ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ 2015-ի ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկվել է ընտրական վերջինՙ 10-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի եւ Ղազախստանի ընտրանիները: Մրցակարգի համաձայն, եզրափակիչ փուլի 7 ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն 10 խմբերի հաղթողներն ու 2-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունք ունեցող 4 ընտրանիները: 7 ուժեղագույնները կմիանան առաջնության կազմակերպիչ չեխերին եւ 2015-ի ամռանը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Արդեն հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը: Մեր ընտրանին ընտրական մրցաշարը կսկսի այս տարվա հունիսի 6-ինՙ Երեւանում հյուրընկալելով Իսլանդիայի հավաքականին: Օգոստոսի 13-ին մեր ֆուտբոլիստները մրցակցի դաշտում կխաղան ղազախների հետ: Մեծ հետաքրքրություն ներկայացնող Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա Երեւանում հոկտեմբերի 10-ին: 4 օր անց մեր հավաքականը կհյուրընկալի ղազախներին, իսկ նոյեմբերի 14-ին մեր ֆուտբոլիստները կհյուրընկալվեն Բելառուսին: Ընտրական մրցաշարի վերջին 2 հանդիպումները տեղի կունենան 2014-ի աշնանը: Սեպտեմբերի 3-ին կկայանա Իսլանդիա-Հայաստան հանդիպումը, իսկ 6 օր անց մեր ֆուտբոլիստների հյուրը կլինի Բելառուսի երիտասարդական հավաքականը: Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական նախորդ մրցաշարում բավականին հաջող հանդես եկավ եւ շատ մոտ էր խմբում 2-րդ տեղը գրավելուն, սակայն ավարտական խաղում Չեռնոգորիայի ընտրանու հետ մրցավեճն ավարտեց ոչ-ոքի: Նշենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի պայմանագրի ժամկետը 2012-ի տարեվերջին լրացել է: Այնպես որ ներկայումս հավաքականը մարզիչ չունի: Ինչ խոսք, հարկ է շուտափույթ լուծել այդ հարցն ու սկսել նախապատրաստությունը: Ընդհանուր առմամբ վիճակահանության արդյունքները նորմալ են մեր հավաքականի համար: Կարելի է պայքարել անցումային խաղերին մասնակցելու իրավունքի համար: |