RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3177, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ «ԸՆՏՐԱՆԻՆ»

Մ. Բ.

Դասական գրականության վերարժեւորման լավագույն ձեւը անցյալի գրողների գործերի վերահրատարակությունն է, իսկ դրա առիթը հիմնականում հոբելյանական տարեթվերն են անշուշտ: Անցյալ տարի լրացավ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակը: Այս առիթով «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց գրողի «Ընտրանին» , որը կազմել եւ հրատարակության է պատրաստել արձակագիր Լեւոն Խեչոյանը : Հատորը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամփոփում է Դեմիրճյանի պատմվածքների ընտիր մի փունջ («Ավելորդը», «Գիրք ծաղկանց», «Արամ թագավորը», «Տերտերը», «Ժպիտը», «Ջութակ եւ սրինգ», «Անտառը վրդովված էր», «Երազ», «Հայը», «Աստծո տունը», «Վերքը», «Դաշնամուր» եւ այլն) եւ երեք պիեսներ («Դատաստան», «Քաջ Նազար», «Երկիր հայրենի»):

Գրքի վերջում զետեղված է գրողի կյանքի եւ ստեղծագործության հիմնական տարեթվերի ցանկը: Նախաբանը հեղինակել է Լեւոն Խեչոյանը, որտեղ գրողի ժամանակը, նրա ներքին ամբողջական դիմանկարը, գրականության արժեւորում-գնահատումը ներկայացված է Խեչոյանին բնորոշ խիտ-հագեցած եւ հարուստ լեզվամտածողությամբ, նաեւ բանաստեղծականացված շնչով: Ահա մի պատկեր նրաՙ XX դարասկզբի նկարագրությունից.

«Դարաշրջանը այն դարաշրջանն էր, որ արյունը շուրթերին էր եկել: Հեքիաթի վիշապի նման ձգվել, գլուխը գեղեցկուհի Արեւմուտքի ծնկներին էր դրելՙ ականջալուր իմաստունների գիտության եւ փիլիսոփայության վերջին ճշմարտությանը, պոչով էլՙ հակառակություններով բռնկված Արեւելքն էր սրբում: Հողը ճեղքվում էր, անդունդները ժողովուրդներ էին հափշտակում, մահի բերանն ընկածՙ ազգեր էին կորչում երկրի երեսից, պետություններ էին փշրվում հիմնահատակՙ թափվում ճենապակե սկուտեղների նման, անապատները ճահիճների պես ժողովուրդներ էին ներծծում: Պատմական իրադարձությունների հողմապտույտը թափ էր տալիս բոլոր քարտեզները, տերություններ էր մարդաթափ անում, սահմաններ էր վերաձեւում: Աստվածաշնչի խարանՙ ամենահին Բաբելոնի պատերին բիրերի սեպագրով հաստատվածՙ աշխարհագրական ամենաառաջին մեծ քարտեզն ամենահինավուրց երկրներով աղյուս առ աղյուս փլուզվում, առ ոչինչ էր դառնում: Կարծես Քսենոֆոնը դեռ երեկ այստեղ, այս երկրումՙ Հայաստանում չէր էլ եղել, դարը քարե դամբարանի սեւ դռները բացելՙ գլորվում էր իր իսկ հանածՙ հողի երեսին պղպջացող արյան միջով: Հյուսիսի կողմից էլ անծայրածիր ստեպների վրա հեղափոխություններ էին անում, Մոսկվայից Սիբիր, մինչեւ Չուկոտկա ամբոխները հինավուրց պատմությունն էին հրո ճարակ դարձնում, ժողովուրդների կենսական կորիզը այրումՙ հող էր, հող էին դարձնում»:

Սա Դեմիրճյանի գրականության ժամանակաշրջանն էրՙ բարդ եւ դժվարին, որտեղ նա կարողացավ որդեգրել հասուն կողմնորոշում եւ, ինչպես նախաբանում է գրված. «Կարողացավ հազարամյակների քողը հետ տանել եւ ճանաչել մեր ժողովրդի հեռուներից բերած ամենախորհրդավոր պատմությունը: Կռահել էր ազգային կերպի առանձնահատուկ շնորհը, որ անվանեց «հայկական համամարդկայնություն»: Գտել էր նախնյաց ոսկե հանճարը ի դեմս Խորենացու, Կորյունի, Եղիշեի: Նարեկացու, Ֆրիկի, Երզնկացու, Քուչակի գլուխգործոցներում բացահայտել էր հայկական վերածնության խոյանքները»:

Ինչպես նշված է առաջաբանումՙ Դեմիրճյանի առավելությունը պատմության խոր ուսումնասիրությունն է, անցած սերունդների ոգու նկարագրի վերծանումը, ճանաչումը, որով գրողը «մեզ եւ եկող սերունդների համար, որպես օրինակ բացահայտեց ազգային հոգեւոր ուժի ամենաէական արժեքըՙ բարոյական վսեմությունը»:

Սովորաբար դասականներիՙ մանավանդ հոբելյանական առիթով գրախոսական-գրություններում շրջանցվում են թույլ կամ թերի կողմերը: Սակայն վերոհիշյալ առաջաբանում հեղինակը անդրադառնում է նաեւ դրանց (եւ սա լավ է-Մ. Բ.), ըստ որիՙ Դեմիրճյանի գրեթե բոլոր ստեղծագործություններում առկա են «սյուժետային կառուցվածքի սխալներ, որ հանգեցնում է երկարաբանությունների» եւ կամՙ լրագրային մակարդակի հասնող չարդարացված հեղինակային միջամտություններ: Դրանք, իհարկե, ինչպես եւ նշված է, Դեմիրճյանի բերած գրական նորությունները, գեղարվեստական կառույցն ու մտածողությունը բնավ չեն ստվերում, որովհետեւ «Դեմիրճյանը այսուհետ եւս լինելու է մեր գրականության համար կամակոր, բայց պահանջված ներկայություն»: Եվ որովհետեւ - դարձյալ դիմելով առաջաբանինՙ մեջբերենք ժամանակին Չարենցի գրածը. «Քամու բերանն ընկած թղթի մի կտոր, որի վրա գրված լինի երեք տող, թեկուզ ուրիշի ձեռքով, եթե դրանք պատկանում են Դեմիրճյանի գրչին, ուշադիր ընթերցողը կճանաչի Դեմիրճյանի ոճն ու լեզուն. այնքան ինքնատիպ է նա»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ