ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԸ ՀՈՒՅՍ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Երեւանի ավագանուՙ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ու նոր քաղաքապետ ընտրելու գործընթացն ու արտահերթ նիստն ասես «Կարգին հաղորդման» հերթական մանրապատումը լիներ: «Վերջին խոսքի» եզրափակիչ ելույթում ոչ թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ «կարգին Հայկոն» էր խոսում: Նախկին քաղաքապետը բերանի ծամածռությամբ, կոմիկ դերասանի ժեստերով, մուննաթախառն հեգնանքով այնպես էր խոսում, ասես քաղաքապետ աշխատելով, լավություն է արել: Չմանրանալով նրա ելույթի դրույթների մեջ, որոնք հիմնականում մոտ էին իրականությանը, բայց աբսուրդային այնքանով, որ դրանց հայելային արտացոլանքը հենց իր թողտվությամբ նաեւ իր ղեկավարած կառույցում է եղել, փաստենքՙ տեղի ունեցածը սոսկ ֆարս էր: «Ազգ»ի տեղեկություններով, մինչեւ վերջին պահը Մարությանը հույս է ունեցել, որ «Իմ քայլը» խմբակցության մեծ մասը, այնուամենայնիվ, իրեն հեռացնելու նախագծին կողմ չի քվեարկի: «Մտածում էրՙ այս ընթացքոմ ինքն իր թիմն է ձեւավորվել, ու մարդիկ իրենց համոզմունքներին, ընկերությանը դեմ չեն գնա, չեն քվեարկի, ու անգամ արդյուքնները հայտարարելիս սպասում էր, թե ձայների այլ հարաբերակցություն կլինի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը: Հայկ Մարությանը, անխոս, Երեւանի լավագույն քաղաքապետը չէր, բայց հասկանալի է նաեւ, որ կատարված ֆարսը սոսկ քաղաքական խուլիգանություն է: Եվ բացառված չէ, որ կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ավագանու իշխող թիմն այժմ էլ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին անվստահություն հայտնի, ենթադրենք, այլմոլորակային ուժերի հետ համագործակցելու համար: |