ՆՈՐ ԳԻՐՔՙ ՔԱՂՑՐ ԿՅԱՆՔ Լույս է տեսել Հովիկ Աֆյանի նոր գիրքը (սա 4-րդն է, ու «Կարմիր»-ից հետոՙ 2-րդ վեպը, մյուս երկուսըՙ «Միս ուտողներն» ու «Չաստվածաշունչ»-ը պատմվածքների ժողովածուներ են...): Նկատե՞լ եք, որ մարդիկ ամեն օր վազում ենՙ հողի վրա, նույնիսկ օդում կամ կրակի ու ջրի մեջ: Վազքի անունն էլ «նպատակ» են դրել, որ իմաստ հաղորդեն կամՙ ինքնարդարացման համար: Թաքուն համբուրվում են, բայց բացահայտ թաղում: Հողը հայրենիք է համարվում ոչ թե այն ժամանակ, երբ դրա վրա պտղատու ծառեր ենք տնկում ու տուն կառուցում, այլ երբ հանգուցյալին տեղավորում ենք դրա գրկում: Ի՞նչ է պատահում մի քաղաքում, որտեղ մարդիկ հանկարծ հասկանում են, որ գերեզմաններն ավելի շատ են, քան տները: Ինչո՞ւ պետք է գաղտնի պահել սիրելը, բայց բացահայտել ցավը... Հարցեր կան, որ ճանապարհորդում են հետդ, ուր էլ գնաս: «Քաղցր կյանք»-ն այդ հարցերից ազատվելու փորձն է: Պատմությունն այն մարդկանց, որոնք սիրում ենՙ առանց իմանալու դրա մասին, նաեւ ճանապարհորդություն էՙ կորսված քաղաքիցՙ նորաստեղծ քաղաք, սիրուցՙ ատելություն, եկեղեցուցՙ շուկա, մսագործությունիցՙ քաղաքականություն, ողջերի աշխարհիցՙ մեռյալ աշխարհ: Եւ հակառակը: Ու այդ ճանապարհորդության նպատակը դրախտը գտնելն է, կապ չունիՙ օդում, ջրի, կրակի մեջ, թե հողի վրա: Սա աչքերը բացելու պատմությունն է եւ հերքումը այն պնդման, թե մարդիկ դրախտը տեսնում են միայն աչքերը փակելուց հետո: Ու պատմությունն այս, որը «Քաղցր կյանք» է կոչվում եւ որը Ֆելինիի հանրահայտ ֆիլմի հետ կապ ունի այնքան, որքան այդ ֆիլմըՙ քաղցր կյանքի, սկսվում է այսպես. «Արփիկի մանուշակագույն դույլի մեջ թթուն պճպճում էր: Ծիծակն ու սխտորըՙ բոլ-բոլ, լոլիկըՙ թեթեւ կարմիր, կաղամբըՙ դույլի պես մանուշակագույն, գազարն էլ ՙ բազուկի գույնի: Հոտն էլՙ անտանելի, ճիշտ Արփիկի տրամադրության պես: Պատերազմը նոր էր ավարտվել: Մարդիկ, որըՙ ողջ, որըՙ մեռած, գնում էին առաջ...»: «Ազգ» |