ԲՈՒՀԵՐԸՙ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված են նաեւ 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը եւ Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղըՙ 834 մլն 534 հազար դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երեւանի պետական համալսարանն էՙ 145-րդ տեղ (վճարել է 668 մլն 793 հազար դրամ), երրորդը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (286-րդ տեղՙ 324 մլն 76 հազար դրամ), իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը չորրորդն է (291-րդ տեղՙ 318 մլն 191 հազար դրամ): Խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3,9 մլրդ. դրամ: Ի դեպ, նախորդ տարվաՙ 2011 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,3 մլրդ դրամ: |