ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Հունվարի 26-ին Երեւանում կայացավ «Եվրասիական ինտեգրումը եւ Հայաստանը. Հեռանկարներ, խնդիրներ, քննարկումների ուղղություններ» թեմայով կոնֆերանս, որին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները, Ազգային ժողովի պատգամավորներ, ճանաչված գիտնականներ եւ վերլուծաբաններ Ռուսաստանից, Ղազախստանից եւ Հայաստանից: Լինելով առաջինն այս կարգի հրապարակային քննարկումներում, այդ կոնֆերանսը առիթ տվեց ամփոփելու եվրասիական ինտեգրման թեմայով մեր երկրներում արդեն ասվածն ու գրվածը, կարծիքներ փոխանակելու եվրասիական ինտեգրման թեմայով քննարկումների հետագա ծավալման եւ անելիքների շուրջը, ծանոթանալու մեր ռազմաքաղաքական դաշնակիցների մեջ առարկայորեն ձեւավորված այն քաղաքական հայացքներին եւ դիրքորոշումներին, առանց որոնց ուղղակի անհնար է պատկերացնել եվրասիական ինտեգրման խնդրի քաղաքական առաջմղումը: Փորձենք ամփոփել այն ամենը, ինչ մեզանում ասվել է այս առիթով, եւ փորձենք հասկանալ` որտե՞ղ եւ ի՞նչ կարգի խութերի ու դժվարությունների կարող են հանդիպել եվրասիական ինտեգրման կողմնակիցները: Կա՞ հակադրություն եվրոպական ինտեգրման եւ եվրասիական ինտեգրման միջեւ Անցած ամիսների ընթացքում Հայաստանում մի ներքին համաձայնություն ձեւավորվեց այն հարցի շուրջը, թե մեր կարծիքով կա՞, թե՞ չկա հակադրություն եվրոպական ինտեգրման եւ եվրասիական ինտեգրման միաժամանակ ծավալվող գործընթացների միջեւ: Հայաստանում կարծես բոլորն են հասկանում, որ եվրոպական ինտեգրման պարագայում, ասել է թե «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության նպատակը ոչ թե Եվրոմիության անդամ դառնալն է (որովհետեւ նման խնդիր հասկանալի պատճառներով չի դրվում), այլ Հայաստանի քաղաքական, հասարակական, վարչական, իրավական եւ բոլոր այլ ենթակառուցվածքների համապատասխանեցումն է եվրոպական չափանիշներին: Պատկերավոր նույնիսկ ձեւավորված է, թե մենք ցանկանում ենք մեր պետության արտաքին ճակատային տեսքը եվրոպականացնել: Մենք ունենք ներքին հասարակական համաձայնություն նաեւ այն հարցում, որ եվրասիական ինտեգրման հիմքում մեր ռազմաքաղաքական դաշնակիցների հետ կապերի հետագա ամրապնդումն է տնտեսական, քաղաքական, մշակութային եւ բոլոր այլ ոլորտներում, ինչը հիմնված է ընդհանուր շահերի համաձայնեցման եւ բազմադարյա մշակութային եւ հոգեւոր կապերի վրա: Վերոհիշյալ կոնֆերանսում ելույթ ունեցած նշանավոր ռուս վերլուծաբան Սերգեյ Միխեեւը համոզված հայտարարում էր. «Չկա եւ ոչ մի փաստ, որը կհաստատեր հետխորհրդային երկրների Եվրամիությանը անդամակցելու հնարավորությունը: Կա մեծ աշխարհաքաղաքական խաղ, որտեղ տարբեր, բավականաչափ ոչ թանկ ձեւերով հետխորհրդային պետությունները ներքաշվում են Եվրատլանտյան ընկերակցության ազդեցության ոլորտը նրա խնդիրները լուծելու համար»: Դրանից նա եզրակացնում էր. «Պետք է լուծել ինքնուրույն սեփական խնդիրները: 21-րդ դարը խիստ է լինելու: Կամ դուք անվերջ հերթ եք կանգնած ինչ-որ այլ ուժային կենտրոնին մոտենալու համար, սպասելով, որ ձեզ կընդունեն հատուկ դասընթացների երկրորդական աշխատանքների համար, կամ դուք փորձելու եք ստեղծել սեփական զարգացման կենտրոն, հենվելով սեփական քաղաքակրթական, մշակութային, տեխնոլոգիական, տնտեսական եւ այլ ֆունդամենտալ նախադրյալների վրա»: Սերգեյ Միխեեւը, ում հետ Երեւանում տարբեր մասնագիտական միջավայրերում ծանոթանալու հնարավորություն ունեցանք, ամփոփում է այսպես. «Կամ Հայաստանը ինքնուրույն է լուծում իր հիմնախնդիրները, կամ լուծում է իր պատմական գործընկերների հետ կոոպերացման միջոցով, գործընկերների, որոնցից մեկը Ռուսաստանն է»: Եթե նույնիսկ Հայաստանի ակնկալիքը եվրոպական ինտեգրումից այս փուլում ամփոփված է երկու էական սպասելիքով, որոնցից առաջինը ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ստացման կարգի թեթեւացման մասին համաձայնությունն է, իսկ երկրորդը Ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրումը, ապա այստեղ է, որ կարող են լինել խոչընդոտներ: Մուտքի արտոնագրերի համաձայնագիրը, խոշոր հաշվով, ընդամենը հնարավորություն է ստեղծում Հայաստանի քաղաքացիներին օգտվելու այն իրավունքներից, որոնք Ռուսաստանի քաղաքացիները արդեն ունեն: Երկրորդ խնդիրը ավելի բարդ է, որովհետեւ Եվրոմիության տարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով հասկանալ են տվել, որ անհնար է միաժամանակ լինել Մաքսային միության անդամ եւ Ազատ եւ համապարփակ առեւտրի պայմանագրի կողմ: Ուրեմն, կամ Ռուսաստանի օգնությամբ մենք բանակցություններ ենք վարում Եվրոմիության գործընկերների հետ այդ երկու սկզբունքները ինչ-որ կերպ համատեղելու համար, կամ էլ սկսում ենք հաշվարկել, թե որին անդամակցության դեպքում են մեր կորուստներն ու վնասները ավելի փոքր: Երեւանում գտնվող ռուս վերլուծաբանները ասում էին, որ Լիսաբոնից կամ Դուբլինից մինչեւ Վլադիվոստոկ Մեծ Եվրոպայի տեսլականը դժվար թե իրականություն դառնա, որովհետեւ դրան խանգարում են ամերիկացիները: Մենք էլ ասում էինք. ապա ինչպե՞ս է, որ այդ գաղափարի առաջին շրջանառությունից հետո, 40 տարի անց այն կրկին սկսել է շրջանառվել, եւ նույնիսկ հետաքրքրություն առաջացնել եվրոպական քաղաքական վերնախավերի շրջանում: Այստեղ մտածելու բան կա, նաեւ գործելու դաշտ: 2013 թ. հարմար ժամանակ է, որպեսզի հաշվարկվեն եւ մեր հասարակությանը մատուցվեն տնտեսագիտական այն մոտեցումները, որոնք կարող են անառարկելի փաստարկ դառնալ հանուն եվրասիական ինտեգրման եւ նույնիսկ ինտեգրման վերոհիշյալ երկու ուղղությունների ինչ-որ կերպ համադրման համար: Հետխորհրդային պետությունները` եվրասիական ինտեգրման գործընթացի մասնակից Արդեն բացիեբաց խոսվում է, որ եվրասիական ինտեգրման հաջող ծավալման համար սկզբունքային խնդիր է Ուկրաինայի անդամակցության հարցը ընդհանուր տնտեսական տարածքին: Բազմիցս նշվել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միասին գերտերություն են, իսկ առանձին-առանձին` երկու մեծ պետություններ: Ուկրաինայի անդամակցությունը ապագա Եվրասիական միությանը կարող է բախտորոշ լինել նաեւ այն առումով, որ միայն այդ դեպքում նոր ստեղծվելիք ընդհանուր տարադրամը կլինի իսկապես մրցունակ դոլարին, եվրոյին կամ չինական յուանին: Մյուս բոլոր դեպքերում միասնական տնտեսական օրգանիզմը շատ խոցելի եւ անավարտ տեսք ունեցող կլինի: Մոսկովյան վերլուծաբաններն ասում են, որ Ուկրաինայում շատ լավ գիտակցում են, որ այդքան մեծ երկրին Եվրոպական միություն երբեք չեն ընդունելու, սակայն Ուկրաինայում չեն էլ շտապում անվերապահորեն շարժվել դեպի Արեւելք, որովհետեւ պատմականորեն ձեւավորված միջանկյալ տեղը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ ոչ միայն տնտեսական զարգացման համար խոչընդոտներ է ստեղծում, այլեւ տարբեր բնույթի, նախ եւ առաջ քաղաքական առավելություններ եւ արտոնություններ տալիս: Ասում են, որ Ուկրաինայի արեւելքը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ կապերի սերտացում, իսկ արեւմուտքը պահանջում է սերտացնել կապերը Եվրոպայի հետ: Այսպես է ձեւավորված ուկրաինական պետության ժամանակակից ներքաղաքական հավասարակշռությունը: Սակայն փափուկ հորդորը եւ համոզելը շարունակվում են եւ դա լինելու է ռուս-ուկրաինական քաղաքական օրակարգի ուշագրավ կետերից մեկը: Ղազախ քաղաքագետ Ելենա Նեչաեւան համոզված է, որ ինտեգրացիան միանգամայն բնական գործընթաց է: Սակայն նա հիշեցնում է նաեւ նախագահ Նազարբաեւի մշտապես արտահայտվող դիրքորոշումն առ այն, որ ժամանակակից եվրասիական ինտեգրման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինեն ռացիոնալիզմը, տնտեսական նպատակահարմարությունը, աստիճանականությունը, պետությունների ինքնիշխանության պահպանումն ու ժողովրդավարությունը: Ղազախ քաղաքագետը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակառակորդների մինչեւ այժմ արտահայտված գլխավոր փաստարկներն են եղել ներքին շուկայում գների աճը, Չինաստանից էժան ապրանքների ներկրման կտրուկ սահմանափակումները, փոքր եւ միջին բիզնեսի վրա բացասական ազդեցությունը, մաքսային վարչարարության բարդացումը, ինչպես նաեւ Մաքսային միության շրջանակներում ապրանքաշրջանառության աճի որակական եւ քանակական ցուցանիշների անհամապատասխանությունը: Եվրասիական միության հակառակորդների համար, նրա խոսքերով, շատ լուրջ փաստարկ է, որ ինտեգրման այդ մակարդակը կբերի ազգային ինքնիշխանության կորստին, իսկ վերազգային տարադրամի մուտքը կնշանակի, որ նրանում վճռական դերը միանձնյա կպատկանի Ռուսաստանին: Պարզ է, որ այս թվարկումը կարող է դառնալ Եվրասիական միության ձեւավորման բանակցային գործընթացում Ռուսաստան-Ղազախստան երկխոսության եւ փոխընդունելի լուծումների որոնման համար նյութ: Կարծում ենք, որ ղազախ քաղաքագետների եւ տնտեսագետների, ինչպես նաեւ վերլուծաբանների տեսակետներին ծանոթանալը ծավալվող այս գործընթացում կարող է ոչ միայն հետաքրքրական, այլ նաեւ շատ օգտակար լինել, որովհետեւ Ղազախստանի դերակատարությունը միջազգային գործերում ընդհանրապես եւ եվրասիական ինտեգրման գործընթացում մասնավորապես շատ ծանրակշիռ է եւ անկեղծ հարգանքի արժանի: Հարավային Կովկասում ուշադրության արժանի դրական միտումներից մեկը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հնարավորությունն է: Ռուսաստանում կրկին ասում են, որ Վրաստանին ԱՊՀ-ից ոչ ոք չի հեռացրել, այլ Վրաստանն ինքն է հեռացել: Վերսկսվում են վրացական գինիների, հանքային ջրերի եւ մրգերի Ռուսաստան արտահանման մասին բանակցությունները, իսկ դա նշանակում է, որ Վրաստանի կապերը Ռուսաստանի հետ հնարավոր է, որ աստիճանաբար բարելավվելու հնարավորություն ունենան: Հայաստանում եվրասիական քննարկումների նպատակները Եվրասիական ինտեգրման հեռանկարների թեմայով վերոհիշյալ երեւանյան կոնֆերանսից անմիջապես հետո ղազախական «Իզվեստիա Կազախստան» թերթն արձագանքեց, որ Երեւանում բացվել է պաշտոնական երկխոսության մի հարթակ, որը նվիրված է եվրասիականությանը, եւ ներկա կոնֆերանսը լոկ մեկնարկային հենակետ է ավելի գլոբալ եւ մանրամասն վիճաբանությունների համար: Եվրոպական ինտեգրման գործընթացում Հայաստանում աշխատող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ վերլուծական կենտրոններ ունեն այսպես կոչված անկախ փորձագիտական եզրակացություն ձեւավորելու հնարավորություն: Եվրասիական ինտեգրման գործընթացի մասին որակյալ քննարկումները ամենաքիչը կհավասարակշռեն մեր քաղաքական եւ հասարակական դաշտում մինչեւ վերջերս առկա անհավասարակշռությունը: Առավելագույնը, որ կարելի է սպասել այս քննարկումներից, Ռուսաստանի եւ մեր ընդհանուր դաշնակիցների հետ համագործակցությամբ եւ փոխգործակցությամբ շահագրգռված մեր գիտնականներին ու հասարակական ակտիվիստներին ուսումնասիրելու, հետազոտելու եւ աշխատելու իրական հնարավորություն ընձեռելն է: 2013 թ. եվրասիական ինտեգրման թեմայով քննարկումները բազմաթիվ եւ բազմաբնույթ են լինելու, իսկ դա նշանակում է, որ մեր ոչ միայն հետազոտողները, այլեւ լրագրողները, երիտասարդական եւ կանանց կազմակերպությունները, արվեստի ու մշակույթի մարդիկ տեսակետներ փոխանակելու, նոր կապեր ստեղծելու եւ համագործակցելու հնարավորություն կստանան: Ճիշտ է, որ բազմաբեւեռ աշխարհի խոշոր ուժային կենտրոնների միջեւ պայքար եւ մրցակցություն կա: ճիշտ է, որ այդ պայքարը կարող է կրել ոչ միայն ուղղակի, այլեւ հաճախ միջնորդավորված կամ չերեւացող բնույթ: Սակայն նույնքան ճշմարտություն է նաեւ, որ մրցակցությունը եւ պայքարը զուգակցված են համագործակցությամբ եւ երկխոսությամբ: Վերոհիշյալ կոնֆերանսին մասնակցող ռուսաստանցի եւ ղազախստանցի փորձագետները շատ լավ հասկանում էին, որ հայ հասարակության կամ քաղաքական վերնախավի վրա պարզ ճնշումը ոչ մի օգուտ չի կարող տալ: Հայաստանյան հասարակությունը ինքնուրույն պետք է հասունացնի եւ մարսի ինտեգրման գաղափարը: Ինչպիսի տնտեսական կատեգորիաներով էլ ծավալվեն ինտեգրմանը վերաբերող քննարկումները, ինչ-որ պահի զրուցակիցների առջեւ հառնելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պարզ խոչընդոտը, ինչը շատ բարդացնում է Հարավային Կովկասի ներսում որեւէ ինտեգրման եւ ուժերի համախմբման հնարավորություն: Պարզ է նաեւ, որ հռչակված որեւէ նպատակ, ինչպես եւ պարզած որեւէ դրոշ նախանշում է ընթացքի ուղղությունը եւ փորձում համախմբել կողմնակիցներին ու նրանց ռեսուրսները: Եվրասիական ինտեգրման հեռանկարը Ռուսաստանի համար աշխարհում սեփական ազդեցիկ տեղը հաստատելու կամ վերահաստատելու հասկանալի միջոց է: Հայաստանի համար ձեւակերպվում է խնդիր. մտածել եւ գործել այնպես, որ ավանդական դաշնակիցներն ու գործընկերները չհիասթափվեն ու չնեղանան, ազգային շահերն ու ակնկալվող օգուտները դառնան ոչ միայն տեսականորեն հասկանալի, այլ նաեւ գործնականում ընդունելի բոլորի համար: Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն վերոհիշյալ կոնֆերանսում հայտարարեց, որ պետք է փորձել ուրիշներին համոզել այն ամենում, ինչին մենք ինքներս հավատում ենք: Այնպես որ եվրասիական ինտեգրման վերաբերյալ որակյալ քննարկումները մեզանում պահանջված են: |