RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3307, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿՈՏԱՅՔԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական իր քարոզարշավը երեկ շարունակեց Կոտայքի մարզում` հանդիպելով Եղվարդի, Նոր Հաճընի, Ձորաղբյուրի, Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը այցելեց Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս» ընկերության ջերմատուն, ծանոթացավ ընկերության գործունեությանը, նաեւ եղավ Չարենցավանի ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» ընկերությունում, որտեղ էլ ծանոթացավ ներդրումային ծրագրերին ու կատարված աշխատանքներին:

Նախագահը հանդիպեց նաեւ բնակիչներին, իսկ վերջիններիս ընձեռվել էր հնարավորություն իրենց հարցերն ուղղելու նախագահին:

Եղվարդի մշակույթի տանը մինչ ընտրողների հարցերին պատասխանելը նախագահը անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում արված աշխատանքներին` նշելով նաեւ, որ նախորդ 5 տարիների ընթացքում ամեն տեղ չէ, որ հաջողության են հասել: Նախագահի փոխանցմամբ` շրջելով Հայաստանի քաղաքներով ու գյուղերովՙ ունեցել է ե՛ւ հպարտության, ե՛ւ տխրության պահեր: «Տխրության, որովհետեւ հատկապես գյուղերում տների վրա տեսնում եմ, որ կախված են ժանգոտված փականներ: Մեր դատարկվող գյուղերը միակ բանն են, որ կարող են ինձ հունից հանել», ասաց Սերժ Սարգսյանը, որի գնահատմամբ` Հայաստանում չկա անգամ մի ոլորտ, որին բարեփոխում անհրաժեշտ չլինի, եւ ընդհանրապես Հայաստանի բոլոր խնդիրները փոխկապակցված են:

Իր հետագա անելիքների վերաբերյալ նախագահը մասնավորապես ընդգծեց գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսված ծրագրերը, որոնց մեջ են մտնում գործող ջրագծերի նորոգումն ու նոր ջրամբարների կառուցումը, հակակարկտային կայանների տեղադրումը. «Անելու ենք ամեն ինչ, որ նվազագույնի հասցնենք բնության հարվածներից գյուղացու ունեցած կորուստները»: Այնուհետեւ պատասխանեց ներկաներից մեկի հարցին` արդյոք հնարավո՞ր չէ կրճատել առեւտրային բանկերի բարձր տոկոսադրույքները, որոնք բնակիչները վճարել չեն կարողանում: «Առեւտրային բանկերը մասնավոր բանկեր են ու չեն կարող ղեկավարվել մեր ցուցումներով, եւ դրանք պետք է շահույթ ունենան, բայց չեմ համաձայնում այն կարծիքին, թե մասնավոր բանկերը գերշահույթներ են ունենում: Ու կախված նրանից, թե բանկերը ու՞մ, ի՞նչ բիզնեսի են վարկեր տրամադրում, եւ թե ինչքա՞ն շահույթ է ակնկալում գործարարը, օրինակ, եթե ակնկալում է 30-35 տոկոս շահույթ, ապա բանկում ասում ենՙ ինչի՞ իմ փողով գնաս այդքան շահույթ ստանաս` հենա կեսը ինձ, կեսըՙ քեզ», պատասխանեց նախագահը:

Նախագահին ուղղված մյուս հարցը վերաբերում էր Նոր Հաճընի ադամանդագործության «Շողակն» գործարանի փակմանը: Նոր Հաճընի գործարանը, ընդհանրապես ադամանդագործությունը Հայաստանում, ըստ նախագահի, տուժեցին մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը. «Սակայն հիմա կամաց-կամաց վերականգնվում է, եւ հույս ունեմ, որ «Շողակն» գործարանն էլ մոտ ապագայում կսկսի աշխատել»:

Նախագահը Աբովյան քաղաքում եւս հանդիպեց ընտրողներին: Աբովյանում խոսելով տնտեսական աճից` Սերժ Սարգսյանը շեշտեց, որ այն զգալի ու շոշափելի պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու, այլ ոչ թե մի քանի հոգու համար` նշելով, որ գալիք 5 տարիների ընթացքում ամրապնդելու են ավելի բարենպաստ պայմաններ հայ արտադրողի եւ արտահանողի համար:

Երկրում արդյունավետ տեմպերով բարեփոխումներ կատարելու համար նախագահը ակնկալում է նաեւ հասարակական ներգրավվածություն, առանց որի պետական մարմինները թեեւ կարող են հասնել հաջողության, սակայն դանդաղ տեմպերով:

Աբովյանում բարձրացված հարցերն ու խնդիրները տարբեր էին` սկսած դպրոցի շենքային պայմաններից` վերջացրած Հայոց ցեղասպանությամբ:

Ընտրողների հետ նախագահի հաջորդ հանդիպումը Չարենցավանի մշակույթի տանն էր: Այստեղ նախագահի շեշտադրումը եղավ արդյունաբերության ոլորտը, մանավանդ որ նախկինում Չարենցավանը եղել է արդյունաբերական քաղաք, սակայն ինչպես մյուս քաղաքներում, Չարենցավանում էլ Խորհրդային Միության փլուզումից հետո փակվեցին արդյունաբերական գործարանները: «Սակայն այսօր մենք գնում ենք նոր ճանապարհով, ու մեր արդյունաբերական քաղաքականությունն արդեն մտնում է իրագործման ակտիվ փուլ», նշեց Ս. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին ու աշխատատեղերին, ապա նախագահն ասում է. «Այսօր գրեթե անհնար է ցածր աշխատավարձով մարդկանց հրավիրել աշխատանքի, չնայած ցածր աշխատավարձով աշխատատեղեր հանրապետությունում շատ կան, միգուցե Չարենցավանում չկան կամ քիչ են, բայց, օրինակ, Երեւանում այսօր կան հազարավոր աշխատատեղեր ցածր աշխատավարձերով, եւ երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամով աշխատել»: Ի դեպ, Երեւանում նման աշխատավարձերով աշխատատեղերի առկայությունը եւ կարծիքը, որ երեւանցիները այդ տեղերում չեն ուզում աշխատել, առաջացրին ոչ միայն չարենցավանցիների, այլեւ ներկա երեւանցիների զարմանքը:

Չարենցավանից հետո նախագահը եղավ Հրազդանում, որտեղ նրա քարոզարշավը շարունակվում էր համերգային ծրագրով: Այստեղ եւս նախագահը դիմեց ընտրողներին հասարակական ներգրավվածության խնդրով, քանի որ ապահով Հայաստան կառուցելը նաեւ մեր հասարակության գործն է. «Եվ մեզ համար չափազանց կարեւոր է, որ փետրվարի 18-ին անցկացնենք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, քանի որ Հայաստանի զարգացման համար կարեւոր է նաեւ ընտրությունների որակը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ