RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1301, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իրավաբանանների համահայկական երկրորդ համագումարում ՀՀ գլխավոր դատախազի ունեցած աննախադեպ եւ ուշագրավ ելույթին արդեն անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում հունիսի վերջերին կազմակերպված համագումարի շրջանակներում դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջատեր է Թուրքիայից, որ հայ-թուրքական սահմանը մինչեւ այսօր իրավական հաստատում չունի, եւ որ Թուրքիան պետք է նաեւ տարածքային փոխհատուցում անի Հայաստանին, որը, փաստորեն, ըստ դատախազ Հովսեփյանի հիմնավորման, Ցեղասպանության տուժող կողմ է:

Անկարայի պատասխանը ուշացումով, այդուհանդերձ եղավ: Մասնավորաբար, դատախազ Հովսեփյանի հայտարարությունից միայն 8 օր հետո Թուրքիայի ԱԳՆ-ն որոշեց պատասխանել, պատասխանի անգլերեն տարբերակը թուրքական ԱԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց մեկ օր էլ ուշ: Բացի սրանիցՙ Անկարայի պատասխանը հնչեց Թուրքիայի ԱԳ նախարարության կազմակերպած` լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, եւ հնչեց ոչ թե որպես բանախոսի ելույթի առանձին պարբերություն, այլ «ի պատասխան լրագրողի հարցի»: Ընդ որում, պատասխանողը ոչ թե Թուրքիայի ԱԳ նախարարն էր, ոչ էլ անգամ փոխնախարարը, այլ նախարարության մամուլի խոսնակը, ընդամենը: Այդպիսովՙ Թուրքիան անարձագանք չի թողնում Երեւանից հնչած աննախադեպ հայտարարությունը, բայց եւ արձագանքում է իմիջիայլոց, առանց հատուկ կարեւորություն տալու: Աղվան Հովսեփյանի հայտարարությանը Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքել էր մասնավորաբար ասելով. «Որեւէ պետություն չի կարող համարձակություն ունենալ պահանջելու Թուրքիայից տարածքներ»:

Բայց Թուրքիայից հնչած արձագանքի եղանակն ամենեւին էլ կարեւոր չէ, ուշագրավն այն է, որ Անկարան Երեւանից հնչած մեսիջը հասկացել է, ինչպես որ պետք է հասկանար: ԱԳՆ մամուլի թուրք խոսնակը ինքն է շեշտել, որ «Հայաստանի նախագահի ողջույնի ուղերձով մեկնարկած իրավաբանների համահայկական համագումարում...» է ելույթ ունեցել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հետեւաբար Թուրքիան հասկացել է, որ այն, ինչ ասել է ՀՀ գլխավոր դատախազը, ոչ միայն նրա մասնավոր կամ մասնագիտական դիրքորոշումն է, այլեւ Հայաստանի պետական քաղաքականությունը:

Թուրքիան հասկացել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրենից տարածք է պահանջում եւ ոչ միայն տարածք: Իսկ թե ո՞վ ու ինչպե՞ս է Թուրքիայից խոսում այս մեսիջի ընկալումից, դա ամենեւին էլ կարեւոր չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ