ՅԱՆՆԻ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՈՒՄ ԵՄ ՄՏՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ԹՂԹԻ ՎՐԱ» ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայաստանում իրեն մայր հողում զգացող հայտնի հույն երաժիշտ Յաննին երկրորդ անգամ Հայաստանում համերգային ծրագրով հանդես կգա: Նույն բեմում նրա հետ ելույթ կունենա նաեւ ջութակահար Սամվել Երվինյանը, որին Յաննին առանձնահատուկ սիրով է վերաբերվում: Ջութակահարի հետ համագործակցությունը Յաննին սկսել է, երբ փնտրում էր աշխարհի ամենալավ ջութակահարին. «Ինձ համար երաժշտի ազգությունը կապ չունի, բայց, ուրախ եմ, որ Սամվելը հայ է»: Ինչպես երեկ լրագորղների հետ հանդիպմանն ասաց Յաննին, իր երաժշտությունը կրում է տարբեր մշակույթների ազդեցություններ, որը գալիս է իր մանկությունից. «Երբ փոքր էի, ընտանիքս աղքատ էր ապրում, եւ հնարավորություն չունեինք ձայնարկիչ գնելու: Ի դեպ, հայկական երաժշտություն էի լսում, քանի որ Հունաստանում շատ էր հնչում»: Յաննին երաժշտությանը նայում է որպես լուծույթ եւ իր համար կանոններ չկան. «Պատրաստ եմ երաժշտությանս մեջ օգտագործել այն բոլոր գործիքները, որոնք կկարողանան արտահայտել մարդու հույզերը: Ես ամեն ինչ անում եմ ներքուստ, որն էլ երաժշտությանս բնական, անկեղծ տեսք է տալիս»: Հատկանշական է, որ Յաննիի երաժշտական հիշողությունը շատ ուժեղ է եւ ինչպես ինքը ընդգծեց, երաժշտությունը գրում է մտքում, ոչ թե թղթի վրա: Ինչպես Յաննիի յուրաքանչյուր համերգ, հայաստանյանը եւս անակնկալներով լի կլինի. «Սիրում եմ հանդիսատեսին անակնկալներ մատուցել եւ համերգին նվագելու եմ այն մարդու հետ, ով աշխարհի ամենալավ ջութակահարն է ինձ համար` Սամվել Երվինյանի: Կխնդրեմ նաեւ նրան, որ Ձեզ համար հատուկ ինչ-որ ստեղծագործություն նվագի»: Յաննին հայաստանյան անցյալ համերգը իր կարիերայի ամենալավ պահն է համարում. «Շատ եմ խոսել այդ մասին, այդ իսկ պատճառով այս անգամ քրոջս հետ եմ եկել, որպեսզի նա տեսնի, թե ինչ ընդունելության եմ արժանանում Հայաստանում»: - Դուք Ձեր երգերից մեկում օգտագործել եք դուդուկի մեղեդին: Արդյոք կա էլ ինչ-որ հայկական գործիք, որը պատրաստում եք օգտագործել Ձեր ստեղծագործություններում «Ազգի» հարցին ի պատասխան Յաննին ասաց. «Շատ եմ սիրում դուդուկը, եթե ինչ-որ այլ գործիք լինի, որն այդքան հույզեր առաջացնի, ապա այո: Ինձ համար հատուկ կանոններ չկան, ամեն ինչ կախված է ներշնչանքից: Երաժշտությամբ ցանկանում եմ ճշմարտությունն ասել, չեմ ցանկանում այն արտադրել, քանի որ երաժշտությունը պետք է ճշմարիտ եւ ազնիվ լինի»: Յաննիի նվագախումբը կազմված է տարբեր ազգերի ներկայացուցիչներից, ինչն էլ երաժշտին շատ դուր է գալիս: Նա նշեց, որ աշխարհում ընտրում է տարբեր ազգերի լավագույն երաժիշտներին, քանի որ հավատում է, որ բազմազանությունն ուժ ունի: Երաժշտի նախասիրություններն են այն ամենը, ինչը կապված է օվկիանոսի ու, ընդհանրապես, ջրի հետ` լողալ, նավարկել, սուզվել, լինել ջրի հետ: |