RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2126, Տպվել է` 107, Ուղարկվել է էլ.փոստով` 74

«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մեկ տարի հետո կլրանա ժամանակակից հայ գեղանկարչության լավագույն վարպետներից մեկիՙ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակը: Հայ մշակույթի տարեգրության մեջ իր արժանավոր տեղը վաղուց նվաճած նկարիչը նույնքան վաստակ ունի կրթական ու մշակութային գործունեությամբ: Միայն 20 տարի Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն է եղել, մասնաճյուղեր բացել Հայաստանի տարբեր շրջաններում, ընդլայնել ցուցադրությունները, բազմաթիվ նոր մտահղացումներ ու ծրագրեր կյանքի կոչել: Կես դար եւ ավելի մանկավարժական գործունեություն է ծավալել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, սերունդներ կրթել, դաստիարակել: Իր նկարչական արվեստը բազմաշերտ-բազմաժանր եւ թեմատիկ լայն ընդգրկումով արտահայտում է ազգային պատմության կարեւոր փուլերն ու մտածողության ամենաբնորոշ կողմերը. դինամիկ ու դրամատիկ լարվածությամբ, հայրենասիրական պաթոսով եւ էպիկականությամբ օժտված. միաժամանակ ժամանակի ռիթմը զգացող եւ արտահայտող նրա կտավները քնարական շունչ ունեն, մարդկային եւ բնության տարերքի հախուռն արտահայտչականություն եւ անմիջականություն:

Էդուարդ Իսաբեկյանը հայ տոհմիկ մարդ էր, խորապես ազգային մտածողությամբ արվեստագետՙ իր վրձնով եւ իր գրչով: Տպավորապաշտ է ե՛ւ նկարչության մեջ, ե՛ւ գրականության: Ծննդավայրի մասին գրած նրա «Իգդիր» վեպը միանգամից շահեց ընթերցողական համակրանքը եւ լայն լսարան ունեցավ: Արտահայտիչ եւ ընդգծված խառնվածքով նկարիչը բնույթով ժողովրդային մարդ էրՙ սեր ու հարգանք վայելող:

2007-ի ամռանը Էդուարդ Իսաբեկյանը հրաժեշտ տվեց կյանքին: Երկու տարի անց նկարչի ծննդյան 95-ամյակն էր, արվեստաբան Վիգեն Ղազարյանը այդ առիթով ««Ազգի» Մշակույթ-Հավելվածում» Վարպետի անցած ճանապարհին, նրա արվեստին նվիրված հոդված գրեց, որտեղ նաեւ ակնարկ կար Էդ. Իսաբեկյանի թանգարանի բացմանն առնչվող: Խոսքը «ՀայԱրտ» կենտրոնի (Մաշտոցի 7ա) հարթակներից մեկի ճակատին փակցված ցուցապաստառն էրՙ ցուցասրահի բացման, որ տարիներ չէր իրականանում...

Չնայած, ինչպես ասում է նկարչի որդինՙ Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Արամ Իսաբեկյանը , թանգարանային պայմանները ապահովված էին, սեփական նախաձեռնությամբ սրահը վերանորոգված, ջեռուցումը եւ անվտանգության համակարգը անցկացված: Սակայն տարիներ են պետք, որ մի լավ գաղափար մեզանում կյանքի կոչվի:

«Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրություն» սրահի բացումը տեղի կունենա օրերս: Նկարչի 27 աշխատանք նվիրատվություն է Արամ Իսաբեկյանի կողմից: Հետագայում նա մտադիր է հանձնել նկարչի ձեռագրերը, օրագրերը, անավարտ «Երեւան» վեպը, անձնական գրքեր, իրեր, այսինքնՙ թանգարանային ցուցադրության մի ամբողջ նյութ: Ցուցասրահը նաեւ մշակութային հանդիպումների վայր է դառնալու, որտեղ կկազմակերպվեն գրական-երաժշտական երեկոներ, կլինեն բանախոսություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ