RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2918, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ԽՆԱՄԻՆ ՔԵԶ ՉԻ ՓՐԿԻ...

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու

(Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի բեմադրությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում)

Թատրոնում անսպասելի տարրը ներկայացումը դիտարժան դարձնելու կարեւոր պայմաններից է, ինչը թատրոնաստեղծ տարբեր բաղադրիչների միասնության ներսում բոլոր առումներով ապահովում է ներկայացման ժամանակակից լինելը: Եթե անսպասելին հայտնաբերում ես գեղագիտական լուծումների մեջ, ապա ակնկալում ես նաեւ նոր հայացք գաղափարի երեւակման ընթացքում (այլ հարց էՙ ինչքանով են համոզիչ նոր վարկածները), այդ դեպքում առնչվում ես հանրածանոթ բանաձեւի հետ` նոր գաղափարներ` նոր ձեւի մեջ: Իսկ ինչ վերաբերում է «հին» ձեւերով նոր ընթերցումներին, ապա պրոֆեսիոնալ աքսիոմաներով դասակարգված մեր միտքը նման բացառությունների մասին հիշում է, երբ մերժված ճշմարտություններն իրենք են անսպասելի հայտնվում` թարմացնելով գիտակցությունդ ու զգացողություններդ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Երվանդ Ղազանչյանը բեմադրել է հայ դասական կատակերգություն` վոդեւիլային ոճով եւ քաղաքական գաղափարական պաստառով: Այդ անսպասելի համադրության արդյունքում ծանոթ թատերգությունը միանգամայն թարմ, արդիական ու ազդեցիկ հնչողություն է ստացել:

Թատրոնում առաջնահերթ ականջ շոյեց նվագախմբային կենդանի կատարումը, որն ավետիսն էր տվյալ թատրոնի տեսակը վկայակոչող ներկայացման: Մյուզիքլի ժանրը (ինչպես նշված է ծրագրում) Կոմեդիայի թատրոնի խաղացանկ էր ընդգրկվել հայ դասական թատերագիր Ա. Շիրվանզադեի շնորհիվ:

Եթե Շիրվանզադե երաժշտական թատրոնում, ապա, անշուշտ, «Մորգանի խնամին», որը թատերկ է Փարիզում հաստատված հայ էմիգրանտների կյանքից: Հայ բեմում հաճախ կարելի է տեսնել ֆրանսիական միջավայր ու բարքեր` ֆրանսիական հեղինակների կատակերգություններում, սակայն ֆրանսիական միջավայր ու հայկական բարքեր թերեւս միայն Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսում են պատկերված: Հեղինակը բազմաթիվ դրամաների կողքին գրել է իր միակ կատակերգությունը շվայտ կյանք վարող երիտասարդի մասին, որ դյուրահավատ ծնողներից փողեր է կորզում` միլիոնատեր Մորգանի հետ խնամիանալու զավեշտական պատմությունը հորինելով: Այս թեման Շիրվանզադեն կարող էր դեպի դրաման ուղղել, սակայն խորհրդային գաղափարախոսության ազդեցության տակ նրա հայացքը հառնում է կատակերգական միտվածությամբ, երգիծական գույներով եւ դեպի վոդեւիլը շառավղով: Պիեսի չորս գործողություններից մեկը փարիզյան սրճարանում, իսկ մյուսը` գիշերային ռեստորանում է տեղի ունենում. այդ հանգամանքն էլ հնարավոր է դարձնում «Մորգանի խնամին» երաժշտական ներկայացում դարձնելու (երաժշտութան հեղինակը կոմպոզիտոր Արամ Սաթյանն է):

Բեմանկարիչը (Վ. Թեւանյան) այնպես է հղացել միջավայրը, որ թե տան, թե սրճարանի պատկերներում նույն ատրիբուտները լինեն` փողի կարեւորությունը եւ շվայտ կյանքը խորհրդանշող: Բեմը ձեւավորված է երկուդոլարանոց մեծ վահանակներով, մոնմարտրյան պարուհիների պատկերներով: Ամեն ինչ հարմարեցված է դերասանների մոբիլ տեղաշարժերի համար. պտտվում է բեմի շրջանը` համապատասխան միջավայր բերելով: Մինիմում իրեր ու կենտրոնական աստիճանահարթակի վրա տեղակայված դատարկ հայելու ստվարաթղթե շրջանակ (գործող անձանց կենդանի պորտրետների համար) ու մեկ էլ աջակողմյան ու ձախակողմյան օթյակներ, որոնց ավելի ուշ կանդրադառնանք:

Դերասանական անսամբլը լավ է տիրապետում երաժշտական ներկայացման առանձնահատուկ լեզվին եւ խաղը ծավալում է հերոսների հիմնական հատկանիշներն ի ցույց դնելով: Այստեղ չկան կարեւոր ու անկարեւոր գործող անձինք, քանի որ բեմադրիչի համար ներկայացման պատումի առանցքը ոչ թե հերոսի խաբեությունն է, այլ խաբվածների ծուղակն ընկնելու պատրաստակամությունը: Ժանրի թելադրանքով, ներկայացման գրեթե բոլոր հերոսները երգում են, եւ ոչ միայն ակումբային տեսարաններում: Երաժշտական կատարումների միջոցով դերասանները հանդիսատեսին են ներկայացնում իրենց հերոսների խոհերն ու երազանքները: Երբ առկա է հեգնանքը` դերասանների խաղը թեթեւ է, անմիջական, հրապուրիչ (Հովակ Գալոյան - Պետրոս Մինթոյան, Նարեկ Ներսիսյան - Ժորժ, Սաթենիկ Հախնազարյան - Մագթաղինե): Սակայն, երբ կատակերգության ոչ կատակերգական հերոսների (Լիդիա, Արտաշես) խաղն ընթանում է դրամայի կանոններով եւ դրական հատկանիշներով օժտված այդ կերպարներն սկսում են իրավիճակի հանդեպ կորցնել ժանրային հայացքը, ապա ուրվագծվում են սուտ կամ անհամոզիչ կերպարներ: Բայց հատկապես երկու դերասանների համար այս ներկայացումը հիրավի նվաճում կարելի է համարել: Պետրոս Մինթոեւ-Հովակ Գալոյանը տեսարաններից մեկում այնպիսի զինաթափ, շփոթ ու ակնապիշ հայացքը է նետում «խնամի» Նատաշայի շլացուցիչ հայտնությանը, որ հազար խոսք արժեր: Օրգանական զգացողությամբ հագեցած այդ դադարը դերասանական այն կամերտոնն էր, որով Գալոյանի ոգեւորված ու խաբված «վոդեւիլային հայր» հերոսն իր հանդեպ ոչ թե ծաղր, այլ կարեկցանք էր առաջացնում (կարծում ենքՙ դերասանը պատրաստ է Պաղտասար աղբար խաղալու): Դերասանական մյուս նվաճումը Անի Քոչարյանի Նատաշան էր` շողշողացող, սեթեւեթող, ընձեռված խաղից հաճույք վայելող: Դերասանուհին ոչ թե ջանք էր թափում երիտասարդ թեթեւաբարո կին խաղալու, այլ ցուցադրում էր կանացի գայթակղիչ խառնվածք` խոսքի, պլաստիկայի, վոկալային արվեստի ներդաշնակ եռամիասնությամբ:

Ներկայացումը բազմամարդ էր, մարդկանց խմբերի ներկայությունը պատկերները դարձնում էին «թամաշա», որոնք ուղեկցվում էին երգերով ու պարերով, հիմնական հերոսների հասցեին ուղղված հումորով: Ափսոս, միայն պարերն այս ներկայացման «աքիլլեսյան գարշապարն» էին, պարող աղջիկների խումբը երաժշտական ներկայացման խնդիրները ոչ պրոֆեսիոնալ էր կատարում: Այդ մեծ բացը, ցավոք, չէր քողարկվում ոչ երգչախմբային ամուր կատարումներով եւ ոչ էլ օպերետային թարմ ու փայլփլուն զգեստների առկայությամբ (զգեստների նկարիչ` Մ. Սարգսյան):

Ներկայացման սկզբից իսկ բեմի երկու անկյուններում տեղադրված օթյակներից գործողությունների ընթացքին էին հետեւում բեմադրիչի ներմուծած գործող անձինք` Ծանոթ դեմքերը` ազգագրական հագուստով հայ կինը, որ թատերական օթյակում ձեռագործով էր զբաղված, եւ եվրոպական հագուստով տարեցը, որ խաղաթղթերով էր տարված: Մարդկային երկու տարբեր աշխարհներ հետեւում էին ներկայացմանը եւ տարբեր արձագանք տալիս: Նրանց հակադրությունն արդեն իսկ վկայում էր լռելյայն հասունացող կոնֆլիկտի մասին: Նրանք` որպես ընդդիմախոսներ, հատկապես միջամտում էին, երբ ազգայինի կամ օտարի մասին էր խոսք գնում: Այդ կոնֆլիկտն աստիճանաբար որոշակիանում էր նաեւ ներկայացման հերոսների համար. հերոսներին ուղեկցող զանգվածը շփոթ ու անորոշ վիճակում մեկ ԱՄՆ-ի հիմն էր երգում, մեկ ռուսական` «Боже царя храни»: Այդ ֆոնի վրա Մորգանի հետ խնամիանալու ձգտումը հերոսների հանդեպ ոչ թե ծիծաղ, այլ վշտակցություն էր առաջացնում ու մեկ էլ այսօրվա մեր կյանքի մասին խոհեր: Նման ակնարկը վոդեւիլի ավանդական ժանրը խմբագրում էր եւ տանոմ ոչ ավանդական հանգուցալուծման. ֆինալում Ծանոթ դեմք-հայուհի կինը Կռունկ է երգում: Դառնանում է մի պահ ամեն բան, բեմը կիսամթնում է, դրամատիկական երանգ ստանում ու բացահայտվում է ներկայացման քողարկված քաղաքական գաղափարը` «խնամիդ» քեզ չի փրկի, հույսդ քեզ վրա դիր: Դերասանախումբը վերադառնալով երաժշտական թատրոնի ժանրային ոգուն` սկսում է աշխույժ ու անբռնազբոս, առանց կեղծ պաթոսի երգել հայրենիքում ապրելու կարեւորության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ