովան:

Ավելի քան չորս տասնամյակից ավելի Ռուսաստանում հայտնի եւ մեծ ճանաչման արժանացած բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին, Երեւանում: Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Ալեքյանի որդին է:

1974 թվականին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: 1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի եւ արյան անոթների հետազոտման եւ բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականիցՙ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահ, ՌԴ առողջապահության նախարարության եւ ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահ, 2002 թվականիցՙ Ճառագայթաբանների եւ ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի եւ անոթների հիվանդությունների հետազոտման եւ բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար:

Բագրատ Ալեքյանի բազմաթիվ գիտական աշխատանքները վերաբերում են սրտի եւ արյան անոթների ներանոթային ախտորոշման եւ բուժման հարցերին:

2007-ից անվանական կրթաթոշակներ է հովանավորում Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում:

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայությունը կրում է Բագրատ Ալեքյանի անունը:

Մեր հայրենակիցն արդեն 46 տարի ապրում եւ աշխատում է Մոսկվայում, բայց երբեք չի խզել կապը հայրենիքի հետ: Նա մարդ է, ում երկու ոտքը Ռուսաստանում է, սիրտը` Հայաստանում: Ալեքյանն անտարբեր չէ Հայաստանի ճակատագրի հանդեպ, ապրում է իր հայրենիքի հոգսերով եւ ցանկանում է հզոր տեսնել Հայաստանը, եւ անպայման տեսնել առաջադեմ պետությունների շարքում:

Ճանաչված բժիշկ լինելուց զատՙ նա նաեւ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման մեծ ջատագով է, արդեն երկար տարիներ առիթը բաց չի թողնում իր ռուս գործընկերների հետ մեկնել Հայաստան, անհետաձգելի վիրահատություններ կատարել, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել հայրենակիցներին:

- Մենք բոլորս մեծ առաքելություն ունենքՙ Հայաստանի կողքին լինել, օգտակար լինել Հայրենիքին,-ասում է Բագրատ Ալեքյանը: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ եւ Ռուսաստանում ինձ հետ աշխատող գործընկերներիս հետ, բնականաբար, մեծ անելիքներ ունենք Հայաստանում` մեր պարբերաբար այցելություններով օգնության ձեռք մեկնելու եւ բժշկելու մեր հայրենակիցներին: Ես նաեւ կողմնակից եմ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը էլ ավելի սերտացնելուն եւ խորացնելուն, ուստի իմ այցելությունների ընթացքում ինձ հետ հաճախ են լինում նաեւ ռուս բժիշկներ, ովքեր սիրով պատրաստակամություն են հայտնում ընկերակցելու մեր թիմին...

Եղել են նաեւ դեպքեր, երբ Բագրատ Ալեքյանն իր արձակուրդն անցկացրել է... «Էրեբունի» ԲԿ-ի վիրահատարանում: Վերջին անգամ լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ Հայաստան է ժամանել կնոջ հետ մի քանի օրով հանգստանալու, սակայն որոշել է հանգիստը համատեղել աշխատանքի հետ ու մի քանի վիրահատություն է իրականացրել «Էրեբունի» ԲԿ-ում:

Նա նշել է, որ ներկայումս Հայաստանում ինտերվենցիոն սրտաբանությունը շատ բարձր աստիճանի վրա է գտնվում: Այստեղ գործում է 8-9 կենտրոն, ու դրանցից ամենախոշորը «Էրեբունի» ԲԿ-ն է: «Հայաստանում տարեկան 7-8 հազար ստենտավորում է իրականացվում: Դա շատ մեծ թիվ է: Գերմանիայում 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 3600 ստենտավորում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում 2-2.5 մլն բնակչություն է, ապա մեզ մոտ նույն ցուցանիշն է, ինչ Գերմանիայում: Ռուսաստանում այս թիվը կազմում է 1300ՙ 1 մլն բնակչության հաշվարկով»,- ասել է Բագրատ Ալեքյանը:

«Էրեբունի» ԲԿ-ի սրտաբանության ու սրտանոթային վիրաբուժական կենտրոնը վաղուց է համագործակցում Բագրատ Ալեքյանի հետ, ու նա երբեք բաց չի թողնում հայ գործընկերների հետ աշխատելու հնարավորությունը:

«Բագրատ Ալեքյանի նման բարձրակարգ մասնագետի հետ համատեղ աշխատանքը լրացուցիչ փորձ ու գիտելիքներ են, ու մեր երիտասարդ բժիշկները միշտ հաճույքով ու ուրախությամբ են աշխատում նրա հետ»,- նշել են բուժկենտրոնի մասնագետները:

- Այսօր Երեւանում լավ կենտրոններ ունենք,-ասում է ճանաչված պրոֆեսորը: Էրեբունի բժշկական կենտրոնը, Նորք-Մարաշի սրտաբանականը արդյունավետ աշխատում են, եւ առիթից օգտվելով նշեմ, որ ինձ հաճախակի են հրավիրում բարդ վիրահատություններ կատարելու Էրեբունի բժշկական կենտրոնում, ինչը սիրով անում եմ: Այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Ռուսաստանում եւ Հայաստանում, մեծ թիվ են կազմում սրտանոթային հիվանդություններն ու դրանով պայմանավորված, ժամանակին բժշկի չդիմելու դեպքումՙ մահացությունների թիվը: Ռուսաստանի նախագահը հարց է դրել, որ 2027 թվականին բնակչության միջին տարիքը բարձրանա, տղամարդիկ ապրեն առնվազն 80, կանայքՙ 88 տարի: Սա ծրագիր է, որը, հույս ունենք, կիրականանա եւ այս կարեւոր հարցում նախանձախնդրություն կցուցաբերվի նաեւ Հայաստանում: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ առողջ լինեն, իսկ դա նշանակում էՙ ուրախ լինել, որովհետեւ եթե մարդն ուրախ է, ուրեմն ամեն ինչ լավ կլինի:

- Մի քանի տարի առաջ մենք Ռուսաստանում ստեղծեցինք հայ բժիշկների ընկերակցություն, ես էլ ընտրվեցի նախագահ: Մենք որոշակի աշխատանքներ ենք կատարում, երկու հիմնական ծրագիր ունենք: Առաջինՙ այնպիսի պայմաններ ստեղծենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի բժշկական կազմակերպությունները կապի մեջ լինեն, մանավանդ որ կան շատ անվանի մասնագետներ: Դա այն ժամանակ նախաձեռնեցինք, երբ Երեւանում տեղի ունեցավ հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսը, որին մենք մասնակցեցինք մեծ պատվիրակությամբՙ 100 բժիշկ: Մեզ հետ տարել էինք նաեւ տասը հայ ուսանողների, ովքեր սովորում էին Մոսկվայի բժշկական բուհերում:

- Հիմա անչափ բարդ ու դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, դեռ թարմ են պատերազմի վերքերը, տագնապի ու լարվածության մեջ է ժողովուրդը, մի կողմից էլՙ կորոնավիրուսային համավարակի այդպես էլ չնահանջող վտանգն է նեղում մարդկանց: Այս բարդ իրավիճակում շատ եմ մտածում, թե ինչպես պետք է իմ հայրենակիցները հաղթահարեն այս դժվարությունները, մտածում եմ Ռուսաստանի ու Հայաստանի կապերի սերտացման, մեր ավանդական բարիդրացիական առնչությունների մասին, ինձ համար անչափ թանկ է երկու ժողովուրդների բարեկամությունը: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ Ռուսաստանի համար եւս կարեւոր է, որ Հայաստանը կայուն վիճակում գտնվի, եւ իհարկե, այսօր Ռուսաստանը պետք է բոլոր հարցերում աջակի Հայաստանին, այդ թվումՙ բժշկության զարգացման գործում: Մենքՙ ռուսաստանցի հայ գիտնականներս եւ բժիշկներս պատրաստ ենք ամեն կերպ սատարել այդ նվիրական գործի իրականացմանը:

Իմացած եղեք, որ ռուսաստանաբնակ հայերիս սրտերը բաբախում են Հայրենիքի խաղաղության, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ