ԻՐԱՆԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻ ՎՐԱ Լիբանանյան «Հզբոլլահ» ռազմականացված կազմակերպությունը երեկ դատապարտել է Սիրիայի տարածքի վրա իսրայելական օդուժի կատարած երկու գրոհները: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: «Հզբոլլահը» իսրայելցիների օդային հարվածները գնահատել է որպես «բարբարոսական ագրեսիա» եւ լիակատար համերաշխություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Հզբոլլահի» եւ Սիրիայի իշխանությունների հաղորդումների համաձայն, հունվարի 30-ին իսրայելական ռազմօդանավերը հարվածել էին Դամասկոսի արվարձանում գտնվող հետազոտական կենտրոնին: Այլ տեղեկությունների համաձայն, թիրախ էր դարձել հակաօդային որոշ պաշտպանության միջոցներ դեպի Լիբանան տանող ավտոշարասյունը: Ամերիկյան եւ սիրիական աղբյուրների տվյալներով, այդ զենքը նախատեսված էր «Հզբոլլահի» համար: Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հերթին «խոր մտահոգություն» է արտահայտել իսրայելական օդուժի հարվածի կապակցությամբ, դա համարելով «ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում եւ որակելով իբրեւ «վտանգավոր էսկուպացիա»: «Նյու Յորք թայմսը» սեփական աղբյուրներ վկայակոչելով գրում է, որ Սիրիան ռմբակոծելուց առաջ Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել էր իր մտադրության մասին: Երուսաղեմում վախենում են, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի պայմաններում իշխանությունները կարող են կորցնել քիմիական զենքի վերահսկողությունը եւ որ այն կարող է հայտնվել «Հզբոլլահի», Իրանի կամ «Ալ Ղաիդայի» հետ կապված իսլամիստական խմբավորումների ձեռքին: Իսրայելի օդուժը երեկ գիշեր կրկին ռմբակոծել է Դամասկոսի մոտ գտնվող ռազմական գիտահետազոտական կենտրոնը: Սպանվել է 2 մարդ, 5 ուրիշներ վիրավորվել են: Կենտրոնի շենքին եւ ունեցվածքին զգալի վնաս է հասցվել: Փորձագետները նշում են, որ ռմբակոծված համալիրում թերեւս քիմիական զենք է պահվել: Դամասկոսի արվարձան Ջամրայի գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը վերահսկում էր նախագահ Ասադի եղբայր Մահեր Ասադը, նշում է Ինտերֆաքս գործակալությունը: Սիրիայի իշխանությունները, Ջամրայի օբյեկտի ոչնչացումը դատապարտելով, հայտարարել են, որ իսրայելցիների օդային գրոհը «ակնբախորեն ապացուցում է, որ Իսրայելը Թուրքիայի եւ Քաթարի հետ մեկտեղ անմիջականորեն մասնակցում է հակասիրիական ահաբեկչական արշավին»: Ջամրայի օբյեկտը օդային հարձակումներից պաշտպանվում էր ռուսական «Բուկ Մ1-2» զենիթահրթիռային համալիրների նոր մարտկոցով: Իսրայելական ռազմօդանավերը Սիրիայի օդային տարածք էին մտել փոքր բարձրության վրա եւ դուրս էին մնացել ռադարների տեսադաշտից արաբ-իսրայելական երկարամյա հակամարտության ընթացքում այս էլ որերորդ անգամ: Ավելի ուշ Իրանն ու Սիրիան պաշտոնապես սպառնացին հակադարձել իսրայելական հարձակմանը: Մյուս կողմից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ դատապարտեց Իսրայելին Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքներում անօրինական բնակավայրեր կառուցելու համար, դա որակելով «գաղութացում»: Իսրայելը այդ զեկույցը որակեց «սարսափելիորեն կողմնակալ»: |