«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ Գյումրիում ավարտվեց երաԺիշտ-կատարողների «Վերածնունդ» հերթական, արդեն հինգերորդ միջազգային մրցույթ-փառատոնը, որն այս անգամ նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Քաղաքի մշակութային վերածննդին միտված կարեւոր իրադարձություն լինելուց եւ մեր մշակութային կյանքը հարստացնելուց զատ այս ամենամյա փառատոնը տարեցտարի դառնում է նաեւ Հայաստանի թեկուզ մի համեստ այցեքարտը աշխարհի տարբեր երկրներում: Ապրիլի 11-17-ը, 13 անվանակարգերում տեղի ունեցած մրցույթներին մասնակցել են երեք տասնյակ երկրների հինգից հիսունմեկ տարեկան 2400 կատարողներ: Մրցութային հաձնախմբի կազմում էին աշխարհահռչակ ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, այժմ Ֆրանսիայում բնակվող Ժան Տեր-Մերկերյանը, աշխարհում ճանաչված ջութակահար, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հմայակ Դուրգարյանը (Իսպանիա) տիկնոջ` նույնպես մրցութային հանձնախմբի անդամ, Օլենդոյի կոնսերվատորիայի դասախոս Ելենա Դուրգարյանի հետ, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար Լեւոն Օգանեսովը, բազմաթիվ այլ անվանի արվեստագետներ տարբեր երկրներից: Փառատոնի օրերը հագեցած են եղել, նաեւ, արվեստի անվանի վարպետների համերգներով, վարպետության դասերով Գյումրիում եւ Երեւանում, փառատոնի շրջանակներում անցկացվել է «Մշակույթների երկխոսություն» գիտաժողով, հյուրերը նաեւ ծանոթացել են Գյումրու, Մարմաշենի, Հառիճի, Էջմիածնի, Հայաստանի այլ պատմամշակութային հուշարձաններին: Մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակումը եւ հաղթողների շքահամերգը տեղի ունեցավ ապրիլի 18-ի երեկոյան, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Ամեն տարի «Վերածնունդը» բացահայտում է պատանի եւ երիտասարդ երաժիշտների նոր անուններ: Այս տարի փառատոնի մեծ մրցանակակիրներ եւ ոսկե մեդալակիրներ դարձան բազմաթիվ երիտասարդ երաժիշտներ աշխարհի 17 երկրներից, իսկ այլ մրցանակների արժանացածների ու պարգեւատրվածների ընդհանուր թիվը շատ ավելի մեծ է: Փակման ժամանակ ելույթ ունեցողներն իրենց գոհունակությունն արտահայտեցին նման փառատոնի անցկացման համար, արժանին մատուցելով կազմակերպիչներին` Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամին, ՀՀ մշակույթի նախարարությանը եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին, գլխավոր հովանավորներ «Վիվասել ՄՏՍ-ին» (մշտական գլխավոր հովանավոր), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, «Հակռուսգազարդին», մյուս հովանավորներին ու աջակցողներին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ խոստացավ եկող տարի, հասցնելու դեպքում, փառատոնն անցկացնել «նոր, հզոր» դահլիճում : «Վերածնունդ» փառատոնը, ինչպես նախորդ տարիներին, անցկացվում էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ստանալով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունը: «Անցած քսան տարիների ընթացքում»,- ասաց Ալմաթիի Չայկովսկու անվան երաժշտական քոլեջի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, կոմպոզիտոր Այա Կալիեւան (Ղազախստան), աշխարհն էականորեն փոխվել է: Փոխվել են մեր երկրները, փոխվել ենք մենք բոլորս, եւ մեր խնդիրների շրջանակն էլ արմատապես փոխվել է: Այսօր աշխարհում տնտեսական, ֆինանսական ճգնաժամից շատ ավելի վտանգավորը հոգեւոր ճգնաժամն է: Նման հզոր փառատոնի շնորհիվ կարելի է վստահ լինել, որ մեր երիտասարդ սերնդի ապագան լավ, ամուր ձեռքերում է... Ինչքան տաղանդավոր է երիտասարդությունը Հայաստանում եւ... ազգային: Դա շատ կարեւոր է»: |