«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ» Լույս է տեսել Խ. Աբովյանի տուն-թանգարանի «Հայկական հարց» աբովյանագիտական, հասարակական, քաղաքական, հայագիտական հանդեսի 2013թ. առաջին համարը: Հանդեսի խմբագրական կազմը ընթերցողներին է դիմել ուղերձով, ակնկալելով առաջարկություններ ու դիտողություններ, որոնց օգնությամբ առավել անթերի կդառնա հանդեսը: Հանդեսի հոդվածաշարը բացում է Ռ. Մելքոնյանիՙ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի բռնի կրոնափոխության ու նրա հետեւանքների բացահայտող բարձրարժեք ուսումնասիրությամբ: Երիտասարդ, բայց արդեն անվանի արեւելագետ, թուրքագետի մեկնաբանությունները, մատուցված առատ փաստաթղթերը բացահայտում են ժողովրդավարության կեղծ դիմակի տակ թաքնված տերությունների մարդասիրական բարձրագոչ խոստումների սնանկությունը, ապացուցում, որ հենց նրանց թողտվությամբ էր իրականացվում հայության ուծացման քաղաքականությունը, որին զուգահեռ, «հայասեր», «քրիստոնեասեր» Եվրոպան միսիոներական կազմակերպություններ ստեղծելով Արեւմտյան Հայաստանում, խարխլում էր հայ ժողովրդի հոգեւոր միասնությունը, դրանով իսկ վերածվում թուրքական բռնատիրության հայակործան լծակի: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանիՙ Հայկական հարցի բնութագրումները, վերլուծությունները խորքային ու բովանդակալից լինելով հանդերձ այժմեական են, հայությանն ուղղված նորօրյա մարտահրավերների նկատմամբ ճիշտ ռազմավարություն իրականացնելու նախադեպ հուշելու առումով նաեւ: Հովհ. Լեփսիուսը, հայ ժողովրդի մեծ բարեկամը, Արեւմտյան Հայաստանում հայ որբերի նկատմամբ հայանվեր գործունեության ներկայացումը նոր վկայություններ է բերում շրջանառության, որոնք ապացուցում են թուրքական ոճրագործ պետության հայակալ քաղաքականության ողջ էությունը: Գերմաներենին լավագույնս տիրապետող հոդվածագիր Ա. Հայրունին ավելի ընդգրկուն է դարձնում սուլթանական բռնատիրության օսմանիզմի քաղաքականության կործանարար հետեւանքները, որի վերացմանն էր ուղղված գերմանացի հայագետի ու մարդասերի գործունեությունը: Մեծագույն պատմաբան Ն. Ադոնցը, մի կողմ թողնելով ոգեւորության զգացմունքները, յուրովի է մեկնաբանում Սեւրի պայմանագիրը, Եվրոպայի խաբուսիկ քաղաքականությունը, նրա թուրքապաշտպան դիրքորոշումը, նախանշում Հայկական հարցի ճակատագիրը: Աբովյանագիտական նորույթ կարելի է անվանել թանգարանի աշխատակից Ա. Չերչինյանի «նորահայտ էջերը», որը նվիրված է մեծ հայի երաժշտական մշակումներին: Շարունակելով աբովյանագիտական թեման, հանդեսը ներկայացնում է մեծ լուսավորչի ծննդյան թվականի հետ կապված Գ. Աբովի աշխատության ավարտական հատվածը: Համոզիչ վերլուծություններով հագեցած Լ. Եփրեմյանի «Հայկական տաբուն Թուրքիայում» հոդվածը նոր հոգեվերլուծական էջ է բացում այդ չափազանց կարեւոր բնագավառում: Կատարելով համոզիչ ու վկայություններով հարուստ վերլուծություն, հեղինակը գտնում է, որ քոչվորական զավթիչ ցեղի ստեղծած պետականության, նվաճված «հայրենիքի» ճակատագրով անհանգստացած սուլթանն ու երիտթուրքերը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների նկատմամբ իրականացնում էին թուրքացման ու ոչնչացման քաղաքականություն: Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ու նրա արդարացման նախադեպն է Բայբուրթցի Գրիգոր Գուլգուլյանի «գործը»: 19-րդ դարից առ այսօր հարազատ ժողովրդին անծանոթ քաջազնունին առաջին անգամն է ներկայացվում իր սխրանքով: Նա ոճրագործ, իր ընտանիքը կոտորած թուրքի նկատմամբ իրականացնում է հատուցում, դեպք, որը ցնցող էր հայոց պատմությանը անհաղորդ ռուս ժողովրդի մեծագույն հատվածի համար: Սիմֆերոպոլ քաղաքում իրականացված դատավարությունն ու նրա արդարացման վճիռը մեկ անգամ եւս հաստատում են այն պարզ ճշմարտությունը, որ ժամանակները չեն կարող փոխել արդար հատուցման պահանջը, եւ կգա այն օրը, երբ Գուլգուլյանի ու Թեհլիրյանի, նրանց օրինակին հետեւած հայորդիների անձնազոհ պայքարը կստիպի միջազգային գիտակից հանրությանը լսելու Թուրքիայի ու նրա հովանավորների կողմից լռեցրած Հայոց արդար ձայնը: Բոլոր ժամանակներում, բոլոր մշակույթից հեռու նվաճողները անընդմեջ փորձել են յուրացնել հալածված ժողովուրդների մշակույթը: Բայց նրա արարողների մասին հիշատակությունները չեն կարող ջնջել բոլոր արհեստականորեն ձեւավորված քոչվորական պետությունները: Այս հարցերը իրենց համոզիչ արտահայտություններն են գտել Հ. Միրզոյանի «Մեր հարեւանները` ծանոթ եւ անծանոթ» հոդվածում: Գիտնականը, մեկնաբանելով այսպես կոչված ադրբեջանական էպոսի մասին «վկայությունները», պատմական ու տրամաբանական, ժամանակագրական փաստերով հերքում է ադրբեջանցի գիտնականների հնարովի «ապացույցները»: Զուգահեռ քննությամբ Հ. Միրզոյանը հանգում է այն ճշմարտությանը, որ գլուխ կտրելու քաջալերանքով շաղախված այդ էպոսի սերունդները այսօր էլ իրականացնում են նրա դրույթները, իրենց «լուման» բերելով մարդակերության ուսմունքի հարատեւման գործին: Հանդեսի բովանդակությունը լրացնում են Ս. Կոսյանի տարածաշրջանային վերլուծությունները, Ս. Սարգիս եկեղեցու Կարապետ քահանա Կարապետյանի Սուրբ Սարգսի տոնի ծագման, նրա էությունը ներկայացնող, Ա. Հովհաննիսյանի ազգային ակադեմիական երգչախմբի 75-ամյակին նվիրված հոդվածները: Հանդեսը կարելի է ձեռք բերել գրողների միության նորաբաց գրախանութում, Խ. Աբովյանի տուն թանգարանում: Հեռ. 28-46-86, 28-16-87, 28-37-18 |