ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ, ՎԱՐԿԵՐԻՆԸ` ՆՎԱԶԵԼ 1 ՏՈԿՈՍՈՎ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը` Հայաստանի բանկային համակարգի 2012-ի արդյունքների մասին Հայաստանի բանկային համակարգի անցյալ տարվա շահույթն ավելացել է 5,6 մլրդ դրամով` 15 տոկոսով եւ կազմել 42,7 մլրդ դրամ: Այդ մասին երեկ «Նովոստի-Արմենիա» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկային միության նախագահ Աշոտ Օսիպյանը : Շարունակելով ներկայացնել բանկային համակարգի անցյալ տարվա ցուցանիշներըՙ նա տեղեկացրեց, որ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 10,5 տոկոսով եւ կազմել 409,5 մլրդ դրամ: Դա տեղի է ունեցել ե՛ւ կանոնադրական կապիտալի ավելացման, ե՛ւ շահույթի աճի հաշվին: Ընդհանուր ակտիվներն ավելացել են 18 տոկոսով եւ կազմել 2 տրլն 412 մլրդ դրամ, ընդհանուր վարկային պորտֆելում հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխատվություններն աճել են 21 տոկոսով եւ կազմել 1 տրլն 517 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորություններն աճել են 19,7 տոկոսով եւ կազմել 2 տրլն 2 մլրդ դրամ: Ավանդներն աճել են 7,4 տոկոսով եւ կազմել 1 տրլն 132 մլրդ դրամ: Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ Հայաստանի բոլոր բանկերն ընդգրկվել են 2012-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում, իսկ 11 բանկեր` առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: Բոլոր բանկերը միասին անցյալ տարի վճարել են 25,8 մլրդ դրամ հարկեր` 2011-ին վճարած 21,6 մլրդ դրամի փոխարեն: Բանկային համակարգի ցուցանիշների մասին խոսելովՙ բանկերի միության նախագահը նշեց, որ վատ վարկերի տոկոսը նվազել է եւ կազմել 3,6 տոկոս` նախորդ տարվա 4 տոկոսի փոխարեն: Այդ ցուցանիշը լավագույնն է մեր հարեւան երկրների մեջ: Աշոտ Օսիպյանը բերեց Ռուսաստանի` 8 տոկոս, եւ Վրաստանի` 12 տոկոս վատորակ վարկեր ցուցանիշները: Գյուղական վարկերի գծով, նկատի ունենալով այս ոլորտի ռիսկայնությունը, վատ վարկերը փոքր-ինչ ավելին կարող են լինել` 4-4,5 տոկոս: Հայաստանի բանկերի միության նախագահն ասաց, որ 2013-ին գերմանական KfW-ի ծրագրով գյուղվարկավորման նոր ծրագիր կլինի, ավելի ցածր տոկոսներով: Միաժամանակ, նա կարեւորեց պետական սուբսիդավորման դերը գյուղացիների համար ավելի ցածր տոկոսներով վարկեր տրամադրելու հարցում: Անցած տարի Հայաստանում ներդրվող ավանդների միջին տոկոսը չի նվազել, իսկ տրամադրվող վարկերինը նվազել է 1 տոկոսով: Մեր հարցին, թե որքա՞ն է կազմում բիզնես վարկերի միջին տոկոսը, Աշոտ Օսիպյանը պատասխանեց, որ միկրովարկերի միջին տոկոսը 16 է, միջին վարկերինը` 13-14 տոկոս, խոշոր վարկերինը` 11-12 տոկոս: «Մեր բանկերի ավանդների տոկոսներն ավելի բարձր են, քան տարածաշրջանի երկրներինը, իսկ վարկերը` ավելի ցածր», նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը: |