ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Երեկ Ունիվերսիադայում իրենց մրցավեճը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Քաշային 4 կարգերում մրցագորգ դուրս եկած մեր ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ Մաքսիմ Մանուկյանը: Նախնական փուլերում պարտության մատնելով գերմանացի Բաստիան Կուրզին (4-0), հունգարացի Լասլո Անտունովիչին (3-1), ղազախ Նուրսուլթան Թուրսինովին (3-1) եւ ուկրաինացի Ժան Բելենյուկին (5-0), Մաքսիմը մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը ռուսաստանցի Ալան Խուգաեւն էր: Վերջինիս հաջողվեց կանգնեցնել հայ ըմբիշի հաղթարշավը, որը դարձավ Ունիվերսիադայի փոխչեմպիոն: Մինչեւ 55 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանն առաջին գոտեմարտում 0-4 հաշվով պարտվեց ամերիկացի Մաքս Նորվիկին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Անհաջողության մատնվեց նաեւ Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), որը զիջեց կորեացի Ջիհուն Կիմին (1-3): Գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը հաղթելով ճապոնացի Շորի Մաեկավային (4-1), 2-րդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Անդրուսիկին (1-3) ու դուրս մնաց մեդալների համար պայքարից: |