RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-12-23 23:26:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2309, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՉՕԳՆԻ ԷԼ, ԻՆՔՆԵՐՍ ԱՍՏՎԱԾ ԿԿԱՐԳԵՆՔ ՄԵԶ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դեկտեմբերի 18-ին Կոմիտաս կոնսերվատորիայի համեստ մի ազդագիր ծանուցում էր, որ ուսանող Արամո Մամիկոնյանը ներկայացնելու է Շուբերտի հանրահայտ ու հանճարեղ ստեղծագործություններից մեկըՙ «Ձմռան ճամփա» վոկալ շարքը: Մեր երկրի 100-ամյա այս հաստատության հարկի տակ 2020-ի դեկտեմբերի 17-ին Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգային շքեղ ծրագրով վերարթնացած օպերային ստուդիան 2021-ի տարեվերջյան երաժշտական նվերն է մատուցումՙ իր լուրջ ընտրությունը հանդիսատեսին ընծայելով: Օպերային ստուդիայի մեկամյա գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը բազմիցս հաստատել է, որ հստակ ծրագիր ունի, ահռելի գիտելիք, չի վախենում դժվար մարտահրավերներից եւ որ ամենակարեւորն էՙ զգայուն սիրտ ունի եւ երաժշտության միջոցով մեր հիվանդ հոգին դարմանելու առաքելություն է ստանձնել:

2020-ի սեպտեմբերից պատերազմը մեր տուն է մտել, եւ տարվա բոլոր եղանակների մեջ, անգամ գարնան ծաղկած ծառերի սպիտակ հարսնաքողի մեջ շատերս ձմռան սպիտակն ենք տեսնում...Ձմեռն այդ անշնչացրել է մեր 5000 զինվորի, ձյունապատ ճամփան չհալչող սառույց է կապել եւ տունդարձի ճամփան չեն գտնում մեր անհետ կորածները: Օպերային ստուդիայի այս հրավերն ընկալելի կարող էր լինել որեւէ ամսի, բայց ժամանակայինՙ տարեվերջին դրա ներկայացումը, երբ մարդու մեջ Ամանորի, սուրբ Ծննդյան տոնին սպասելու, իր ներսը քննելու, իր հոգու տաճարը նորոգելու, ապրելը վերաիմաստավորելու խնդիրն է հառնում, ուրիշ շեշտադրում ունիՙ մեր ներսի, մեր ներքին ճամփան ենք քննում:

Գերմանալեզու երկու հեղինակՙ Ֆրանց Շուբերտն ու բանաստեղծ Վիլհելմ Մյուլլերն այդ երեկո մեկ ժամից ավելի հնչում էին օպերային ստուդիայի գեղեցիկ վերանորոգված բեմից, եւ նրանց ստեղծագործական համերաշխության ականատեսն ու ունկնդիրն եղանք այն սակավ ընտրյալներս, որ հավատացել էինք, թե հենց այս բեմից իր համաշխարհային բեմական ուղին է հարթում մի համեստ երիտասարդ, որի ձայնի մեջ մեր բնաշխարհի բոլոր գույները կան, եւ աշխատասիրության շնորհիվ այդ գուներանգներն առավել փայլ են ստանալու: Արամո Մամիկոնյանի երգչական, բեմական վերելքին հավատում է Հասմիկ Պապյանը: Մեծ օրհնություն է այդ հավատը:

Շուբերտիՙ 24 երգից բաղկացած «Ձմռան ճամփա» շարքը բարդ մարտահրավեր է, եւ դժվար թե գտնվեն մարդիկ, որ Ավստրիայում, Գերմանիայում, գերմանախոս երկրներում դրա ազդագիրն անընդհատ ու հաճախ տեսնեն համերգային դահլիճների պատերին: Երգիչը որոշակի հասունություն, զգայականություն պիտի կուտակած լինի, որ կարողանա արտահայտել մարդկային ցավն ու տառապանքն այնպես, ինչպես փոխանցում է այս երգաշարը: Համերգասրահում ինձ հանդիպած քարտեզագետ Ռուբեն Գալչյանը , նրա տիկինը շատ երջանիկ էինՙ Լոնդոնում համերգ բաց չենք թողել, բայց որեւէ անգամ Շուբերտի այս շարքն ամբողջական ունկնդրելու առիթ չի եղել: Բարդ է, խուսափում են: Իսկ Արամո Մամիկոնյանն անշուշտ խոստումնալից է, ուրախությունն առանց թաքցնելու համերգի ավարտին փոխանցում է Ռուբեն Գալչյանը:

«Ձմռան ճամփա» շարքի քնարական հերոսը սիրուց մերժված մի երիտասարդ է, որ թողել է քաղաքն ու տունը, ձյուն ձմեռնոցով, մութ ու խավարի մեջ ճամփա ընկելՙ հոգուն համահունչ դատարկ ու ամայի վայրերով անցնելիս պատմում է իր կորցրածի, ցավի, զայրույթի, միայնության, հուսաբեկության մասին:

Թե՛ բանաստեղծական տեքստի հեղինակ Վիլհելմ Մյուլլերը, որ հայտնի է եղել Նապոլեոնի դեմ ազատագրական պայքարին մասնակցությամբ, թե՛ Շուբերտը քաղաքական ակտիվ վարք են ունեցել, որ իր արտահայտությունն է գտել նաեւ «Ձմռան ճամփա» շարքում: Ուստի խորթ չի կարող լինել այն մեկնաբանությունը, թե հայրենիքից օտարված սիրո կնիքն ունի այս շարքը: «Օտար եմ ես այստեղ, օտար էլ հեռանում եմ» տողը, որով սկսվում է շարքը, մեր հոգու դուռը բացում, մեր ներսի հետ խոսում է այնպես անկեղծ, որ դարերի, հասարակարգերի, երկրների, լեզվի խզում չի նկատվում: Պատերազմից հետո Շուբերտի երաժշտական այս կտավը, որում ձայնն առավել վայրընթաց, բայց քնքուշ է, որում վիրավոր հոգու ձայնին օրոր է երգում քամին, եւ մեղեդին գծում է անուրջներ պահած ծառի ուրվագիծը, ձյան մեջ պահ գտած ոտնահետքը, սառած արցունքը, գետի լռությունը, վերջին տերեւն ու հույսը վերջին, շների արթնացնող հաչոցը, ձյանն ու քամուն դիմահար ընթանալու կամքը, առավել խոր հետք է թողնում, քան նախկինում, երբ անձնական ցավը համազգային տառապանք չէր դարձել:

Վերջին երգը, որ շրջմոլիկ երաժշտին է ուղղված, որն ուկնդիր չունի, բայց դեռ երգում է, որքան էլ հուսաբեկության, բայց եւ լավատեսության շող ունի: Ի վերջո չի դադարում երգը, ձայնը, Բանը:

Շուբերտը 26- 28 տարեկանում է գրել այս շարքը, եւ իմ տպավորությամբ տենոր Արամո Մամիկոնյանը հենց Շուբերտի տարիքին է: Ճաշակե՞լ է նա մերժված սիրո դառնությունը, ինձ հայտնի չէ, բայց պատերազմի բերած անանց տառապանքը, մեր օրերի հայոյախառը խոսքը եւ աստվածային Բանից հեռանալու ամենօրյա հոծ դարձող ուրվագիծը, լուսազուրկ ապագան չեն կարող անհետ մնալ, երիտասարդ մարդու ներսում չամբարել դառնություն եւ ցավ: Նա բեմին շատ է սազում, բարձրահասակ է, բարետես, իսկ աչքերը խոսուն են եւ լրացնում են երաժշտական դադարը: Այդ օրը մեկ ժամից ավելի բեմում էր, կանգնած նույն դիրքով, ազնվական կեցվածքով, եւ երգում էր այնպես հանդարտ, առանց հատուկ ջանքի, ասեսՙ Մյուլլերի գերմաներենն ի՛ր տեքստը լիներ: Թվում էր, թե նա ոչ թե մեկնաբանում, այլ իր ներսում հնչող չափածո խոսքը երգելով է արտաբերում: Գերմաներեն լեզվի գեղեցկությունը ընկալել է տալիս Արամոն, որ բոլոր հնչյունները հստակ արտաբերում է: Դաշնամուրի ձայնն ու մարդկային ձայնը լրացնում էին միմյանցՙ առանց խանգարելու, եւ ունկնդրին թվում էր, թե սա է հենց երաժշտության ներքին կյանքը, այնտեղ կարգուկանոն պահպանելու անխախտ օրենքը: Դաշնակահար Արուսյակ Ռշտունին զուտ նվագակցող չէ, նա հաղորդակցություն է ստեղծում նաեւ ունկնդրի հետ, եւ համերգը հաջողություն է գրանցում:

Մեր կյանքը կառավարող ապաշնորհ քաղաքական գործիչները հուսահատությունն այնքան են մերձեցրել մեր հոգու թափանցիկ սահմանին, այնքան արագ են կրկնապատկում իրենցից մեր հիասթափությունը, որ Շուբերտի «Ձմռան ճամփան» այլ կերպ եմ ընկալում: Ավելի լուսավոր, դիմակայելու հրամայականն ի մտի ունենալով: Քանի երաժշտագետներն ու քննադատները բացակայում են համերգային դահլիճներից, լրագրողներիս են թողել լուրջ բաների մասին արտահայտվելու առիթը, ներող կլինեք, եթե ավանդական, արտոնություն ստացած վերլուծական գծից շեղվեմ: Ինչպես 22-րդ «Քաջություն» երգն է հուշումՙ «համարձակ պայքարիր քամու եւ ձյան դեմ: Եթե աստված մեզ չօգնի էլ, ինքներս աստված կկարգենք մեզ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ