ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԶՐԿՎԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ԱՄՆ-ում բնակվող Վանես Մարտիրոսյանին զրկել է 1-ին միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ դառնալու հնարավորությունից, քանի որ հայ բռնցքամարտիկը հրաժարվել է փետրվարի 23-ին մենամարտելու կուբացի Էրիսլենդի Լարայի հետ: Վանեսը հայտարարել էր, որ ռինգ դուրս կգա միայն մարտի 1-ից հետո: Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանն իր կարիերայում արդեն 3-րդ անգամ է հրաժարվում նշված ժամկետներում մենամարտելուց: Նախկինում նա հրաժարվել էր Ջեյմս Կիրկլենդի եւ Ալֆրեդո Անգուլոյի հետ նշանակված մենամարտերից: Մարտիրոսյան-Լարա մենամարտի կազմակերպման իրավունքը 410 հազար դոլարով գնել էր Golden Boy Promotions ընկերությունը: Փետրվարի 23-ին կայանալիք մրցամարտի հաղթողը պետք է չեմպիոնական գոտին վիճարկեր WBC-ի վարկածով առաջին միջինքաշային կարգի գործող չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ: Փաստորեն Վանեսը զրկվեց չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունքից: Դժվար է գուշակել, թե ինչու հայ բռնցքամարտիկը դիմեց այդ քայլինՙ որեւէ կերպ չբացատրելով իր հրաժարականի պատճառը: Հարկ է նշել, որ պրոֆեսիոնալ ռինգում Վանես Մարտիրոսյանը 33 մենամարտերից 32-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Եվ այդ ոչ-ոքի արդյունքը գրանցվել է հենց Լարայի հետ մենամարտում, որը կայացել է 2012-ի նոյեմբերի 10-ին: Մենամարտի 9-րդ ռաունդում Վանեսը հոնքի պատռվածք էր ստացել, ուստի բժիշկը խորհուրդ էր տվել դադարեցնել հանդիպումը: Եվ քանի որ այդ պահին հաշիվը հավասար էր, ուստի գրանցվել էր ոչ-ոքի: Այժմ WBC-ն Լարայի համար նոր մրցակից կգտնի, իսկ Վանեսի վարկանիշը կիջեցնի: |