ՀԳՀԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆ ՈՒ ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ Վիեննայում ընթացող առկախված բանակցությունների վերջին փուլը հույսեր է ներշնչում, որ կողմերի միջեւ համաձայնության հասնելու հնարավորություններն սպառված չեն: Բանակցությունների 7-րդ փուլում ներկայացված առաջարկությունների կապակցությամբ որոշում կայացնելու համար Թեհրանը ժամանակ է խնդրել: Ըստ որոշ տեղեկությունների, վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է: Բանակցությունները վերսկսելու ժամկետիՙ դեկտեմբերի 27-ի շուրջ Իրանի հետ բանակցող կողմերի միջեւ առկա համախոհությունն արդեն իսկ հուսադրող է: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը դեկտեմբերի 21-ի իր շաբաթական ելույթի ժամանակ գոհունակություն է հայտնել թեկուզ դանդաղ, սակայն շարունակվող բանակցությունների ընթացքի ու համաձայնեցված տեքստի նախագծի կապակցությամբ: Խոսնակն անդրադառնալով պատժամիջոցների վերացման հեռանկարին, նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է 2015 թվականին համաձայնեցված բանաձեւի շրջանակներում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Հայտնի է, որ ՀԳՀԾ-ի շուրջ ընթացող բանակցությունների հանգուցալուծումն անմիջական առնչություն է ունենալու Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ: Իսկ բանակցությունների ավարտով պայմանավորված, Թեհրանը փորձելու է ձեւակերպել իր ակնկալիքները Վաշինգտոնից: Հասկանալի է, որ Իրանի առաջին սպասելիքը, իրանական տարբեր կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն է: Դրա շնորհիվ, Իրանի իշխանությունները բավարար միջոցներ կունենան հոգալու երկրի հասարակության կարիքներն ու մեղմելու ներքաղաքական լարվածությունը: Երկրորդ սպասելիքըՙ միջազգային մակարդակով Իրանին պատակնող ֆինանսական միջոցների ապասառեցումն է: Սակայն, դրանից բացի, Իրանը բանակցություններից ունի նաեւ այլ ռազմավարական ակնկալիքներ, որոնք առնչվում են մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրներին: Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ընթացող անդրկուլիսյան բանակցությունների մի մասը, որոշ քաղաքական դիտորդների կարծիքով, կապված է Լիբանանի հետ: Իրանն ակնկալում է, որ ամերիկյան կողմը հանձին Հըզբոլլահի, կընդունի Լիբանանում պատմականորեն ձեւավորված իրանական ազդեցության փաստը: Սիրիայի խնդրում նույնպես Իրանն ակնկալում է Բաշար Ասադի իշխանության շարունակականության պահպանման հարցում Վաշինգտոնի երաշխիքը: Հակառակ սիրիական հարցում Բաշար Ասադի ու Ռուսաստանի հետ Իրանի ունեցած տարաձայնությունների, Թեհրան-Դամասկոս ռազմավարական հարաբերությունները դե ֆակտո շարունակում են գոյություն ունենալ: Իրանի ցանկությունն է, որպեսզի Բայդենի կառավարությունը հրաժարվի Ասադի իշխանության տապալման մտադրությունից եւ շարունակի Սիրիան համարել իրանական ազդեցության գոտի, այնպես, ինչպես ընդունել է Սիրիայի հյուսիսային ու արեւելյան շրջաններում Ռուսաստանի ազդեցության ու քրդերի տիրապետության փաստը, որի վերջնարդյունքում Իրանի իշխանություններն ու ԱՄՆ կառավարությունը կարձանագրեն Ասադի իշխանության շարունակականության ու Թեհրանի ու Դամասկոսի միջեւ ռազմավարական կապի իրողությունը: Իրաքի հարցում Թեհրանի ակնկալիքը, կապված Իրաքի ողջ տարածքից ԱՄՆ զինված ուժերի հեռացման հետ, նույնպես հայտնի է Վաշինգտոնին, որի մասին հաճախ է բարձրաձայնվում Իրանին հավատարիմ զինված ուժերի կողմից: Սակայն Իրաքի հարցում Իրանի գլխավոր նպատակը, ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո, Իրաքում համատեղ պաշտպանական համակարգի ստեղծումն է, որին դեմ է ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը: Սակայն Թեհրանը հույս ունի, որ վերջնական որոշումը կայացվելու է ԱՄՆ կառավարության կողմից: Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ Թեհրանի չբարձրաձայնված մյուս պահանջը, Իրանում եւ Իրանից դուրս ԻԻՀ վարչակարգի տապալմանը ձգտող հակակառավարական ուժերին հովանավորելուց հրաժարումն է: ԱՄՆ-ում ՀԳՀԾ-ի վերականգնման հարցի ջատագովներն այն կարծիքին են, որ բանակցությունների ընթացքում տրամաբանական չէ պաշտպանել Իրանի իշխանական համակարգի տապալմանը ձգտող ուժերին: Իսկ Իրանի իշխանությունները լավ են գիտակցում, որ այսօր գտնվում են տարածաշրջանում ԱՄՆ-ից ակնկալվող աշխարհաքաղաքական նպատակների կատարման սեմին, չցանկանալով, սակայն, իրենց միջուկային ու հրթիռային ծրագրերի վերահսկողությունը վստահել Արեւմուտքին: Արդյո՞ք կարելի է իրատեսական համարել Թեհրանի սպասելիքները Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքի ու այդ գործընթացին հաջորդող իրանանպաստ լուծումների համար: Անշուշտ, հարցի դրական պատասխանը լավատեսության բարձր չափաբաժին է ենթադրում: |