RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021



Տեղադրվել է` 2021-12-29 00:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 6339, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՑԱԽՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ Է». ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ

«Բոլորը հիացած էին պարոն Բեգլարյանով․..»

Գուրգեն Ջ․Խաժակյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ - AMAA) հոկտեմբերի 21-24-ը անցկացրել է իր 102-րդ ամենամյա ժողովը եվ տարեկան ճաշկերույթը Ֆրեզնոյի Pilgrim եկեղեցու տարածքում:

Ստորև ընթերցողը կգտնի դրա քրոնիկոնը՝ որոշ մեկնաբանություններով:

Պաշտոնական հանդիպումներ

Ինչպես գրում է ամերիկահայ հեղինակ Ֆիլիպ Թավլյանը, «Ամենամյա անդամական հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության պետական նախարար պարոն Արտակ Բեգլարյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՀԱԸ-ին ՝ իր այն արժեքների և ծառայելու ոգու համար, որը նա ստացել է Արցախի նույն՝ ԱՀԱԸ ամառային ճամբարներում, որոնք նա այցելել է մանկության տարիներին:

Պարոն Բեգլարյանը շաբաթ երեկոյան ԱՀԱԸ հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում՝ որպես պատվավոր հյուր և ճաշկերույթի (բանկետի) հիմնական զեկուցող:

Հանդիպմանը հաջորդել է 102-րդ ճաշկերույթը ՝ նվիրված Արցախի Հանրապետությանը։»

Բանկետ

Բանկետի հովանավորներն ու համանախագահները ՝ բժիշկ դոկտոր Ջոն Աբդուլյանը և ԼինդաՔեյ Բեդրոսյան-Աբդուլյանը, ողջունել են դահլիճում 200-ից ավել ներկա գտնվողներին:

ԱՀԱԸ վարչության անդամ տիկին Աբդուլյանը հանդես եկավ որպես արարողությունը վարող և շնորհակալություն հայտնեց ԱՀԱԸ նախագահ դոկտոր Նազարեթ Դարաքջյանին, գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին իրենց ակնառու ղեկավարության համար:

Վանաձորցի տենոր Միսակ Իսրայելյանը կատարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության օրհներգերը:

Ֆիլիպ Թավլյանի խոսքով ՝ հյուրերին հատուկ տեսանյութ է ցուցադրվել Շուշիի ԱՀԱԸ Բեդրոսյան ճամբարի մասին: Տեսանյութում ներկայացվում է Ընկերակցության Շուշիի ճամբարի 17-ամյա աշխատանքի մասին, որին ամեն ամառ մասնակցում էին ավելի քան 800 երիտասարդներ:

Տեսանյութը նաև ողջունել է Կարլոտա Բեդրոսյանին, նրա հանգուցյալ ամուսին Էռնեստին, Քեթրինին և նրա հանգուցյալ ամուսին Կրիկոր Բեդրոսյանին, Քենեթին և Ջեյն Բեդրոսյանին և նրանց մեծ ընտանիքը ՝ 2003 թվականից ի վեր Սյուզի Բեդրոսյանի՝ ԱՀԱԸ ճամբարի հավատարիմ հովանավորության համար:

Սակայն ... ճամբարը ողբերգական կերպով կորցրեցինք, երբ ադրբեջանցի ագրեսորները 44-օրյա պատերազմի ընթացքում ներխուժեցին հայկական հնագույն Շուշի քաղաք…

Այնուամենայնի՛վ, Զավեն Խանջյանը հյուրերին դիմեց հետևյալ խոսքերով. «Մենք մեկ անգամ ևս Շուշիում ճամբար կկառուցե՛նք» (ինչը ներկաների բուռն ծափահարությունների արժանացա՛վ)։

Նազարեթ Դարաքջյանը Բեդրոսյանների ընտանիքին նվիրեց «Բեդրոսյան ճամբար» յուղաներկ նկարը, իսկ Հայաստանում ԱՀԱԸ ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը այդ ընտանիքին նվիրեց ճամբարի 25-ամյա ծառայության լուսանկարներով ալբոմներ:

Հաղորդվում է, որ բանկետին ներկա են եղել երկու բարձրաստիճան դիվանագետ։

Դեսպան Արմեն Բայբուրդյանը, ով պատմական գիտությունների թեկնածու է, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը, իր գոհունակությունը հայտնեց ճաշկերույթին ներկա գտնվելու համար և Ֆրեզնոն նկարագրեց որպես «այն վայրը, որտեղ մեր հայկական արմատները գտնվում են Միացյալ Նահանգների արևմուտքում»:

Դեսպան Բայբուրդյանին ուղեկցում էր 2014 թ․-ից Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բերջ Ափքարյանը:

Պատվավոր հյուրի ներկայացում

Բանկետի կոմիտեն ներկայացրել է ԱՀԱԸ հիմնական զեկուցողին՝ «Հաջողության պատմությունը ՝ ի հեճուկս ամեն ինչի» վերնագրված տեսանյութով:

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը կորցրել է տեսողությունը 1995թ. Ստեփանակերտի ԱՀԱԸ ճամբարի նախկին այցելու Բեգլարյանը ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում և Թաֆթսի համալսարանին կից Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Մեդֆորդ, Մասաչուսեթս: Նա Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրել է երկու տարի և ԱՀ պետական նախարար է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին ։

Արտակ Բեգլարյանը սկսեց իր ելույթը հետևյալ խոսքերով․

«Ֆրեզնոյում լինելը խորհրդանշական է, քանի որ դա 1915-ի Ցեղասպանությունից հետո (հայության) վերապրելու և վերածնվելու խորհրդանիշն է։ Ֆրեզնոյի օրինակը մեզ համար շատ հուսադրող կլինի»։ Բեգլարյանը դիտարկեց Արցախի ապագան 44-օրյա պատերազմից հետո և նշեց երկարաժամկետ ու կարճաժամկետ մարտահրավերները: Երկարաժամկետ խնդիրները ներառում են. (1) անվտանգություն, (2) ժողովրդագրություն, (3) տնտեսական զարգացում; (4) կառավարման բարեփոխումներ և (5) կրթություն։

Բեգլարյանն ասել է, որ կարճաժամկետ խնդիրները ներառում են․ (1) կացարանով ապահովում, (2) սոցիալական եւ աշխատանքային արտադրողականություն, (3) բնակչության ֆիզիկական և հոգեբանական վերականգնում, (4) ենթակառուցվածքների վերականգնում և (5) ինստիտուցիոնալ ներուժ: Այս խնդիրները լուծելու համար նախարար Բեգլարյանը կոչ արեց ինքնավերլուծության բոլոր մակարդակներում, միասնականության, ռազմավարական մտածողության, համբերության, համառության և պատասխանատվություն ծառայության նկատմամբ ։

«Հիսուսը զոհաբերեց իր կյանքը մեզ հնարավորություն տալու համար; արցախցի զինվորները զոհաբերեցին իրենց կյանքը ՝ հանուն նույն նպատակի։ Մենք պետք է այնպե՛ս ապրենք մեր կյանքը, որ չստացվի, որ նրանք իրենց կյանքերը զուր տվեցին», - եզրափակել է այդ հիրավի հերոսական մարդը։

Զավեն Խանջյանը նախարար Բեգլարյանին և նրա խորհրդական Դավիթ Հակոբյանին նվիրեց տարբեր նվերներ, այդ թվում ՝ շրջանակի մեջ դրված անգլերենով և բրայլյան տառատեսակով «Հաստատակամություն. երբեք մի հանձնվի՛ր» գրված նշանաբանը: Պրն Խանջյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալողներին և բանկետի կոմիտեներին, նաև Ֆրեզնոյի հայ համայնքին ՝ նրանց ջերմ հյուրընկալության համար:

Քաղաքավարական այցեր

Ինչպես «Արմենպրեսին» հայտնի դարձավ, ԱՀ պետական նախարարը և հյուրերը չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին, այցելել են Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանին, Կալիֆորնիայի Բերբենքի Սուրբ Լեոնի Մայր տաճարում և եպիսկոպոս Թորգոմ Տոնոյանին, Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Արևմտյան թեմի առաջնորդին: Հաջորդ շաբաթ Զավեն Խանջյանը ուղեկցեց պարոն Բեգլարյանին Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, Գրիգոր Լուսավորչի

Հայ Կաթողիկե եկեղեցի և Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական միության կենտրոնակայան Գլենդեյլում։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

Հոկտեմբերի 25-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի, նրա ավագ խորհրդական Դավիթ Հակոբյանի և արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ -AMAA) գործադիր տնօրեն/գլխավոր գործադիր պաշտոնյա (CEO) Զավեն Խանջյանը, Հայաստանում ԱՀԱԸ ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Արցախում Ընկերակցության ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը և Սիրիայի Հայ Ավետարանչական համայնքի նախագահը և Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի (AEWC) քարտուղար վերապատվելի դոկտոր Հարություն Սելիմյանը:

Զրուցակիցները քննարկել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը, ինչպես նաև պատերազմից տուժած Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցեր:

Իսկ հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի: Ընդունելությանը ներկա էին Կալիֆորնիայի հայ համայնքի եկեղեցական, քաղաքական, մշակութային, գործարար և բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև համայնքի անդամներ: ԱՄՆ ընտրված պաշտոնյաները նույնպես ժամանել են Արցախի պետական նախարարի հետ հանդիպելու։

Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդում հյուրընկալված Արցախի պետական նախարարը վայելել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հարգանքը և ամենայն զորակցությունը։

Հանդիպում համայնքի հետ / մամլո ասուլիս

Իրանահայերի միությունում կազմակերպված համայնքի ժողովում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախի այսօրվա վիճակը, Արցախի Հանրապետության կառավարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

«Հիմա Արցախը ավելի լավ վիճակում է, քան ես սպասում էի։ Ժողովրդագրության տեսանկյունից լուրջ հաջողություն կա. այսօր Արցախում ապրում է հարյուր քսան հազար հայ, մինչդեռ մենք նման թիվ չէինք սպասում։ Դա նշանակում է, որ Արցախի ժողովուրդն ուժեղ է և հպարտանում է իր հողով և կառչում դրանից և ասում, որ մենք այստեղ ենք ապրելու՝ չնայած բոլոր դժվարություններին», - ասաց ԱՀ պետնախարարը։

Կրկին ու կրկին Արցախի պետական նախարարը ամերիկահայ համայնքին է ներկայացրել հինգ հենասյուներ, որոնց վրա, ըստ իրեն, պետք է կառուցվի Արցախի ապագան ՝ կայուն անվտանգություն, բարելավվող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, բարձրորակ կրթություն, արդյունավետ կառավարում։ Նա խոսեց իր տեսլականի մասին, թե ինչ պետք է անել այդ հինգ ուղղություններով։

Արցախի պետական նախարարի կողմից արծարծված համայնքի խնդիրները վերաբերել են երկրի գրեթե բոլոր ոլորտներին ՝ էներգամատակարարումից մինչև կրթություն և տուրիզմ։ Հարցերի մեծ մասն արտացոլում էր համայնքի գլխավոր մտահոգությունը՝ Արցախի անվտանգությունը։

«Ես տպավորված եմ, և ես կարծում եմ, որ մենք մտածում ենք մեկ ուղղությամբ։ Համայնքում շատ էներգիա ու կարեկցանք կա, բայց շատերը չգիտեն, թե ինչպես օգնել Արցախին և Հայրենիքին։ Այս այցը խթան կհանդիսանա Հայրենիքի և Արցախի զարգացման հնարավորություններ գտնելու համար», - ասաց Բեգլարյանը։

«Քանի դեռ մարդիկ կարող են գիտակցել, որ Արցախը մնում է, նրանք պայքարում են։ Դա հույս է ներշնչում, որ մենք իրավունք չունենք հիասթափվելու, մենք կարող ենք նոր ապագա ստեղծել», - նշեց իրանահայերի միության հոգաբարձուների խորհրդի անդամ, գլխավոր քարտուղար Թոմիկ Ալեքսանյանը։

«Արցախի պետական նախարարի այցը կարևոր է, որովհետև այն բացում է մի պատուհան, որով Սփյուռքը նայում է Արցախին։ Այն, ինչ նա ասել է, կարևոր է, որ մենք բոլորս մեր դերակատարությունն ունենանք Արցախում։ Յուրաքանչյուր մանրուք մեծ օգնություն է», - ասաց Կալիֆորնիայի սենատոր Էնթոնի Պորթանթինոն։

Պարոն Բեգլարյանը՝ որպես Արցախի պետնախարար, շարունակել է իր գործնական հանդիպումները հայ-ամերիկյան շրջանակների հետ Սան Ֆրանցիսկոյում, ապա Միացյալ Նահանգների արևելյան ափին, այցելելով Բոստոն, Նյու Յորք, այլ վայրեր։

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՀԱԸ ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, ինքն անձամբ ծանոթ է պարոն Արտակ Բեգլարյանի հետ արդեն երկու տարի:

«Ես պարոն Բեգլարյանի հետ հանդիպել եմ ավելի քան երկու տարի առաջ, երբ այցելել եմ Արցախ։

Մենք նրա հետ քննարկել ենք ԱՀԱԸ նախագծերը», - ասել է Հարութ Ներսեսսյանը։

Ըստ պարոն Ներսեսսյանի, և ինչպես վերը նշվեց, Արտակ Բեգլարյանը բավականին լավ գիտի ԱՀԱԸ, քանի որ իր պատանեկության տարիներին նա եղել է դրա ճամբարների ակտիվ մասնակիցը և «․..նրա արժեհամակարգը և Ծառայության Ոգին մեծապես ձևավորվել են մեր ճամբարներում ․..»

Եվ... «Ես շատ տպավորված եմ պարոն Բեգլարյանից, նախ ՝ որպես անհատականությունից, երկրորդ ՝ նրա կարողություններից ու գիտելիքներից․․միևնույն ժամանակ, նա շատ համեստ մարդ է, ով ունի հիանալի հումորի զգացում: Եվ, իրոք, նա շատ լավ պրոֆեսիոնալ է։

Ինչ վերաբերում է Կալիֆորնիայում նրա գտնվելու փաստին, ես կարող եմ հայտարարել, որ ամեն անգամ, երբ նա հանդիպել է հայերի հետ, նրանք բոլորը իսկապես հիացած էին պարոն Բեգլարյանից», - ասաց պարոն Ներսեսսյանը։

Նա հավելեց, որ «...երբ Արտակ Բեգլարյանին Լոս Անջելեսի օդանավակայանից բերեցի Գլենդեյլի հյուրանոց, որտեղ նա, ես և մյուս հյուրերը ամրագրված համարներ ունեին, Արտակին բավական էր բերել իր հյուրանոցային սենյակ, ցույց տալ նրան մահճակալ, նկարներ և այլն ։ ... Չնայած նրա տեսողության վատթարացմանը, նա կարողացավ հաղթահարել ամեն ինչ:.. »

Ըստ Հարութ Ներսեսսյանի՝ Արտակ Բեգլարյանը շատ նվիրված է Արցախին, նա այստեղ անձնական շահի համար չէ, նա իմաստուն և համեստ է, և գիտի, թե ինչպե՛ս դիմագրավել Արցախի այսօրվա մարտահրավերներին։

Նաև... «Արտակ Բեգլարյանն բոլոր իր ելույթներն անգիր էր ասում, ամեն ինչ հիշելով (բնականաբար, նա չի կարող կարդալ նշումներ): Դա անհավանական էր, և նորից բոլորը հիացած էին Արտակով», - ասաց պարոն Ներսեսսյանը։

«Ես կարծում եմ, որ Արտակ Բեգլարյանը մե՛ծ նվեր է Արցախին», - եզրափակեց նա։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ