RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԱՊՐԻԼԻ 24-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Նախաձեռնող խումբը 1915-ի անմեղ զոհերի հիշատակը հարգելու կոչ է անում

Նախավերջին համարում, անդրադառնալով վարչապետ Էրդողանի կառավարությանՙ երկրի ազգային փոքրամասնություններին էթնիկ եւ կրոնական խմբավորումներին ընդառաջ քայլերին, ընդգծել էինք դրանց երկչոտությունը: Սակայն, անկախ երկչոտությունից, շնորհիվ այդ քայլերի, Թուրքիայում, թեկուզ մասնակի, սեփականատերերին են վերադարձնում նախորդ իշխանությունների օրոք ազգային փոքրամասնություններից առգրավված համայնքային կալվածքները, այլեւս չի կիրառվում թուրքական քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածը, մտավորականները հրապարակավ կարողանում են ոչ միայն անկաշկանդ արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին, այլեւ պահանջել, որ թուրքական կառավարությունը ճանաչի պատմական փաստը եւ առերեսվի սեփական պատմության հետ:

Այս ամենն, ինչ խոսք, նպաստում է Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ վերարծարծմանը Թուրքիայում: Դա կարեւոր հանգամանք է երկրում հայկական հարցի վրա դրված տաբուն վերացնելու համար: Այդ առումով ավելի քան կարեւոր են Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումները, որոնք վերջին մի քանի տարիներին պարբերաբար կազմակերպվում են Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում:

Հիշեցնենք, որ ոգեկոչման միջոցառումներից առաջինը 2010-ի ապրիլի 24-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կազմակերպել էր «Ոչ ռասիզմին եւ ազգայնականությանը» նախաձեռնությունը, Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի աջակցությամբ:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ Թուրքիայում կազմակերպվելու են նաեւ այս տարի: Միջոցառումների նախաձեռնող խումբը, որի կազմում են մի շարք գիտնականներ, ինչպես պրոֆ. Ահմեդ Ինսելը, պրոֆ. Ֆերհադ Քենթելը, պատմաբան Հալիլ Բերքթայը, պրոֆ. Թաներ Աքչամը, գրողներ, բանաստեղծներ, իրավաբաններ, քաղաքական-հասարակական եւ արվեստի գործիչներ: Նրանց է միացել Դիարբեքիրի «Սուր» թաղի (միջնաբերդ) քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը: Չի բացառվում, որ առաջիկայում ապրիլի 24-յան միջոցառումներ կազմակերպվեն նաեւ Դիարբեքիրում:

Համենայն դեպս, միջոցառումների նախաձեռնող խումբը «Հիշատակում ենք ցեղասպանության զոհերին» վերնագրով «Ապրիլի 24-ի կոչ» է պատրաստել, որը ապրիլի 19-ին հրապարակել է Marksist.org կայքէջը: Թերեւս կարելի էր չթարգմանել կոչը, եթե դրա բովանդակությունը տարեցտարի բովանդակալից չդառնար եւ չհստակեցվեին ձեւակերպումները:

Ահա թե ինչ է գրված կոչի տեքստում. «Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում հիշատակվելու են 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերը: «Թաքսիմի» միջոցառման կոչի տեքստը. «Վերջին 100 տարում այս հողերը ականատես եղան բազում ողբերգությունների: Միաձույլ ազգ ստեղծելու նկրտումով ժողովուրդների խճանկար Անատոլիան դարձրեցին ամուլ, դժգույն, եւ երկիրը խամրեց: Ոչ մահմեդականների գլխավորությամբ այլ ժողովուրդները զանգվածաբար արտաքսվեցին երկրից, ունեզրկվեցին, ենթարկվեցին բռնի ուծացման, իսկ չենթարկվողների գոյությունը ժխտվեց կամ նրանք ոչնչացվեցին: Սակայն ամենասարսափելի փորձությունը կրել են այս երկրի հնագույն տանտերը հանդիսացող հայերը: 1915-ի ապրիլի 24-ին սկզբնավորված ոչնչացումով հայ ժողովուրդը իսպառ բնաջնջվել է:

Այս ողբերգությունը չմոռանալու ու անտեսումը կանխելու համար կոչ ենք անումՙ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին հարգանքով խոնարհվել մեր հին քաղաքացիների հիշատակի առջեւ, որոնց մենք կորցրել ենք»:

Ամսաթիվ. 24 ապրիլի

Վայրըՙ «Թաքսիմ» հրապարակ:

Զոհերի ոգեկոչման արարողությունը Անկարայում տեղի կունենա «Սաքարյա», իսկ Իզմիրումՙ «Բասմանե» հրապարակում:

Ինչո՞ւ ապրիլի 24-ին:

1915-ի ապրիլի 24-ին Իթթիհատ վե Թերաքքի կուսակցության կառավարության հրամանով ավելի քան 200 հայ մտավորականներ, գրողներ, իրավաբաններ եւ պատգամավորներ ձերբակալվեցին: Այնուհետեւ բոլորը աքսորվել եւ վայրենաբար սպանվել են: Դրան հետեւեց 1,5 միլիոն հայի հայրենի օջախից տեղահանումն ու բնաջնջումը: Ապրիլի 24-ը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկզբնավորման օր, եւ այդ օրը զոհերի ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվում աշխարհով մեկ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ