ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՈՐՈՇ ՊԱՅՔԱՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երբեմն ստեղծվում է տպավորություն, թե մենք ցեղասպանության հարցում միասնական դիրքորոշման, ռազմավարական ազգային ծրագրի, դրա հետեւանքների հաղթահարման անհրաժեշտության մասին խոսում ենք գրեթե այն նույն ժամանակաշրջանից, երբ տեղի ունեցավ ցեղասպանությունը: Մինչդեռ ցեղասպանության եղելությունից արդեն շուրջ հարյուր տարի անց մենք չունենք այս հարցում միասնական հայեցակարգ. ինչպես Հայաստանում շատ հարցերի, այնպես էլ այս մեկի շուրջը միայն խոսում ենք, ոչինչ ավելին: Ճիշտ է, մի քանի տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանին առընթեր, Հայաստանի ու Սփյուռքի պետական, քաղաքական հասարակական ազդեցիկ գործիչների մասնակցությամբ ձեւավորվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով», բայց այս հանձնաժողովի խնդիրն ամենեւին էլ ազգային-միացյալ հայեցակարգի ձեւավորումը չէ, այլ միայն տարելիցին ընդառաջ միջոցառումների կազմակերպումը, այդուհանդերձ անգամ այս հանձնաժողովի առկայության պարագայում, ցեղասպանության 100-րդ տարելիցից երկու տարի առաջ, մենք դիրքորոշումների ու գործընթացների հստակ, միասնական պատկերացում չունենք: Սա այն պարագայում, երբ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բազմիցս իրականացվում են հենց այս հարցով միջազգային գիտաժողովներ... Բոլորը խոսում են հարցին միջազգային քաղաքական, հատկապես իրավական հարցերին նոր ու վերջնական արդյունքին հանգեցնող թափ հաղորդելու անհրաժեշտության մասին, սակայն հայտնի չէ, թե երբ պետք է գա այդ թափը հաղորդելու ժամանակը: Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ Գիտությունների ազգային ակադեմիայում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ տեղի էր ունենում միջազգային գիտաժողովՙ օրակարգում ցեղասպանության, հատկապեսՙ դրա հետեւանքների հաղթահարման շուրջը միասնական դիրքորոշման ու ծրագրի ձեւավորումը, միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանն այն ժամանակ նշեց, որ հարցին միջազգային իրավական ոլորտում ընթացք հաղորդելու համար անհրաժեշտ է հավաքագրել փաստաթղթերի փաթեթ, որ Հայաստանի Հանրապետությունը հարցում տուժող կողմ է, իսկ այսօրվա Թուրքիան էլ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է (այս կապակցությամբ «Ազգը» ընդարձակ զրույց ունեցավ միջազգային իրավունքի մասնագետի հետ, որտեղ վերջինս թվարկեց այն բոլոր փաստաթղթերը, որոնց հավաքագրման կարիքն ունենք): Անցել է մի քանի տարի, եւ նույն Վլադիմիր Վարդանյանը երեկՙ լրագրողների հետ հանդիպմանը, կրկին խոսել է փաստաթղթերի փաթեթի հավաքագրման անհրաժեշտության մասին, այսինքնՙ այդ փաթեթն այս տարիների ընթացքում այդպես էլ չի հավաքագրվել: Այս համատեքստում Արամ Գասպարի Սարգսյանը լրագրողների հետ միեւնույն հանդիպման ընթացքում տարակուսանք է հայտնել, թե ինչով է, ուրեմն, զբաղվում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովը»: «Պետական այդ հանձնաժողովը ստեղծվել է երեք տարի առաջ, ու չգիտեմ, թե ինչով է զբաղվում: Չկա ոչ մի ռեալ քայլ: Վերջիվերջո ի՞նչ ճանապարհով ենք գնալու: Չկա գործողությունների ծրագիր», ասել է Սարգսյանը: Չնայած այս վերջին հանգամանքին, նկատենք, աշխարհում ցեղասպանության ճանաչման գործընթացն ամենեւին էլ կանգ չի առել: Վլադիմիր Վարդանյանը, սակայն, հորդորում է այս ճանաչումների վրա չկենտրոնանալ, քանի որ, օրինակ, խորհրդարանական մակարդակով ճանաչումները միջազգային իրավունքի ոլորտում առ ոչինչ են, քանի որ խորհրդարաննները չեն ուղղորդում երկրների արտաքին քաղաքականությունը: Հետեւաբար Վարդանյանը հատուկ ուշադրություն է հրավիրում դատական գործընթացներին. «Պետք է ուշադիր լինել. ցեղասպանության հարակից հարցերով հարուցված դատական որոշ գործընթացներում մենք շահել ենք: Սակայն սա ցեղասպանության հարցով փոխհատուցում չէ», ասել է իրավաբանը: Ստացվում է, որ ցեղասպանության հարցում հիմնական շեշտը պետք է դնել ոչ թե միջազգային ճանաչումների վրա, այլՙ հարցը իրավական դաշտ տեղափոխելու: Ինչպես վստահեցրել է Վլադիմիր Վարդանյանըՙ «եթե մենք խոսում ենք ցեղասպանության հետեւանքների հաղթահարման անհրաժեշտության մասին, դրանով արդեն հարցը տեղափոխում ենք իրավական դաշտ», ասել է միջազգային իրավունքի մասնագետը: Այսպիսով, ինչպես մի քանի տարի առաջ, այնպես էլ այժմ, Վլադիմիր Վարդանյանը խոսում է հարցը իրավական դաշտ տեղափոխելու անհրաժեշտության եւ այս առումով փաստաթղթերի հսկայական փաթեթ հավաքագրելու կարեւորության մասին: Իրավական գործընթաց սկսելու առումով Վարդանյանն ամենանպատակահարմարը համարում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին դիմելը... Իսկ նախքան սա, արդեն մի քանի տարի շարունակ, անհրաժեշտ են փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ ՀՀ-ն տուժող կողմ է եւ կարող է լինել պահանջատեր... |